Սրտային առիթմիաներն ու հանկարծամահության պատճառները. Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի հարցազրույցը Doctors.am-ին

Սրտային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել՝ ժամանակին հետազոտվելու, բուժվելու և դրանից հետո հետևողական լինելու դեպքում: Doctors.am-ը «Սրտաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում ներկայացնում է հարցազրույց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի հետ՝ հանկարծամահության ու ռիթմի խանգարումների մասին:

-Բժշկուհի Հովակիմյան, ավելի հաճախ ինչի՞ հետևանքով է առաջանում սրտի ռիթմի խանգարումները:

-Այս խնդրի առաջացման պատճառները կարող են բազմաբնույթ լինել՝ կախված հիմնական հիվանդությունից: Երբ կառուցվածքով նորմալ սրտի պայմաններում ռիթմի խանգարում ենք ախտորոշում, դա համարվում է առաջնային առիթմիա, իսկ երկրորդային առիթմիան՝ հետևանք է սրտի կրած կառուցվածքային փոփոխությունների: Դրանք են՝ սրտի իշեմիկ հիվանդությունից առաջացած ինֆարկտը, հիպերտոնիկ հիվանդության արդյունքում սրտի պատերի հիպերտրոֆիան, այդ թվում կառուցվածքային  խնդիրներ ժամանակ՝ փականային հիվանդություններն ու բնածին արատները: Այս ամենից կախված՝ գոյություն ունեն սրտի ռիթմի խանգարումների տարբեր տեսականեր, որոնք էլ ունեն տարբեր ախտորոշումներ՝ բարորոակ խնդիրներից, մինչև սրտային հանկարծամահության ու հիվանդացության լուրջ ռիսկ:

-Ձեր հիվանդների շրջանում առիթմիաների ո՞ր տեսակներն ենք հանդիպում:

- Մեծահասակների մինչև 30 տոկոսի մոտ՝ անկախ սեռից, կարող է ախտորոշվել շողացող առիթմիա: Սա կարող ենք համարել սրտի ռիթմի ամենատարածված խանգարումը, որը տարիքին զուգընթաց աճում է: Շողացող առիթմիան կարող է սրտային լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն հիվանդության ճիշտ վարման դեպքում՝ մահացությունն այնքան էլ մեծ չէ: Ավելի հաճախ հիվանդները կարիք են ունենում հոսպիտալացման, դեղորայքային բուժման, իսկ հետևողական չլինելու դեպքում՝ արձանագրվում է ինսուլտ կամ այլ տեսակի բարդություն:

-Ովքե՞ր են գտնվում սրտի ռիթմի խանգարումների ռիսկի խմբում:

-Առիթմիաներ հանդիպում է տղամարդկանց, կանանց, երեխաների, այդ թվում՝ նորածինների մոտ: Ռիթմի խանգարումների տեսակները տարիքային խմբերում տարբեր են: Եթե տարեցների մոտ հանդիպում ենք շողացող առիթմիան, ապա փոքրերի մոտ ավելի հաճախ՝ բնածին լրացուցիչ անցուղիներով պայմանավորված ռիթմի խանգարումներ, ինչպես օրինակ՝ պարոքսիզմալ՝ վերփորոքային տախիկարդիա: Տարեկան, մոտավորապես, 10-15 երեխա կարիք է ունենում վիրաբուժական միջամության՝ սրտի ռիթմի խանգարումների պատճառով:

-Սրտային հիվանդությունները կարո՞ղ են հանկարծամահության պատճառ հանդիսանալ:

-Սրտային հանկարծամահությունը՝ սրտի կաթված, նույնպես լուրջ խնդիր է, որի պատճառները տարբեր են: Ամենից հաճախ հանդիպում է իշեմիկ հիվանդության արդյունքում առաջացած հանկարծամահությունը: Դրանք են՝ փորոքային տախիկարդիաներն, որոնք բնորոշ են իշեմիկ կարդիոմիոպաթիայով հիվանդներին, այսինքն նրանց, ովքեր ունեն ընկած կծկողականություն: Տվյալ խնդիրներով հիվանդները պետք է պարբերաբար կատարեն սրտաբան-առիթմոլոգի կոնսուլտացիա, հետազոտություններ՝ սրտային ռիսկը գնահատելու համար: Հանկարծամահության մեկ այլ խումբ ընկնում է բնածին կանալոպատիաներին, որոնք կախված են էլեկտրոլիտային անցուղիների բնածին շեղումներով: Սրտի կանգի և հանկարծակի սրտային մահվան կառուցվածքային պատճառներից են հաղորդչական համակարգի հիվանդությունները՝ երկարացած QT համախտանիշը, Բրուգադի համախտանիշը: Այս խմբում կառուցվածքային առողջ սիրտ ունեցող հիվանդներն են, որոնց մոտ հանկարծամահությունը կարող է առաջին դրսևորումը լինել:

-Սրտային հանկարծամահության վտանգը գնահատելու համար, ի՞նչ պետք է անել:

-Շատ կարևոր է սկրինինգ հետազոտությունների դերը հիվանդների համար, քանի որ այս խնդիրը սովորաբար կարող է ժառանգական բնույթ ունենալ: Բոլոր այն հիվանդներին, ում հարազատների մոտ արձանագրվել է սրտային հանկարծամահություն՝ խորհուրդ կտամ անցնել էլեկտրոսրտագրություն՝ սրտային ռիսկը գնահատելու համար:

-Բժշկուհի՛, կնշե՞ք սրտային հիվանդությունների անենաէական ռիսկի գործոնները:

-Երեխայի սրտի բնածին արատների դեպքում ռիսկի գործոն է հղիության շրջանում մոր կրած հիվանդություները, ընդունած դեղորայքային միջոցները, ժառանգականությունը և այլն: Մեծահասակների պարագայում՝ բարձր զարկերակային ճնշումը, ճարպակալումը, ծխելու սովորությունը, ժառանգականությունը, շաքարային դիաբետը և այլն:

-Հնարավո՞ր է կանխարգելել սրտային հիվանդությունների ռիսկը:

-Նախորդ տարիների համեմատ, երբ հիվանդները դիմում էին արդեն ծանր բարդություններով, այժմ պրոֆիլակտիկ հետազոտություններ կատարում են ավելի հաճախ ու ժամանակին: Չնայած իրազեկվածությունը նպաստում է այս հարցում, այն նաև երկակի բնույթ է կրում: Հիվանդները հաճախ համացանցում դիմում են ոչ այնքան վստահելի աղբյուրների, որոնց խորհուրդներից ելնելով՝ կատարում են  անտեղի բուժումներ, ինչը կարող է վտանգավոր լինել ու սպառնալ առողջությանը:

-Եղանակային պայմաններն ինչպե՞ս են ազդում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:

-Սրտային հիվանդությունների սրացումներ լինում են աշնան վերջին, երբ ջերմաստիճանը նվազում է հիվանդների դիմելիությունը բարձրանում է: Սա կապված է զարկերակային ճնշման բարձրացումների հետ: Երկրորդ սրացումը տեսնում ենք գարնան սկզբին, երբ բնական ռեսուրսները սպառված են, ու մարդիկ չեն հասցրել կարգավորել իրենց սնունդը:
Սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ կտամ հետևողական լինել իրենց խնդրի հետ կապված՝ պարտադիր կերպով ստանալ խորհրդատվություն բժշկից՝ բուժման արդյունավետ մոտեցում ընտրելու համար:  Մեկ կամ երկու բժշկական միջամտությունից հետո չմոռանալ պարբերաբար դիմել բժկի ու հետազոտվել:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
14 Նոյեմբերի, 2017