Խռմփոցը՝ որպես առողջական և սոցիալական խնդիր. Սամսոն Խաչատրյան

Խռմփոցն աշխարհում և Հայաստանում
Մեր երկրում, արդեն դարեր շարունակ արմատացած պատկերացում կա, որ խռմփոցը պարզապես լավ, խոր քնին ուղեկցող երևույթ է: Արդյունքում, ստացվում է, որ մենք կարող ենք կարևոր առողջական խնդիր ունեցող մարդուն պարզապես ուշադրություն չդարձնել:
 
Այն երկրներում, որտեղ քնի բժշկությունն ավելի զարգացած է, միանշանակ նկատվում է ավելի մեծ ուշադրություն այս երևույթին թե՛ ընտանիքի անդամների, թե՛ ընդհանուր պրոֆիլի բժիշկների, թե՛ լրատվամիջոցների կողմից՝ լուսաբանելու և ներկայացնելու համար խռմփոցի խիստ բացասական ազդեցությունը մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա:
Արդյունքում, հայտնաբերելիությունն անհամեմատ ավելի բարձր մակարդակ ունի:
 
Արտասահմանյան երկրներում խնդրին մեծ ուշադրություն է դարձվում նաև պայմանավորված այն փաստով, որ ամուսնական զույգերը խիստ կարևորում են իրենց անձնական կոմֆորտը և փոքր խնդրի, անհանգստության դեպքում անգամ կողակցին հորդորում են այցելել բժշկի:
Իսկ քիչ չեն այն դեպքերը, երբ խռմփոցն այնքան է լարում և փչացնում հարաբերությունները, երբ ամուսնական զույգը հանգում է նույնիսկ ամուսնալուծության:
 
Տեսակները
Գոյություն ունի սովորական խռմփոց և խռմփոց, որը բարդացած է քնի ընթացքում շնչառական այլ խնդիրներով՝ քնի ապնոէով (շնչադադար) և այլն:
Խռմփացնողների շուրջ 70%-ի շրջանում հանդիպում է նաև քնի շնչադադար:
 
Հետևանքները
Քնի ընթացքում խռմփացնող մարդու մոտ անհամեմատ ավելի մեծ է սիրտ-անոթային և ուղեղանոթային համակարգի հիվանդություններ ձեռք բերելու, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի հավանականությունը: Նաև քիչ չեն հիշողության վատացման, հոգեհուզական ոլորտի և սեռական բնույթի խնդիրները։
 
Ի՞նչ կարող են անել ընտանիքի անդամները
Խռմփոցը պետք է ահազանգ լինի խռմփացնող մարդու ընտանիքի անդամների համար, այլ ոչ թե սովորական երևույթ: Հաշվի առնելով, որ սա այն դեպքերից է, երբ բժիշկն ինֆորմացիա հավաքում է կողքի աղբյուրներից, պետք է ասել, որ կողակցի կամ ընտանիքի անդամների դերն այս գործում շատ կարևոր է:
 
Քնելու դիրքը
Խռմփոցի առաջացմանը կամ ուժգնացմանը նպաստում է մեջքային դիրքը, ալկոհոլային ըմելիքների օգտագործումը… Այն մարդիկ, ովքեր խռմփացնում են միայն նշված դեպքերում, գուցե և կարող են չանհանգստանալ, սակայն մարդկանց գերակշիռ մասը՝ անկախ այս գործոններից, յուրաքանչյուր դիրքում քնած ժամանակ խռմփացնում է:
Խռմփոցները տարբերակվում են նաև ըստ ձայնի ուժգնության:
 
Ինչու՞ են մարդիկ խռմփացնում, և որո՞նք են ռիսկի գործոնները
Խռմփոցի պատճառ, մեծամասամբ հանդիսանում է բկանցքի հատվածի փափուկ հյուսվածքների թուլությունը՝ քնի ժամանակ: Եթե անձի մոտ առկա է ճարպակալում, նույնիսկ ավելորդ քաշ, որոշակի հիվանդագին վիճակներ (կանանց մոտ օրինակ՝ հիպոթիրիոզ), շաքարային դիաբետ, անատոմիական առանձնահատկություններ՝ կախ քիմք, երկար լեզվակ, մեծ նշիկներ, ժառանգական գործոն, սրանք ավելի են մեծացնում խռմփացնելու հավանականությունը:
 

Ինչու՞ է առաջանում խռմփոցի ձայնը
Թուլացած հյուսվածքների՝ կախված վիճակում օդի մուտք ու ելքից առաջացող տատանումներն են հենց առաջացնում խռմփոցի ձայնը:
 
Ապացուցված է, որ փափուկ քիմքի պարբերական ուժեղ տատանումներից առաջանում է նյարդաթելերի վնասում:
Այսպիսով, այն մարդիկ, ովքեր ունեն երբեմն հանդիպող սովորական խռմփոց, բարձր ռիսկի խմբում են, որ ժամանակի ընթացքում այն կվերածվի պաթոլոգիկ վիճակի՝ քնի ծանր շնչառական խնդրի՝ ինչպիսին քնի ապնոէն է, և այս դեպքում անխուսափելի կլինեն նյութափոխանակության խանգարումները, սիրտ-անոթային խնդիրները, և, իհարկե ավելի խաթարված քունը:
 
Արթնանում եք հոգնած և քնից չբավարարված
Քնի ընթացքում խռմփացնելու պարագայում տուժում է քունը և հատկապես քնի վերականգնող՝ խորը փուլը, և քրոնիկական դառնալու դեպքում սկսում են ի հայտ գալ նաև ցերեկային քնկոտություն, օրվա ընթացքում աշխատունակության անկում, խստորեն տուժում է կենսակերպը և անձի սոցիալական կյանքը:
 
Բուժումը
Ախտորոշումը կատարվում է ընտանիքի անդամների ներկայացրած նկարագրի հիման վրա: 
 
Մասնագետի գլխավոր նպատակն է ախտորոշման և բուժման ընթացքում բաց չթողնել քնի ապնոէն: Սա կարելի է ախտորոշել օբյեկտիվ հետազոտությամբ միայն՝ պոլիսոմնոգրաֆիայով:
Խռմփոցի բուժման հիմնական եղանակը վիրահատականն է: Այս խնդրով զբաղվում են ԼՕՌ մասնագետները, սակայն ըստ միջազգային ուղեցույցների՝ յուրաքանչյուր պացիենտի մոտ նախ պետք է բացառվի քնի օբստրուկտիվ ապնոէի առկայությունը: Հակառակ դեպքում՝ վիրահատությունը կարող է արդյունավետ չլինել, իսկ երբեմն նաև հետվիրահատական բարդություններ առաջանան: 
 
Այսպիսով, շատ կարևոր է, որ խռմփոցն ունենա օբյեկտիվ ախտորոշում:
Բացի ստացիոնար հետազոտությունից՝ պոլիսոմնոգրաֆիայից, գոյություն ունեն նաև շարժական սարքեր, որոնք տան պայմաններում կիրառելով ևս հնարավոր է հասկանալ՝ կա՞ լուրջ խնդիր, թե՝ ոչ:
 
Որպես վիրահատության այլընտրանք
Պացիենտներ կան, ում դեպքում վիրահատությունը արդյունք չի տվել կամ խուսափում են վիրահատվել, և այս դեպքում կարիք կա դիմել այլընտրանքային միջոցների: Խոսքը տեղային դեղորայքային և այլ մեխանիկական լուծումների մասին է:
 
Կան սփրեյներ՝ բերանի խոռոչում կիրառելու համար, որոնք թույլ չեն տալիս, որ քիմքը կախվի, կան հարմարանքներ, որոնք ուղղված են ստորին ծնոտն առաջ բերելուն՝ քնած ժամանակ: Այս կերպ բկանցքի լուսանցքի հատվածն ավելի լայնանում է և կախվելու հավանականությունը՝ նվազում: Սրանք արդյունավետ են հատկապես այն դեպքերում, երբ պացիենտն ունի խռմփոց, թեթև արտահայտված  ապնոէ և չի ցանկանում դիմել վիրահատության: Այս սարքավորումը բավական հասանելի է:
 
Բուժելով խռմփոցը՝ լուծել մի ողջ ընտանիքի խնդիր
Հաճախ են դեպքերը, երբ խռմփացնողին իր խնդիրը բնավ չի անհանգստացնում, սակայն ընտանիքի բոլոր անդամների համար դա դառնում է իրական փորձություն: Ստացվում է, որ նույն ընտանիքում մի կողմից ունենում ենք քնի շնչառական խնդիր ունեցող, մյուս կողմից՝ քունը էապես խախտված և ձևավորվող անքնությամբ անդամներ: Եվ մենք այս խնդիրը լուծելով, կարող ենք օգնել միանգամից բոլորին:
 
Ու՞մ դիմել
Սկսենք նրանից, որ նախ պետք է դիմել որևէ մասնագետի, և կարևոր է, որ նա քաջատեղյակ լինի այս խնդրի լուծման համար կիրառվող բոլոր բուժական միջոցներին: Այս հարցին կարող են առնչվել շատ մասնագետներ՝ առաջնային օղակի բժիշկներ՝ թերապևտները, ընտանեկան բժիշկները, թոքաբանները, սրտաբանները, նյարդաբանները և, իհարկե, նեղ մասնագիտացված մոտեցում կարելի է գտնել այցելելով քնի մասնագետի:

Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am
14 նոյեմբերի, 2016