Առողջ ծերություն. հատուկ ուշադրություն մեծահասակներին ձմռան ընթացքում

Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն:
 
Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է:
 
Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը: Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով փխրուն դարձած ոսկրերի պարագայում մեծանում է կոտրվածքներ ստանալու ռիսկը:  
 
Խորհուրդ է տրվում մեծահասակների համար քիչ առիթ ու հնարավորություն ստեղծել տանից մենակ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, կարճատև զբոսանքները խրախուսելի են: Պարզապես կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները, ապահովել պատշաճ ձմեռային հագուստ՝ կանխարգելելու սուր շնչառական վարակներով հիվանդացությունը:
 
Տարեցների մեծամասնությունն ունի որևէ քրոնիկական հիվանդություն, ինչպես նաև ցածր դիմադրողականություն: Իսկ սուր շնչառական հիվանդություններն ու գրիպն առավել նկատելի բարդություններ կարող են ունենալ:
 
Ինչպես բազմիցս նշում են մասնագետները, ձմեռը դեպրեսիաների արտահայտման «լավագույն» ժամանակահատվածն է, ինչից անմասն չեն նաև մեծահասակները: Այս առումով կարևոր է ապահովել նաև մեծահասակների հոգեբանական հանգստությունը, առավել հաճախ ընկերակցել նրանց, լսել, հոգատարություն ցուցաբերել: Հակառակ պարագայում նրանց մոտ զարգացած դեպրեսիվ վիճակը կարող է և առավել երկարատև լինել, քան երիտասարդների շրջանում:
 
Սննդակարգը ևս կարևոր նշանակություն ունի մեծահասակների ձմեռային առողջ կենսակերպում: Մասնագետները խորհուրդ են տալիս ապահովել սպիտակուցներով, ճարպերով ու ածխաջրերով հարուստ, հավասարակշռված սննդակարգ: Իսկ հատուկ սահմանափակումներ ապահովել միայն բժշկական ցուցումներից ելնելով: 
 
Doctors.am
ՀՀ ԱՆ