Էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է ԵՊԲՀ ուսանողներին

«Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցառումների շրջանակում ԵՊԲՀ-ի ուսանողներին ներկայացվեց «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը: Այսուհետև համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից:
 
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:
 
«Էլեկտրոնային բժշկական գրադարան» վերբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:
 
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել: Ծրագրի համակարգող Զավեն Քոլոյանը ներկայացնելով էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները՝ նշեց, որ որպես ԵՊԲՀ շրջանավարտ ուրախ է, որ հարազատ բուհի զարգացման վեկտորն ուղղված է դեպի թվայնացում:
 
Նշենք, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով:
 
  
 
18 ապրիլի, 2017 
Doctors.am
ԵՊԲՀ