Մանկական տրավմատիզմի կանխարգելումը դպրոցական արձակուրդների ժամանակ

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, տրավմատիզմը և բռնությունը երեխաների մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի այդ պատճառով մահանում է մոտ 950.000 երեխա և դեռահաս: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամը մեկ մահանում է 100 և ավել երեխա: Չկանխամտածված վնասվածքները կազմում են այդ դեպքերի գրեթե 90%-ը:

Մանկական տրավմատիզմը և դրա կանխարգելումը շատ կարևոր և լուրջ խնդիր է, հատկապես, դպրոցական արձակուրդների ժամանակ, երբ երեխաներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն և ավելի հաճախ են մնում մեծահասակների հսկողությունից դուրս:

Չնայած երեխաների վնասվածքների բազմազանությանը, դրանք առաջացնող պատճառները կարելի է խմբավորել:

Առաջին հերթին, դա արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններն են, մեծահասակների անուշադրությունը, երեխայի անզգույշ վարվելագիծը կենցաղում, փողոցում խաղերի ժամանակ, սպորտով զբաղվելու ժամանակ: Բացի այդ, վնասվածքների առաջացմանը նպաստում են նաև երեխաների հոգեբանական առանձնահատկությունները՝ հետաքրքրասիրությունը, բարձր շարժողական ակտիվությունը, հուզականությունը, փորձի պակասը և դրանից բխող՝ վախի բացակայությունը: Մեծահասակները պետք է կանխեն հնարավոր ռիսկերը և պաշտպանեն երեխաներին դրանցից:

Վնասվածքների կանխարգելման ուղղությամբ ծնողների կողմից իրականացվող միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել երկու ուղղությամբ՝ 1.վնասվածք առաջացնող իրավիճակների վերացում; 2. վնասվածքներից խուսափելու հմտությունների ուսուցում:


Արական սեռի երեխաների շրջանում վնասվածքները 2 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան աղջիկների մոտ: Կենցաղային վնասվածքները գերակշռում են, կազմելով 60-80%, հատկապես, մինչև 7 տարեկան երեխաների շրջանում: Ընդ որում, վնասվածքների 78%-ն առաջանում է բակում և միայն 22 %-ը՝ փակ շինություններում:

 

Doctors.am
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն