ՆշիկԲերանի խոռոչի և ըմպանի սահմանի լորձաթաղանթում գտնվում են լիմֆոիդ հյուսվածքի մեծ կուտակումներ: Նրանց ամբողջությունը կազմում է ըմպանային լիմֆոէպիթելային օղը, որը շրջապատում է շնչառական և մարսողական ուղիների մուտքը: Այս օղի ամենախոշոր կուտակումները կրում են նշիկ անվանումը:


Ըստ տեղադրման՝ տարբերում են քմային, ըմպանային և լեզվային նշիկներ: Բացի թվարկված նշիկներից, մարսողական խողովակի առջևի բաժնի լորձաթաղանթում կան լիմֆոիդ հյուսվածքի մի շարք կուտակումներ, որոնցից ամենախոշորն են լսողական փողերի շրջանի կուտակումները՝ փողային նշիկներ, և կոկորդի փորոքի կուտակումները՝ կոկորդային նշիկներ:Օրգանիզմում նշիկները կատարում են կարևոր պաշտպանական ֆունկցիա՝ վնասազերծում են մանրէներին, որոնք արտաքին միջավայրից օրգանիզմ են ընկնում քթային և բերանային բացվածքների միջոցով:Լիմֆոիդ հյուսվածք պարունակող այլ օրգանների հետ նշիկները ապահովում են լիմֆոցիտների առաջացումը, որոնք մասնակցում են հումորալ և բջջային իմունիտետի ռեակցիաներին:


Զարգացումը: Քմային նշիկները սաղմնադրվում են էմբրիոգենեզի 9–րդ շաբաթվա ընթացքում՝ ըմպանի կողմնային պատի կեղծ բազմաշերտ թարթիչավոր էպիթելի խորացումների տեսքով, որի տակ գտնվում են հոծ դասավորված մեզենքիմային բջիջներ և բազմաթիվ արյունատար անոթներ: 11–12–րդ շաբաթվա ընթացքում ձևավորվում է նշիկային ծոցը, որի էպիթելը վերակառուցվում է բազմաշերտ տափակի, իսկ մեզենքիմայից տարբերակվում է ռետիկուլյար հյուսվածքը, հայտնվում են անոթներ, այդ թվում՝ հետմազանոթային երակիկներ՝ բարձր էնդոթելոցիտներով:Տեղի է ունենում օրգանի բնակեցումը լիմֆոցիտներով: 14–րդ շաբաթում լիմֆոցիտների մեջ տարբերակում են գլխավորապես T–լիմֆոցիտներ (21%) և քիչ քանակի B–լիմֆոցիտներ (1%): 17–18–րդ շաբաթում հայտնվում են առաջին ավշային հանգույցիկները: Մինչև 19–րդ շաբաթը T–լիմֆոցիտների պարունակությունը աճում է մինչև 60%, իսկ B– լիմֆոցիտներինը՝ մինչև 3%: Էպիթելի աճն ուղեկցվում է էպիթելային շրջաններում եղջերացող բջիջներից խցանի ձևավորման հետ: Ըմպանային նշիկը զարգանում է ներարգանդային շրջանի 4–րդ ամսում՝ էպիթելից և նրա տակ գտնվող ըմպանի հետին պատի մեզենքիմայից: Սաղմի մոտ այն ծածկված է բազմաշարք թարթիչավոր էպիթելով: Լեզվային նշիկը սաղմնադրվում է 5–րդ ամսում: Նշիկները առավելագույն չափերի են հասնում մանկական հասակում: Նշիկների հետաճման սկիզբը համընկնում է սեռական հասունացման շրջանի հետ:

Կառուցվածքը: Հասուն օրգանիզմում քմային նշիկները երկու ձվաձև մարմին են՝ տեղադրված առջևի և հետին քմային աղեղների միջև՝ ըմպանի երկու կողմերում: Յուրաքանչյուր նշիկ կազմված է լորձաթաղանթի մի քանի ծալքերից, որի սեփական թիթեղում տեղադրված են բազմաթիվ ավշային հանգույցիկներ (noduli lymphathici): Նշիկի մակերեսից դեպի խորք են գնում 10–20 կրիպտաներ (criptae tonsillares), որոնք ճյուղավորվում են՝ առաջացնելով երկրորդային կրիպտաներ:Լորձաթաղանթը պատված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով: Շատ տեղերում՝ հատկապես կրիպտաներում, էպիթելը հաճախ լինում է ինֆիլտրացված (բնակեցված) լիմֆոցիտներով և հատիկավոր լեյկոցիտներով: Էպիթելի հաստության մեջ թափանցած լեյկոցիտները սովորաբար մեծ կամ փոքր քանակությամբ դուրս են գալիս նրա մակերես և շարժվում սննդի և օդի հետ բերանի խոռոչ ընկած մանրէներին ընդառաջ: Նշիկում լեյկոցիտները ակտիվ ֆագոցիտոզի են ենթարկում մանրէներին, որի ժամանակ լեյկոցիտների մի մասը մահանում է: Լեյկոցիտների կողմից արտադրված ֆերմենտների և մանրէների ազդեցությամբ նշիկների էպիթելը կարող է քայքայվել: Սակայն որոշ ժամանակ անց էպիթելային շերտի բջիջների բազմացման հաշվին այս տեղամասերը վերականգնվում են:Լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ: Այս թիթեղի փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի մեջ կան բազմաթիվ լիմֆոիդ հանգույցներ: Որոշ հանգույցիկների կենտրոններում լավ են արտահայտված լուսավոր շրջանները՝ գերմինատիվ կենտրոնները: Նշիկների լիմֆոիդ հանգույցիկները հաճախ իրարից բաժանված են շարակցական հյոսվածքի բարակ միջնաշերտերով: Սակայն որոշ հանգույցիկներ կարող են միաձուլվել: Լորձաթաղանթի մկանային թիթեղը արտահայտված չէ:

Ենթալորձային շերտը տեղադրված է ավշային հանգույցիկների կուտակումների տակ: Այն նշիկի շուրջն առաջացնում է պատիճ, որից դեպի նշիկի խորք են գնում շարակցահյուսվածքային խտրոցներ: Այս շերտում գտնվում են նշիկի հիմնական արյունատար ավշային անոթները և նշիկի նյարդավորումն իրականացնող լեզվաըմպանային նյարդի ճյուղերը: Այստեղ են գտնվ

ում նաև ոչ մեծ թքագեղձերի արտազատիչ բաժինները: Այս գեղձերի ծորանները բացվում են նշիկի շուրջը գտնվող լորձաթաղանթի մակերեսի վրա: Արտաքինից ենթալորձային հիմը ծածկված է ըմպանի միջաձիգ զոլավոր մկաններով՝ մկանային թաղանթի անալոգով:
Ըմպանային նշիկը տեղադրված է ըմպանի հետին պատի շրջանում՝ լսողական փողերի բացվածքների միջև: Նրա կառուցվածքը նման է մյուս նշիկների կառուցվածքին: Մեծահասակների օրգանիզմում այն ծածկված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով: Սակայն երբեմն մեծերի ըմպանային նշիկների կրիպտաներում ևս հանդիպում են սաղմնային զարգացման շրջանին բնորոշ թարթիչավոր էպիթելի տեղամասեր: Որոշ հիվանդագին երևույթների դեպքում ըմպանային նշիկը կարող է բավականին մեծանալ (ադենոիդներ):


Լեզվային նշիկը գտնվում է լեզվի արմատի լորձաթաղանթում: Նշիկի մակերեսը ծածկող և կրիպտաները պատող էպիթելը բազմաշերտ, տափակ, չեղջերացող է: Էպիթելը և ենթադիր լորձաթաղանթի սեփական թիթեղը ինֆիլտրացված են լեյկոցիտներով, որոնք այստեղ թափանցում են ավշային հանգույցիկներից: Մի շարք կրիպտաների հատակին բացվում են լեզվի թքագեղձերի արտատար ծորանները: Նրանց արտազատուկը նպաստում է կրիպտաների լվացմանը և մաքրմանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին