Կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ) իրենից ներկայացնում է ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են.

  • սուր կոնյուկտիվիտ,
  • քրոնիկական կոնյուկտիվիտ:


Պատճառներ
Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների` ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ` հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների: Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյուկտիվիտը վարակիչ է: Կոնյուկտիվիտի առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը, քթի և կոկորդի հիվանդությունները, ալկոհոլային խմիչքի չարաշահումը, ակնոցով չշտկված աչքի օպտիկական թերությունները (հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը) և այլն: Վարակիչ սուր կոնյուկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով` անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ և այլն: Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին` ձեռքերի միջոցով:

Պաթոգենեզ
Սուր կոնյուկտիվիտը սովորաբար ունենում է վարակային ծագում: Այն սկսվում է հանկարծակի և համարյա միշտ 2 աչքում միաժամանակ: Նկատվում են արցունքահոսություն, լուսավախություն, աչքերում` այրոցի, ծակոցի զգացում: Կոպերն ուռչում են, շաղկապենին այտուցվում է և խիստ կարմրում: Սկսվում է առատ թարախային արտադրություն, որը գիշերը հոսում է թարթիչների վրա, չորանում, և կոպերը կպչում են իրար: Հիվանդությունը հազվադեպ կարող է ուղեկցվել նաև հարբուխով և ընդհանուր խանգարումներով` գլխացավ, անքնություն, ջերմաստիճանի բարձրացում: Երբեմն ախտանշանները թույլ են արտահայտվում: Քրոնիկական կոնյուկտիվիտը սկսվում է աստիճանաբար, ուղեկցվում է կոպերում տհաճ զգացումով, այրոցով, ծակոցով: Հիվանդին թվում է, թե կոպերի տակ ավազահատիկ է ընկել: Երեկոյան նշված երևույթներն ավելի են ուժեղանում և խանգարում լույսի տակ աշխատելուն: Քրոնիկական կոնյուկտիվիտի դեպքում շաղկապենին քիչ է փոփոխվում, արտադրությունը քիչ է: Հիվանդության ընթացքը երկարատև է համառ, ապաքինումը հաճախ փոխարինվում է սրացմամբ:

Բուժում
Սուր կոնյուկտիվիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը: Աչքը կարելի է մաքրել եռացրած ու սառեցրած ջրով կամ թեյով թրջած բամբակով` աչքի արտաքին անկյունից դեպի քիթը: Սուր վարակիչ կոնյուկտիվիտի ժամանակ արդյունավետ են հակաբիոտիկները, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ: Նույնիսկ տեսանելի ախտանշանների վերանալուց հետո էլ բուժումը չի կարելի ընդհատել առանց բժիշկի թույլտվության, քանի որ հիվանդությունը կարող է վերածվել քրոնիկականի: Քրոնիկական կոնյուկտիվիտի բուժումը պետք է սկսել առաջացման պատճառների վերացմամբ: Աչքի տեսողական թերությունը շտկվում է ակնոցով: Տեսողական աշխարանքի ժամանակ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ աչքերն անհրաժեշտ է 5-10 րոպե հանգստացնել: Լավ արդյունք են տալիս բժշկի նշանակած տարբեր ցավազրկող դեղանյութերը` կաթիլների ձևով:

Կանխարգելում
Քանի որ վարակիչ սուր կոնյուկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով` անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ, ինչպես նաև հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից առողջին` ձեռքերի միջոցով, ուստի խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Կանխարգելման համար կարևոր է օդի մաքրությունը և աշխատանքի ժամանակ բնականոն լուսավորությունը: Տեսողության խանգարման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի` ակնոց նշանակելու համար:

 


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին