Երբ դուք կամ ձեր սիրելին հիվանդանում է հարբուխով, ուտելիքը դառնում է վերջին բանը, որի մասին կարելի է մտածել։ Անշուշտ, ախորժակի պակասի պատճառով սկսում ենք քիչ սնվել։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել ճիշտ սննդի փոքր չափաբաժիններ, որոնք իրենց էներգիայի ու սննդային հավելումների շնորհիվ կօգնեն օրգանիզմին շուտ վերականգնվել։ Ահա մթերքների այն ցանկը, որ խորհուրդ է տրվում օգտագործել, երբ հիվանդացել եք սեզոնային հարբուխով։

Արգանակ: Արգանակը լավագույն «դեղամիջոցն» է հարբուխի ժամանակ, և ամենևին էական չէ` հավի, տավարի, թե բանջարեղենային։ Արգանակով սնվել կարելի է սկսած հարբուխի առաջին իսկ նշանները նկատելիս, մինչև ամբողջովին վերականգնվելը։ Այն օգնում է կանխարգելել օրգանիզմի ջրազրկումը և հանգստացնում կոկորդի ցավը։ 
Հավով ապուր։ Մեկ բաժին հավով ապուրը կապահովի օրգանիզմին անհրաժեշտ երկաթի և պրոտեինի չափաբաժինը, իսկ ապուրում առկա գազարը, նեխուրը սննդային կարևոր հավելումներ են հարբուխով հիվանդի համար։ Հավով ապուր կարելի է ուտել հարբուխի ամբողջ ընթացքում. այն կապահովի օրգանիզմին սնհրաժեշտ ջրի քանակություն և հագեցած կպահի: 

Սխտոր: Սխտորը, որ շատերի կարծիքով առաջին հերթին ուտելիքին սուր համ և հոտ հաղորդելու լավագույն բաղադրիչն է, ի սկզբանե օգտագործվել է այլընտրանքային բժշկության մեջ` որպես ամենատարբեր հիվանդություններ բուժող դեղամիջոց։ Սխտորը կնպաստի դիմադրողականության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն հարբուխի առաջին նշանները նկատելիս։

Յոգուրտ: Յոգուրտը ոչ միայն օգնում է մեղմացնել կոկորդի ցավը, այլ նաև ամրացնում է իմունային համակարգը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին։ Յոգուրտ ընտրելիս պետք է ուշադիր լինել. ընտրեք միայն բնական յոգուրտ` առանց շաքարային հավելումների։ 

C վիտամին պարունակող մրգեր: Վիտամին C-ն կարևորագույն սննդային հավելում է, որն ամրապնդում է իմունային համակարգը: Օրգանիզմը վիտամինն ավելի հեշտությամբ կլանում է այն մթերքներից, որոնք պարունակում են Վիտամին C, քան դեղահաբերից։ Հենց սա հաշվի առնելով էլ խորհուրդ է տրվում շատ օգտագործել վիտամին C պարունակող մթերքներ` ելակ, ցիտրուսային մրգեր, լոլիկ։

 Կանաչեղեն: Սպանախը, հազարի տերևները և այս դասին պատկանող կանաչեղենը նույնպես մեծապես նպաստում է դիմադրողականության բարձրացմանը։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ C և E վիտամիններ։ Կարող եք պատրաստել տարբեր խյուսեր (smoozy)` համադրելով մրգերի հետ, կամ օգտագործել աղցանի մեջ` համեմելով կիտրոնով եւ ձիթապտղի յուղով։

Բրոկոլի: Մեկ բաժին բրոկոլիի մեջ պարունակող C և E վիտամինները, ինչպես նաև՝ կալցիումը բավական են իմունային համակարգն  ուժեղացնելու համար։ Այն կարելի է օգտագործել ապուրի կամ աղցանի մեջ:

Վարսակ: Հիվանդ ժամանակ մեկ բաժին վարսակի տաք շիլան ամենասննդարար և հանգստացնող ուտեստն է։ Իր մեջ պարունակվող մեծաքանակ E վիտամինի շնորհիվ այն նույնպես համարվում է դիմադրողականությունը բարձրացնող լավագույն մթերքներից մեկը։ Այն պարունակում է նաև պոլիֆենոլ հակաօքսիդանտներ։ Խորհուրդ է տրվում ընտրել ամբողջական վարսակի փաթիլները։

Համեմունքներ: Համեմունքները, ինչպիսիք են պղպեղն ու կոճապղպեղը, խորհուրդ չի տրվում օգտագործել հիվանդության սկզբում, երբ կոկորդում դեռևս նկատելի ցավ կա։ Դրանք կարելի է օգտագործել վերջում շնչառությունը բարելավելու համար:



Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Webmd
Աղբյուրը՝ Doctors.am