Ուշագնացություն:  Շատ հաճախ հղի կանայք ունենում են գլխապտույտներ` երկար ժամանակ ոտքի վրա կանգնելուց կամ տեղից կտրուկ բարձրանալիս: Դրա պատճառն արյան սնուցման անբավարարությունն է կամ արյան մեջ թթվածնի քիչ քանակությունը: Արյան մեջ թթվածնի չափից ավելի պակասը կարող է գիտակցության կորուստ առաջացնել: Աշխատեք մահճակալից կամ աթոռից դանդաղ բարձրանալ: Եթե կանգնած եք և հանկարծակի գլխապտույտ եք ունենում, նստեք և գլուխը իջեցրեք դեպի ծնկները:

Թութք (Հեմորոյ):  Բժիշկները դա անվանում են հեմորալ հանգույցի կամ ուղիղ աղիքի արյունատար անոթների հանգույցների բորբոքում: Թութքը շատ ցավոտ է և հաճախ առաջացնում է քոր և արյունահոսություն: Թութքի պատճառը հաճախ փորկապությունն է: Աղիքների նորմալ գործունեության դեպքում թուլանում է ճնշումը հեմորալ հանգույցների վրա: Աղիքների գերծունեությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում խմել երիցուկի եփուկ: Դեղատնից կարելի է թութքի դեմ հատուկ դեղամիջոցներ գնել: Սովորաբար թութքը ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց անհետանում է:

Հեշտոցային արտադրություն:  Հղիության ժամանակ հեշտոցային արտադրությունը կարող է ավելի առատ լինել, բայց եթե դա բաց գույն ունի, անհանգստանալու պատճառ չկա: Սակայն եթե կա քորի, տհաճ հոտի զգացողություն, ապա այդ ամենը վկայում է վարակի, օրինակ` կաթնասնկախտի հայտնվելու մասին:

Հղիության զոլեր (գծեր):  Հղիության զոլերը կամ մաշկի ձգվածության հետքերը, հաճախ են ի հայտ գալիս հղիության տարբեր փուլերում: Դրանք սովորաբար հայտնվում են հղիության սկզբում, լինում են որովայնի, կրծքերի ու ազդրերի, հետույքի վրա: Ծննդաբերությունից հետո այդ զոլերը սովորաբար գունաթափվում են և վերածվում մաշկի գույնին, բայց և այնպես լրիվ չեն անհետանում:

Առայժմ հղիության զոլերը կանխարգելելու կամ բուժելու հնարավորություններ չկան: Կանայք տարբեր միջոցներ են փորձում, սակայն այդ ամենը առանձնապես օգուտ  չեն տալիս:


Եթե հղիության զոլերը բուժելու համար կինն օգտագործում է ստերոիդային քսուկներ, ինչպիսիք են` հիդրոկորտիզոնը կամ ֆտորոկորտը, ուրեմն այդ դեղամիջոցների զգալի մասը կներծծվի ձեր օրգանիզմ, որից հետո էլ կանցնի պտղին, ուստի հղիության ժամանակ առանց ծայրահեղ անհրաժեշտության չի կարելի  օգտագործել այդ դեղամիջոցները:

Տկարություն:  Շատ հղի կանայք կարող են վատ ինքնազգացողություն ունենալ, քանի որ օրգանիզմը կարծես թե նախապատրաստվում է ապագա ծննդաբերությանը: Սովորաբար տկարությունը արագ անհետանում է և վտանգավոր չէ ոչ մոր, ոչ էլ պտղի համար: Բայց դրանցից ավելի հեշտ կարելի է ազատվել պատճառները իմանալուց հետո:

Գոտկատեղի ցավեր:  Հիմնականում առաջանում են հղիության տարբեր շրջաններում, բայց ավելի հաճախ` ուշ շրջանում, երբ Դուք քայլում եք մի քիչ հետ թեքված: Այդ վիճակը առաջացնում է մեջքի ներքին հատվածի մկանների և ջլերի լարվածություն: Այս ցավերի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի ծանրություն բարձացնել, ծնկները փաթաթեք էլաստիկ վիրակապով, բարձրակրունկ կոշիկ մի հագեք և այնպես նստեք, որ մեջքը հենելու տեղ լինի:

Արյունահոսություն լնդերից:  Հղիության ժամանակ հորմոնային փոփոխությունների պատճառով լնդերը դառնում են փխրուն, որից լնդերը արյունահոսում են: Դրանից խուսափելու համար հարկավոր է բերանի խոռոչի հատուկ խնամք, պետք է խուսափել քաղցրավենիք ուտելուց և շատ քաղցր ըմպելիքներ խմելուց: Հղիության ընթացքում ամենաքիչը երկու անգամ այցելեք ատամնաբույժին:

Կծկումներ:  Հիմնականում գիշերները, ոտքերն անսպասելիորեն ձգվում են ու ցավում: Փորձեք ոտքի թաթի մատները ձգել դեպի ներբանը և ձգված մկանը տրորեք: Այդ ցավերի հնարավոր է կանխարգելել թեթև, բայց պարբերաբար կատարվող մարմնամարզությամբ:

Babycare.am