Ելենա Մալայանը ներկայացրեց կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման արդի տեխնոլոգիաների արդյունավետությունը

Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները բարձր արդյունավետությամբ հասանելի են Հայաստանում:  Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Մալայանն այս թեմայով դեկտեմբերի 20-ին անցկացրեց կլոր սեղան, որի ընթացքում առաջնային օղակի մասնագետները ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ելենա Մալայանի խոսքով՝ բուժման տարբերակներն ընտրվում են երկարատև հետազոտություններից ու հիվանդի հետ համաձայնության գալուց հետո: Ներդրված տխնոլոգիաների արդյունավետությունը շատ բարձր է: Լայնորեն կիրառվում են տեսողության լազերային շտկման` ՖՌԿ, LASIK, FEMTO-LASIK ռեֆրակցիոն վիրաբուժության եղանակները: «Այն հիվանդությունները, որոնք տարիներ առաջ հնարավոր չէր շտկել, այսօր տեխնոլոգիաների շնորհիվ արդյունքները տեսանելի են: Եթե ՖՌԿ-ն ու LASIK-ը կիրառվում են ոչ բոլոր դեպքերում, ապա FEMTO-LASIK-ը կարելի է՝ ցանկացած խնդրի դեպքում, քանի որ վերջինս հնարավորություն է տալիս շտկել բարդացած դեպքերը»,- ընդգծեց նա:

Ակնաբույժ Աստղիկ Սարգսյանը նշեց, որ այս հանդիպման գլխավոր նպատակն առաջատար վիրաբույժի՝ Ելենա Մալայանի և առաջինային օղակի ակնաբույժների միջև համագործակցության ամրապնդումն է: «Շատ կարևոր է, որ պոլիկլինիկաների ու շրջանների ակնաբույժները, ովքեր ունեն ռեֆրակցիայի շեղումներով հիվանդների մեծ հոսք, լիարժք իրազեկված լինեն ժամանակակից մեթոդների, բարդությունների վերաբերյալ: Նրանք պետք է կարողանան ճիշտ ուղղորդել հիվանդներին՝ բացատրելով ռեֆրակցիոն անոմալիաների բուժման եղանակները՝ տալով ընտրության հնարավորություն: Սխալ է որոշում կայացնել հիվանդի փոխարեն»,- նշեց ակնաբույժը:
 
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ակնաբույժ Նառա Գաբոյանը կարևորեց առաջնային և երկրորդային օղակի կապի ապահովումը: Այսպիսի քննարկումները թույլ են տալիս ստանալ տեղեկտավություն Հայաստանում առկա տեխնոլոգիաների ու հնարավորությունների մասին: «Վիրաբույժի հետ անհատական շուփումն ավելի արդյունավետ է, քան, երբ այն տեղի է ունենում հիվանդի միջոցով: Աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվում, որոնց պատասխանը կարելի է ստանալ նման հանդիպումների ժամանակ»,- նշեց բժշկուհին:
 
 
 
Ելենա Մալայանի խոսքով՝ ակնոց կամ լինզա կրելն անհարմարություն է առաջացնում հատկապես երիտասարդների մոտ, քանի որ նրանք այսօր ապրում են բավականին ակտիվ կյանքով՝ համակարգչից օգտվելու, ավտոմեքենա վարելու, սպորտով զբաղվելու տեսանկյունից:
Ակնաբույժը հանդիպման ընթացքում ներկայացրեց ու պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման՝ ՖՌԿ, LASIK, FEMTO-LASIK տեխնոլոգիաների մասին:
«Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» թեմայով կլոր սեղանն անց է կացվում երրորդ անգամ: 
 
   

Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
22 դեկտեմբերի, 2017