Շատերը սիրում են ամառը սեզոնային բանջարեղենի ու մրգերի առատության համար, սակայն աշունն ու ձմեռն այս տեսանկյունից պակաս «հարուստ» չեն: Ցիտրուսային մրգերն,  օրինակ, հասանելի են ոչ միայն ամռանը, այլեւ այս սեզոնին: Դրանց օգտակար բաղադրիչներն անհրաժեշտ են տարին 12 ամիս, բայց հատկապես ցուրտ եղանակին իմունիտետն ամրապնդելու կարիք է զգացվում՝ կապված սեզոնային հիվանդությունների ակտիվացման հետ:

Ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող C վիտամինն օգնում է պայքարել ավիտամինոզի եւ շնչառական հիվանդությունների դեմ, ամրապնդում է իմունիտետը: Ցիտրուսայինները  պարունակում են նաեւ А, В1, В2, D, Р, РР վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, բետա կարոտին, օրգանական թթուներ եւ այլ օգտակար նյութեր: Ցիտրուսային մրգերը նաեւ նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի բարձրացմանը:

Նարինջը ցիտրուսայիններից ամենաօգտակարն է եւ ընդգրկված է աշխարհի ամենահամեղ մրգերի եռյակում: Նարինջը նվազեցնում է Այցհեյմերի հիվանդության հավանականությունը: Դրա հաճախակի օգտագործումը սննդակարգում օգնում է ամրապնդել ոսկրերը, պաշտպանում է նաեւ սիրտ-անոթային հիվանդություններից, իսկ նարնջի մեջ պարունակվող В9 վիտամինը լավացնում է հիշողությունը եւ ուշադրությունը:

Թուրինջն օգնում է ամրապնդել արյունատար անոթները, նաեւ նվազեցնում արյան մեջ շաքարի պարունակությունը: Մաքրում  է օրգանիզմը տոքսիններից, շլակներից, օգնում է այրել կալորիաները, այդ իսկ պատճառով թուրինջն ընդգրկված է նիհարեցնող մի շարք սննդակարգերում:

Կիտրոնն անտիսեպտիկ եւ հակասնկային հատկություններով է օժտված: Կարգավորում է հորմոնալ ֆոնն ու երիկամների աշխատանքը: Կիտրոնի հյութն օգտակար է նաեւ ճնշման կտրուկ բարձրացման եւ սակավայրունության, աթերոսկլերոզի դեպքում:  

Մանդարինը կանխարգելում է անոթներում թրոմբերի առաջացումը, վերացնում է այտուցները: Այն պարունակում է վիտամին D, որը շատ անհրաժեշտ է ցուրտ եղանակին, հատկապես՝ երեխաների համար:

Լայմը պաշտպանում է ատամները կարիեսից, ամրացնում է էմալը: Օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել երկաթը: Դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Լայմի հյութը կարելի է  կիրառել որպես անտիսեպտիկ եւ հակավիրուսային միջոց:

Աղբյուրը՝ https://www.webmd.com/