Ոսկրածուծ

ՈսկրածուծԿենտրոնական արյունաստեղծ օրգան է, որն ունի ցողունային արյունաստեղծ բջիջների ինքնապահպանվող պոպուլյացիա և որտեղ առաջանում են ինչպես միելոիդ, այնպես էլ լիմֆոիդ բջիջներ: Մեծահասակ մարդու օրգանիզմը ունի կարմիր և դեղին ոսկրածուծ

Կարմիր ոսկրածուծը (medula osseum rubra) արյունաստեղծ օրգանն է: Կարմիր ոսկրածուծ կա խողովակավոր ոսկրի էպիֆիզները և տափակ ոսկրերի սպունգանման նյութում: Այն հասուն օրգանիզմում կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի միջին հաշվով 4–5 %–ը: Կարմիր ոսկրածուծը մուգ կարմիր գույնի կիսահեղուկ է: Ոսկրածուծից ապակու վրա բարակ քսուքներ են պատրաստում: Ռետիկուլյար հենքի միջով անցնում են միկրոշրջանառու հունի բազմաթիվ արյունատար անոթներ, որոնց միջև կան արյունաստեղծ բջիջներ՝ ցողունային, կիսացողունային (ձևաբանորեն չտարբերվող), բլաստներ, պրոէրիթրոբլաստներ, պրոմիելոցիտներ, մետամիելոցիտներ, պրոլիմֆոցիտներ, պրոմոնոցիտներ, մեգակարիոբլաստներ, մեգակարիոցիտներ և արյան հասուն ձևավոր տարրեր: 

Արյունաստեղծումն ավելի ակտիվ է էնդոստում, քան ոսկրածուծային խոռոչի կենտրոնում, քանի որ ցողունային արյունաստեղծ բջիջների խտությունը մոտ 3 անգամ ավելի է: Արյունաստեղծ բջիջները տեղադրված են կղզյակներով: Օրինակ, էրիթրոբլաստները հասունացման պրոցեսում շրջապատում են մակրոֆագը, որն իր մեջ երկաթ է կուտակում: Էրիթրոբլաստները վերջինս օգտագործում են հեմոգլոբինի հեմային մասի կառուցման համար: Մակրոֆագերը էրիթրոբլաստների «կերակրողն» են և նրանց օգնությամբ հետզհետե հարստանում են երկաթով: Չհասունացած էրիթրոիդ բջիջները շրջապատված են գլիկոպրոտեիդներով: Բջիջների հասունացմանը զուգընթաց գլիկոպրոտեիդների քանակը նվազում է: Միաժամանակ էրիթրոիդային բջիջների քանակը ավելանում է, և դրանք անցնում են անոթային հուն՝ հեմոմազանոթներ, սինուսոիդային տիպի հետմազանոթային անոթներ կամ սինուսներ: Սինուսների պատերը կազմված են էնդոթելային տափակ բջիջներից, որոնք ներթափանցում են ճեղքված բացվածքներ կամ անցքեր, որոնցով անցնում են արյան ձևավոր տարրերը և պլազման: Էնդոթելային բջիջներ են նաև ֆիքսված մակրոֆագերը: 

Գրանուլոցիտոպոետիկ բջիջները միմյանցից բաժանված կղզյակներ են կազմում: Գրանուլոցիտար շարքերի չհասունացած բջիջները շրջապատված են պրոտեոգլիկաններով: Հասունացման պրոցեսում գրանուլոցիտները կուտակվում են կարմիր ոսկրածուծում, որտեղ նրանց քանակը 3 անգամ ավելի է, քան էրիթրոցիտներինը և 20 անգամ շատ, քան գրանուլոցիտները պերիֆերիկ արյան մեջ: 

