Doctors.am թիմը սիրով շնորհավորում է բոլոր բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առիթով

Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day): Այլ կերպ ասած, այդ օրը պետք է շնորհավորել և շնորհակալություն հայտնել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին:

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայտինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:  

Հատկապես պատերազմական տարիներին է ձևավորվել այն համոզմունքը, որ բուժքույրն այն անձն է, ով ռազմի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնում է վիրահատական սեղանի մոտ:

Չնայած տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է՝ միայն 1974թ. հունվարին է  պաշտոնապես որոշվել այդ օրը նշել մայիսի 12-ին: 

Բուժքույրերի միջազգային խորհուրդն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է, որի կայացմանն ու գործունեությանն ակտիվորեն աջակցել են Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բուժքույրերը: Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Հայաստանում միջազգային այս տոնը նշվում է 2004 թվականից:
 

Doctors.am թիմը շնորհավորում է ձեզ՝ մասնագիտական տոնի առիթով, սիրելի՛ բուժքույրեր:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա առիթով:

- Թանկագին բուժքույրեր,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
 

Օրը լավ առիթ է երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը։ Դուք նեցուկ եք լինում հիվանդին, ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով նպաստում նրա ապաքինմանը։ Միաժամանակ, ոչ մի բժիշկ չի կարող իր աշխատանքը պատկերացնել առանց բուժքրոջ մասնակցության։ Դուք ձեր ներկայությամբ ձևավորում եք գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ:
 
Բժշկական ծառայությունների որակի ապահովման պահանջին համահունչ այսօր ավելի է մեծանում բուժքրոջ առաքելությունը։ Վստահ եմ, որ, բարձրացնելով մասնագիտական ձեր ունակությունները, կշարունակեք զորակից լինել թե՛ հիվանդին, թե՛ համակարգին։
 
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ։
 
Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար