Ինչպես հայտնի է, ավշային հանգույցները, որոնք գտնվում են ավշային անոթների ճանապարհին, պատնեշային ֆունկցիա են կատարում: Նրանք պահում են ավշի հոսքով հանգույցներ հասած վնասակար նյութերը և ախտածին մանրէները: Այդ մանրէները, ընկնելով ավշային հանգույց, կա՛մ ոչնչանում են, կա՛մ առաջացնում են ավշային հանգույցի բորբոքում (լիմֆադենիտ), երբեմն նաև` թարախակալում:

Պատճառներ
Հիմնականում սուր լիմֆադենիտն առաջանում է վերջույթների ծայրամասերի, դեմքի, գլխի, պարանոցի փոքր վերքերի, քերծվածքների և այլ վնասվածքների միջոցով մանրէներ թափանցելիս, կամ որպես ֆուրունկուլի, թարախակույտի, ֆլեգմոնի բարդություն: Լիմֆադենիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև թարախածին մանրէները (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր), ինչպես նաև առանձնահատուկ հարուցիչները` հատկապես տուբերկուլոզի, որի դեպքում լիմֆադենիտը հաճախ լինում է քրոնիկական:

Պաթոգենեզ
Ավշային հանգույցների սուր բորբոքման ժամանակ ավշային հանգույցները մեծանում են, ուռչում, շոշափելիս ցավոտ են, բայց հիվանդի ընդհանուր վիճակը միշտ չէ, որ փոխվում է: Վիճակը բարդանալիս ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-40º C, երբեմն առաջանում են դող և գլխացավ: Մեծացած ավշային հանգույցների վրայի մաշկը կարմրում է, 3-4 օրից կարմրած մասի կենտրոնը փակվում է, որը թարախի կուտակման նշան է: Եթե հանգույցում առաջացած թարախակույտը ժամանակին չի բացվում, ապա նրա պատյանը քայքայվում է, և թարախը, անցնելով շրջակա հյուսվածքներ, առաջացնում է ծանր բարդություն` ֆլեգմոն:

Բուժում
Քանի որ լիմֆադենիտը օրգանիզմի որևէ թարախային օջախից վարակի տարածման և վտանգավոր բարդության ախտանշան է, ուստի անմիջապես պետք է դիմել բժշկի: Քրոնիկական լիմֆադենիտով յուրաքանչյուր հիվանդ պետք է հետազոտվի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին