Մարտի 1-ը իմունիտետի համաշխարհային օրն է

Մարտի 1-ը աշխարհում նշվում է որպես իմունիտետի համաշխարհային օր: Օրը պատահական չի ընտրվել. չէ՞ որ իմունիտետի հետ կապված խնդիրները սրվում են հենց գարնան սկզբին:
 
Այս օրվա նպատակն է աշխարհի բնակչությանը տեղեկացնել իմունային համակարգի նշանակության, գործունեության և այն բարելավելու միջոցների մասին: 
 
Առողջ ապրելակերպի հետ կապված ցանկացած գործոն դրական է ազդում մեր իմունային համակարգի վրա՝  այն դարձնելով է՛լ ավելի դիմացկուն: Մեր առողջության հիմքն են հանդիսանում այնպիսի սովորական գործունները, ինչպիսիք են առողջ քունը և սննդի հավասարակշռված ընդունումը:
 
Հաճախակի մրսածությունը, քրոնիկ հոգնածությունը, խախտված քունը, հոդային և մկանային ցավերը, ջերմության բարձրացումը, գլխացավը, մաշկային ցանը հաճախ իմունային համակարգում առաջացած խնդիրների հետևանքներ են:
 
Իմունային համակարգը քայքայող գործոնները շատ են.
 
  • երկարատև սթրես,
  • քաղց և ոչ ստաբիլ սնունդ,
  • վիտամինների և միկրոէլեմենտների պակաս,
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածություն,
  • վնասվածքներ, այրվածքներ, վիրահատություններ,
  • շրջակա միջավայրի աղտոտվածություն,
  • առանց բժշկի ցուցման դեղերի կիրառում...
 
Մեր օրգանիզմը, ինչպես նաև իմունիտետը առողջ են պահում ճիշտ սնունդը, ստաբիլ քունը, շարժուն կենսակերպը, ծխախոտի և ալկոհոլի բացառումը, հիգիենան և հոգեբանական հանգստությունը:
 
Իմունիտետի համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է շեշտելու առողջ ապրելակերպի կարևորությունը, քանի որ առողջ իմունիտետը թույլ է տալիս խուսափել մի շարք հիվանդություններից, ապրել առողջ և լիարժեք կյանքով:

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am 
01 մարտի, 2016