Մեգակարիոցիտները և մեգակարիոբլաստները սինուսների հետ սերտ շփման մեջ են. նրանց ցիտոպլազմայի ծայրամասը անցքերի միջով թափանցում է անոթի լուսանցք: Թրոմբոցիտների տեսքով (արյունային թիթեղիկներ) ցիտոպլազմայի հատվածները թափանցում են անմիջապես արյան հունի մեջ: Միելոիդային բջիջների կղզյակների մեջ կան ոսկրածուծային լիմֆոցիտների և մոնոցիտների ոչ մեծ կուտակումներ, որոնք շրջապատում են արյունատար անոթը: Ֆիզիոլոգիական նորմալ պայմաններում ոսկրածուծի սինուսների պատի միջով անցնում են միայն արյան հասուն, ձևավորված տարրերը: Միելոցիտներն ու էրիթրոբլաստները արյան մեջ անցնում են միայն օրգանիզմի ախտաբանական վիճակների դեպքում: Անոթների պատերի այդպիսի ընտրողական թափանցելիության պատճառները պարզ են, բայց արյան հուն չհասունացած բջիջների թափանցման փաստը պայմանավորված է ոսկրածուծային արյունաստեղծման խանգարման հաստատուն հատկանիշով: Արյան հուն անցած բջիջները կատարում են իրենց ֆունկցիան կամ միկրոշրջանառու հունի անոթներում (էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ), կամ անցնում են շարակցական հյուսվածքի (լեյկոցիտներ) և ծայրամասային օրգանների (լիմֆոցիտներ) մեջ: B–լիմֆոցիտները մասնավորապես գաղթում են փայծաղի և ավշային հանգույցներ, թիմուս–անկախ զոնաներ, որտեղ արագ բաժանվում են իմունոլոգիական հիշողության և այնպիսի բջիջների, որոնք առաջային իմունային պատասխանի ժամանակ անմիջականորեն տարբերվում են հակամարմին արտադրողներից (պլազմոցիտներից): 

Դեղին ոսկրածուծը (medulaossium flava) մեծահասակների մոտ գտնվում է խողովակավոր ոսկրերի դիաֆիզներում: Նրա կազմում կան բազմաթիվ ճարպային բջիջներ (ադիպոցիտներ): Ճարպային բջիջներում լիպոքրոմային պիգմենտների առկայությամբ է պայմանավորված դիաֆիզներում ոսկրածուծի դեղին գույնը և նրա անվանումը: Սովորական պայմաններում դեղին ոսկրածուծը չունի արյունաստեղծ ֆունկցիա, բայց արյան մեծ կորստի կամ օրգանիզմի մի շարք ախտաբանական վիճակների դեպքում նրանում հայտնվում են միելոպոեզի օջախներ՝ արյան հետ այստեղ բերված ցողունային ու կիսացողունային բջիջների տարբերակումից: 

Կարմիր ու դեղին ոսկրածուծերի միջև կտրուկ սահման չկա: Ադիպոցիտների ոչ մեծ քանակ մշտապես կա նաև կարմիր ոսկրածուծում: Կարմիր ու դեղին ոսկրածուծերի հարաբերությունը կարող է փոխվել՝ պայմանավորված տարիքով, սնման պայմաններով, նյարդային, ներզատիչ ու այլ գործոններով:

Տարիքային փոփոխություններ: Կարմիր ոսկրածուծը մանկական հասակում առաջանում է խողովակավոր ոսկրերի դիաֆիզներում, էպիֆիզներում և կա տափակ ոսկրերի սպունգանման նյութում: 12–18 տարեկանների մոտ կարմիր ոսկրածուծը դիաֆիզներում փոխարինվում է դեղինով, ծերունական հասակում ոսկրածուծը (դեղին և կարմիր) դառնում է լորձային և կոչվում դոնդողանման ոսկրածուծ: Հարկ է նշել, որ ոսկրածուծի այդ տեսակը կարող է առաջանալ և ավելի վաղ տարիքում, օրինակ, գանգի ու դեմքի ոսկրերի զարգացման ժամանակ: 

Վերականգնում: Կարմիր ոսկրածուծն ունի ռեպարատիվ՝ վերականգնողական հատկություն: Արյունաստեղծ բջիջների առաջացման աղբյուրներն են ցողունային բջիջները, որոնք սերտ փոխազդեցության մեջ են գտնվում ռետիկուլյար հենքային հյուսվածքի հետ: Ոսկրածուծի վերականգնումը մեծ մասամբ պայմանավորված է միկրոշրջապատի և հեմոպոեզի հատուկ խթանիչ գործոններով: 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին