Փայծաղ

ՓայծաղՓայծաղը (splen, lien) կարևոր արյունաստեղծ և պաշտպանական օրգան է, որը մասնակցում է ավշային հանգույցներից արյան հոսքի մեջ անցած վնասված էրիթրոցիտների և թրոմբոցիտների էլիմինացիային: Փայծաղը ակտիվ դեր ունի հումորալ ու բջջային իմունիտետի առաջացման և կարմիր ոսկրածուծում էրիթրոպոեզը ճնշող նյութերի արտադրման գործում: Այդ օրգանի ծավալն ու զանգվածը խիստ տատանվում են՝ պայմանավորված պահեստավորված արյան քանակով և արյունաստեղծման պրոցեսների ակտիվությամբ:

Կառուցվածքը: Մարդու փայծաղը ծածկված է շարակցահյուսվածքային պատիճով և որովայնամզով: Պատիճի հաստությունը փայծաղի տարբեր հատվածներում միանման չէ: Պատիճը առավել հաստ է փայծաղի դրունքի մոտ, որի միջով անցնում են արյունատար ու ավշային անոթներ: Պատիճը կազմված է խիտ թելակազմ շարակցական հյուսվածքից, որը պարունակում է ֆիբրոբլաստներ և բազմաթիվ կոլագենային ու էլաստինային թելեր: Թելերի արանքում գտնվում են քիչ քանակությամբ հարթ մկանային բջիջներ: Պատիճից ներս են գնում խտրոցները՝ փայծաղի տրաբեկուլները, որոնք օրգանի խորանիստ մասերում բերանակցվում են: Պատիճը և տրաբեկուլները հենակցող ապարատն են և մարդու փայծաղում գրավում են օրգանի ընդհանուր ծավալի 5–7%–ը: Փայծաղի խտրոցներում համեմատաբար քիչ են հարթ մկանային բջիջները: Առաձգական թելերը տրաբեկուլներում ավելի շատ են, քան պատիճում: Փայծաղում տարբերում են սպիտակ ու կարմիր կակղաններ (pulpa alba et rubra lienis): Փայծաղի կակղանի հիմքում կա ռետիկուլյար հյուսվածք, որը կազմում է նրա հենքը: Փայծաղի կառուցվածքը և սպիտակ ու կարմիր կակղանների փոխհարաբերությունը կարող են փոխվել՝ պայմանավորված օրգանի ֆունկցիոնալ վիճակով: 

Փայծաղի սպիտակ կակղանը (pulpa alba) լիմֆոիդ հյուսվածքների ամբողջություն է, որը տեղադրված է զարկերակների արտաթաղանթում՝ գնդաձև կամ հանգույցիկների ու ավշային շուրջզարկերակային բունոցների ձևով: Ամբողջությամբ դրանք կազմում են օրգանի մոտ 1)5 մասը: 

Փայծաղի ավշային հանգույցիկները՝ (lymphonoduli splenici) 0,3–0,5 մմ տրամագծով, T և B–լիմֆոցիտների պլազմոցիտների և մակրոֆագերի կուտակումների ռետիկուլյար հյուսվածքի (դենդրիտային բջիջների) օղակներում շրջապատված են տափակեցված ռետիկուլյար բջիջների պատիճով: Ավշային հանգույցիկով անցնում է սովորաբար ապակենտրոն հանգույցիկի զարկերակը (a. lymphonoduli), որից ճառագայթաձև բաժանվում են մազանոթներ: Ավշային հանգույցիկներում տարբերում են 4 գոտի՝ շուրջզարկերակային, բազմացման, թիկնոցային, եզրային կամ մարգինալ, որոնք իրարից խիստ սահմանազատված չեն: 

Շուրջզարկերակային գոտին զարկերակի հանգույցիկի փոքր հատվածն է և կազմված է գլխավորապես T–լիմֆոցիտներից, որոնք ավշային հանգույցիկի զարկերակից դուրս եկող հեմոմազանոթներից և ինտերդիգիտացնող բջիջներից ընկնում են այստեղ: Այդ բջիջների սուբմիկրոսկոպիկ ելուստները երկայնքով ձգված են իրենց շրջապատող լիմֆոցիտների միջև և շփվում են նրանց հետ: Ենթադրում են, որ այդ բջիջները ադսորբում են հակածինները, որոնք գալիս են արյան հետ և T–լիմֆոցիտներին «հաղորդում են տեղեկություն» միկրոշրջապատի վիճակի մասին՝ խթանելով նրանց բլաստտրանսֆորմացիան և պրոլիֆերացիան: 2–3 օրվա ընթացքում ակտիվացած T–լիմֆոցիտները մնում են այդ գոտում և բազմանում: Հետագայում նրանք հեմոմազանոթներով գաղթում են շուրջզարկերակային գոտուց եզրային ծոցեր: Այդ նույն ճանապարհով փայծաղ են ընկնում նաև B–լիմֆոցիտները «իրենց» գոտիներով: T և B լիմֆոցիտների բնակեցման պատճառը լրիվ պարզ չէ. ֆունկցիոնալ տեսանկյունից շուրջզարկերակային գոտին ավշային հանգույցի պարակորտիկալ թիմուսոկախյալ գոտու համանմանն է: 

Բազմացման կամ հանգույցիկի գերմինատիվ կենտրոնը կազմված է ռետիկուլյար բջիջներից և պրոլիֆերացվող B–լիմֆոբլաստներից, տարբերակվող հակամարմիններ առաջացնող բջիջներից: Այստեղ հաճախ կարելի է նկատել նաև մակրոֆագոցիտների ֆագոցիտոզի ենթարկված լիմֆոցիտներով կամ նրանց ֆրագմենտներով կուտակումներ՝ քրոմոֆիլային մարմնիկների ձևով և դենդրիտային բջիջներ: Այդ դեպքում հանգույցիկի կենտրոնական մասը երևում է լուսավոր («ռեակտիվ կենտրոն»): 

Հաջորդ՝ թիկնոցային գոտու սահմանին նկատվում են տարբերակվող պլազմոցիտներ: ֆունկցիոնալ տեսակետից այդ շրջանը նման է ավշային հանգույցների հանգույցիկների կենտրոններին: Թիկնոցային գոտին շրջապատում է շուրջզարկերակային գոտին և բազմացման կենտրոնը: Կազմված է գլխավորապես իրար մոտ գտնվող փոքր B–լիմֆոցիտներից և քիչ քանակությամբ T–լիմֆոցիտներից, ինչպես նաև պարունակում է պլազմոցիտներ և մակրոֆագեր: Միմյանց մոտ գտնվելով՝ բջիջները կարծես կազմում են պսակ, որը շերտավորված է շրջանաձև ուղղված հաստ ռետիկուլյար թելերով: 

Փայծաղի հանգույցիկների եզրային կամ մարգինալ գոտին սպիտակ ու կարմիր կակղանների մեջ՝ մոտ 100 մկմ լայնությամբ անցումային շրջան է: Նա կազմված է հիմնականում T և B–լիմֆոցիտներից և մենավոր մակրոֆագերից՝ շրջափակված եզրային կամ մարգինալ ճեղքեր ունեցող մակրոֆագերով: Շուրջզարկերակային ավշային բունոցները (vagina periarterialis lymphatica) պուլպար զարկերակի երկայնքով ձգված B–լիմֆոցիտների, պլազմատիկ բջիջների, իսկ բունոցի ծայրամասում՝ փոքր T–լիմֆոցիտների կուտակումներ են: 

Փայծաղի կարմիր կակղանը (pulpa lienis rubra) կազմված է ռետիկուլյար հյուսվածքից, նրան կարմիր գույն տվող արյան բջջային տարրերից և գլխավորապես սինուսոիդալ տիպի բազմաթիվ արյունատար Փայծաղանոթներից: 

Կարմիր կակղանի մասը, որը տեղադրված է ծոցերի միջև, կոչվում է փայծաղային կամ կակղանային ձգաններ (chordae splenicae): Այստեղ ավշային հանգույցների, փափկալարերի անալոգիայով հայտնաբերվում են պլազմոցիտոգենեզի օջախներ: Կարմիր կակղանում մնում են մոնոցիտները, որոնք տարբերակվում են մակրոֆագերի: 

Փայծաղը էրիթրոցիտների գերեզմանն է, այն առումով, որ կարողանում է իջեցնել վնասված էրիթրոցիտների օսմոտիկ դիմադրողականությունը, որը պատճառ է դառնում էրիթրոցիտների քայքայման: Կարմիր կակղանի մակրոֆագերը կլանում են այդպիսի էրիթրոցիտները: Մակրոֆագերի կողմից կլանված էրիթրոցիտների հեմոգլոբինի քայքայումից առաջանում և արյան հոսքի մեջ արտազատվում են բիլիռուբին և երկաթ պարունակող տրանսֆերին: 

Բիլիռուբինը անցնում է լյարդի, այնտեղից էլ՝ լեղու բաղադրության մեջ: Արյան հոսքից տրանսֆերինը կլանվում է ոսկրածուծի մակրոֆագերի կողմից, որոնք մատակարարում են երկաթ պարունակող նոր էրիթրոցիտները: Փայծաղում կուտակվում է արյուն և տրոմբոցիտներ: Ծեր թրոմբոցիտները այստեղ ենթարկվում են քայքայման:

Կարմիր կակղանի ծոցերը, որոնք տեղադրված են փայծաղային ձգանների միջև, փայծաղի բարդ անոթային համակարգի մի մասն են և անհրաժեշտ է այն քննարկել առանձին: 

Անոթավորումը: Փայծաղի դրունք է մտնում փայծաղի զարկերակը, որը ճյուղավորվում է խտրոցային զարկերակների: Զարկերակների արտաքին թաղանթը փուխր միացած է խտրոցի հյուսվածքի հետ: Մկանային խրձերի շնորհիվ միջին թաղանթը պարզ երևում է խտրոցային զարկերակի ցանկացած կտրվածքում և մտնում է նրա պատի բաղադրության մեջ պարույրով: Խտրոցային զարկերակից անջատվում են պուլպար զարկերակները: Այդ զարկերակների արտաքին թաղանթում կան պարուրաձև տեղավորված բազմաթիվ առաձգական թելեր, որոնցով է պայմանավորված անոթների երկայնաձիգ ձգվելը և կծկվելը: Խտրոցներից ոչ հեռու՝ պուլպար զարկերակների ադվենտիցիայի մեջ, առաջանում են շուրջզարկերակային ավշային բունոցներ և ավշային հանգույցիկներ (տե°ս վերևը): 

Զարկերակը, որը անցնում է հանգույցով (a. lymphonoduli), ձևավորում է մի քանի հեմոմազանոթներ (տե°ս վերևը), և դուրս գալով հանգույցից՝ ճյուղավորվում է վրձնի նման մի քանի զարկերակիկների (arteriolae penicillaris): Այդ զարկերակիկի դորսալ ծայրը շարունակվում է որպես էլիպսաձև պարկուճային զարկերակիկ (arteriola elipsoideae), որն ունի ռետիկուլյար բջիջներից և թելերից կազմված «պարկուճ»: Դա զարկերակի վրա յուրահատուկ սեղման է: Մարդու մոտ այդ պարկուճները շատ թույլ են զարգացած: Պարկուճային կամ էլիպսաձև զարկերակիկների էնդոթելում հայտնաբերվում են կծկվող ֆիլամենտներ, որոնց հաջորդում են կարճ զարկերակային արյունատար մազանոթներ: Կարմիր պուլպայի մազանոթների մեծ մասը բացվում է երակային ծոցի մեջ (արյան փակ շրջանառություն): Սակայն մի քանիսը կարող են անմիջականորեն բացվել ռետիկուլյար հյուսվածքի մեջ (արյան բաց շրջանառություն): Արյան փակ շրջանառությունը արագ շրջանառության և հյուսվածքների օքսիգենացիայի ուղին է: Արյան բաց շրջանառությունը ավելի դանդաղ է և պայմանավորում է արյան ձևավոր տարրերի շփումը մակրոֆագերի հետ: Ծոցերը փայծաղի երակային համակարգի սկիզբն են: Դրանց տրամագիծը տատանվում է 12–40 մկմ՝ կախված արյունալեցումից: Լայնացման դեպքում ծոցերի ամբողջությունը կազմում է փայծաղի մեծ մասը: Ծոցի էնդոթելոցիտները տեղադրված են ընդհատ բազալ թաղանթի վրա: Ծոցի պատերի մակերեսին օղի ձևով տեղադրված են ռետիկուլյար թելեր: Ծոցերը չունեն պերիցիտներ: Ծոցերի պատերում՝ երակների անցնելու տեղում, կան մկանային սեղմանների նման գոյացություններ: Բաց զարկերակային ու երակային սեղմանների դեպքում արյունը ծոցերով ազատ անցնում է երակի մեջ: Երակային սեղմանի կծկման դեպքում արյունը կուտակվում է ծոցում: Արյան պլազման անցնում է ծոցի պատով, որը նպաստում է նրանցում բջջային տարրերի խտացմանը: Երակային ու զարկերակային սեղմանների փակման դեպքում արյունը պահեստավորվում է փայծաղում: Ծոցերի էնդոթելային բջիջների միջև ձգման հետևանքով առաջանում են ճեղքեր, որոնցով արյունը անցնում է ռետիկուլյար հենք: Երակային ու զարկերակային սեղմանների թուլացումը, խտրոցի պատիճի հարթ մկանային բջջի կծկումը նպաստում է արյան դատարկմանը և դուրս մղմանը դեպի երակային հուն: Երակային արյան հոսքը փայծաղի պուլպայից կատարվում է երակների համակարգի միջոցով: Խտրոցային երակները զրկված են սեփական մկանային շերտից, նրանց միջին թաղանթը շատ թույլ է արտահայտված: Երակի արտաքին թաղանթը ձուլված է խտրոցի շարակցական հյուսվածքին: Զարկերակային և երակային անոթների միջև հանդիպում են բերանակցումներ: 

Նյարդավորումը: Փայծաղում կան զգացող նյարդային թելեր (ողնուղեղային հանգույցների նեյրոնների դենդրիտներ) և պոստգանգլիոնար սիմպաթիկ նյարդային թելեր՝ արևային հյուսակի հանգույցներից: Միելինային և միելինազուրկ (ադրեներգիկ) նյարդային թելեր կան պատիճում, խտրոցներում, խտրոցային անոթների ու սպիտակ պուլպայի զարկերակների հյուսակների շուրջը, ինչպես նաև՝ փայծաղի ծոցերում: Նյարդային վերջավորությունները՝ ազատ ծայրային ճյուղերի տեսքով, տեղադրված են շարակցական հյուսվածքում՝ խտրոցների և անոթների հարթ մկանային բջիջների վրա, փայծաղի ռետիկուլյար հենքում: 

Տարիքային փոփոխություններ: Ծերունական տարիքում փայծաղում կարմիր և սպիտակ կակղանները հետ են աճում, և խտրոցային ապարատը ավելի պարզ է ուրվագծվում: Փայծաղում ավշային հանգույցիկների քանակը և նրանց կենտրոնների չափսերը հետզհետե փոքրանում են: Սպիտակ և կարմիր պուլպաների ռետիկուլյար թելերը կոշտանում են և դառնում ավելի ոլորուն: Տարեցների մոտ հանդիպում են թելերի հանգուցային հաստացումներ: Մակրոֆագերի և լիմֆոցիտների քանակը կակղանում պակասում է, իսկ հատիկավոր լեյկոցիտների և հյուսվածքային բազոֆիլների թիվը աճում է: Երեխաների և ծերունական հասակի անձանց փայծաղում կան հսկա բազոֆիլ բջիջներ՝ մեգակարիոցիտներ: Երկաթ պարունակող պիգմենտի քանակը, որը արտահայտում է կակղանում էրիթրոցիտների քայքայումը, տարիքի հետ ավելանում է, բայց այն տեղադրվում է հիմնականում բջջից դուրս:  

Վերականգնումը: Լիմֆոիդ և հենքային բջիջները ֆիզիոլոգիապես նորոգվում են ինքնուրույն ցողունային դիֆերոնների սահմաններում: Կենդանիների փորձնական հետազոտումները ցույց են տվել, որ փայծաղի վերականգնումը հնարավոր է նրա ծավալի 80–90% հեռացումից հետո (ռեպարատիվ ռեգեներացիա): Սակայն օրգանի ձևը և չափսերը լրիվ չեն վերականգնվում: 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին