Քնի խանգարումները և դրանց ազդեցությունն առողջության վրա. ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը և բուժումը. հարցազրույց Սամսոն Խաչատրյանի հետ

Քնի խանգարումներն այսօր բավական մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում: Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն, իսկ 1/3-ը խռմփացնում է քնի ընթացքում:

Կան տեսակետներ, որոնց համաձայն քնի խանգարումները աճ են գրանցում հատկապես քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված:

Փորձելով հասկանալ քնի խանգարումների հիմնական պատճառները և դրանց վտանգները, Doctors.am-ը զրուցեց նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ:

Բժիշկ Խաչատրյան, մարդիկ հաճախ կարող են ունենալ քնի խանգարումներ և չգիտակցել կամ անուշադրության մատնել դա: Ներկայացրեք, խնդրում եմ՝ քնի ինչպիսի՞ խանգարումներ գոյություն ունեն, և ո՞ր գանգատները կարող են վկայել քնի այս կամ այն խանգարման մասին:

Ընդհանուր առմամբ, քնի գանգատը դրսևորվում է 3 հիմնական ձևով՝ վատ որակի, ընդհատվող կամ չստացվող քնի տեսքով (քնի պակաս), երբ մարդն ուզում է քնել, ստեղծում է դրա համար նպաստավոր պայմաններ, սակայն քունը չի ստացվում, սա կարող է դրսևորվել նաև քնի հետաձգման ձևով (քնել պառկելուց միայն 1-2 ժամ անց), քունը պահպանելու դժվարության խնդիր, երբ մարդը կարող է հեշտ անցնել քնի, սակայն հաճախակի արթնանալ և չկարողանալ քնել, և քնի ֆրագմենտացիա՝ մակերեսային, անընդհատ ընդմիջվող քուն:

Մյուս գանգատը, որը կարող եմ ավելի անտեսված համարել,  քնկոտությունը կամ հիպերսոմնիան է: Այս պարագայում մարդը դառնում է քնկոտ ցերեկային ժամերին: Սովորաբար, սա պայմանավորված է լինում գիշերային ժամերին քնի վատ որակով, կուտակված է լինում «քնի պարտք», որը օրգանիզմը փորձում է վերադարձնել:

Նույնիսկ գոյություն ունի նարկոլեպսիա կոչվող հիվանդություն, երբ մարդու մոտ ցերեկային ժամերին կարող է կտրուկ առաջանալ քնկոտություն, կարող է քնել անհամապատասխան վայրերում և այլն:

Քնի խանգարման երրորդ տարբերակին նպաստում են այլ համակարգում որոշակի առողջական խնդիրները: Օրինակ՝ ուժեղ խռմփացնող մարդկանց մոտ հաճախ հանդիպում է քնի ապնոէ: Սա քնի շնչադադարն է, որն ունի շարունակական բնույթ և կրկնմամբ պայմանավորված, առաջանում են քնի ընդհատումներ՝ «միկրոարթնացումներ», որոնք էապես նվազեցնում են քնի որակը, փոխում կառուցվածքը, վատթարացնում քնի խորը փուլը, որը հենց քնի հիմնական վերականգնող ազդեցության հիմքն է:

Այս մարդիկ հնարավոր է, որ չզգան գիշերվա ընթացքում խեղդոցի զգացումը, սակայն առավոտյան զգում են, որ բավարարված չեն քնով, թեև քնել են 8-9 ժամ: Հաճախ հանդիպող ախտանիշներից են նաև գլխացավերը, բերանի չորությունը:

Այս խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բարդությունների՝ ընդհուպ սրտանոթային և ուղեղ-անոթային խնդիրների, նյութափոխանակության խանգարումների, աճում է շաքարային դիաբետի ռիսկը…

Քնի խանգարումների դեպքում կա՞ արդյոք սեռային տարբերություն: Ավելի հաճախ կանանց թե՞ տղամարդկանց մոտ են հանդիպում այս խնդիրները:

Կախված պաթոլոգիայի տեսակից, իհարկե, կա տարբերություն: Անհանգիստ ոտքերի համախտանիշը, անքնությունը ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, սակայն քնի շնչառական խնդիր առավել հաճախ ունենում են տղամարդիկ:

Իսկ ինչպե՞ս են ախտորոշվում քնի խանգարումները: Ի՞նչ մեթոդներով եք օբյեկտիվացնում պացիենտի նշած գանգատները:

Առանձնահատուկ կարևոր եմ համարում այս մասին խոսել, քանի որ նույնիսկ շատ բժիշկներ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է իրականացվում  քնի խանգարումների ախտորոշումը:

Սկզբում կատարվում է սոմնոլոգիական հարցում, որն իրենից ներկայացնում է ինչպես ընդհանուր բժշկական հարցերի համալիր, այնպես էլ հենց քնի հետ կապված ակտիվ անամնեզավորում: Այս գնահատումը կատարվում է հատուկ հարցաթերթիկներով, որոնք մասնագետին տալիս են ինչպես որակական, այնպես էլ քանակական պատկերացում:

Այնուհետև, իրականացվում է քնի բժշկության մեջ «ոսկե ստանդարտ» համարվող պոլիսոմնոգրաֆիա հետազոտությունը, և արդեն կարող ենք հիմնվել ոչ միայն պացիենտի գանգատների, կողակցի հաղորդած տեղեկատվության վրա, այլ նաև ստանալ մեզ անհրաժեշտ օբյեկտիվ տվյալներ:

Այս հետազոտությունն իրականացնում է մարդու տարբեր ֆիզիոլոգիական ցուցանիշների զուգահեռ գրանցում՝ էլեկտրաուղեղագրություն, էլեկտրաօկոլոգրաֆիա (աչքերի շարժումը), մկանային տոնուսի տատանումները, իհարկե շնչառական ցուցանիշները, մկանագրության շնորհիվ ուսումնասիրում ենք նաև վերջույթների շարժումները և այս ամենը զուգակցված տեսա- և ձայնագրությամբ:

Պոլիսոմնոգրաֆիայի միջոցով մեկ գիշերում կարող ենք հավաքել բավական մեծ ծավալի ինֆորմացիա և հասկանալ խնդրի պատճառը:

Քնաբանության մեջ շատ կարևոր է նաև ախտանշանների արտահայտվածության աստիճանը, դրանից է կախված բուժման մեթոդի ընտրությունը:

Ի՞նչ մեթոդներով կարելի է  մեղմել կամ բուժել քնի խանգարումները:

Քնի ապնոէի թույլ արտահայտված կամ մեջքային դիրքից կախված տարբերակներում կարող ենք առաջարկել դիրքային թերապիա զուգահեռ մարմնի քաշի կարգավորմանը, ինչպես նաև վիրահատական լուծման տարբերակն է հնարավոր: Իսկ առավել բարդ դեպքերում լուծումը կարելի է ստանալ հատուկ սարքավորման կիրառմամբ (CPAP սարքեր), որն ուղղված է վերին շնչուղիներում օդի բարձր դրական ճնշում ապահովելով շնչադադարները կանխելուն:

Ճարպակալման պարագայում, համապատասխան մասնագետի հետ համատեղ աշխատանքի միջոցով իրականացնում ենք նիհարեցման կուրս, կամ, եթե դա պայմանավորված է վահանաձև գեղձի թերֆունկցիայով՝ հաճախ ուղղորդում ենք անցնել ներզատաբանի խորհրդատվություն:

Քրոնիկ անքնությունը ևս հնարավո՞ր է բուժել:

Իհարկե: Թյուր պատկերացում կա, որ անքնությունը կարող է լինել որևէ հիվանդության ախտանշան, սակայն պետք է ասեմ, որ սա ինքնին հիվանդություն է: Այս դեպքում կան բուժման  արդյունավետ մի քանի միջոցներ՝ դեղորայքային, կոգնիտիվ վարքային թերապիա: Վերջինը հոգեթերապիայի մի խոշոր ուղղություն է, որը կիրառվում է նաև բազմաթիվ հոգեբանա-հոգեբուժական պաթոլոգիաների դեպքում:

Գիտենք, որ քնի հիգիենան ևս մեծ դեր ունի քնի խանգարումների կանխարգելման գործում: Ամփոփելով զրույցը, կիրառելի ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ մարդկանց, ովքեր ուզում են կարգավորել քունը, ունենալ քնից բավարարվածության զգացում, պահպանել կամ վերականգնել աշխատունակությունը և կենսունակությունը:

Կարևոր է զարգացնել քնի հիգիենայի մշակույթը: Սա ուղղված է քնի խանգարումների կանխարգելմանը, իսկ բուժման ընթացքում նաև՝ արագ ապաքինմանը: Ընթերցողին կհորդորեի հիշել քնի հիգիենայի պահպանման մի քանի կանոններ, որոնք վերաբերում են բոլորին՝ անկախ նրանից կա՞ խնդիր, թե՝ ոչ:

Կարևոր է հստակեցնել նաև քնի ռեժիմը. ցանկալի է, որ տատանումները մեծ չլինեն հանգստյան և աշխատանքային օրերին: Շատ կարևոր է քնելուց առաջ, ուշ ժամերին  բացառել ակտիվացնող և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլաներ…

Չեն խրախուսվում մարզումները և ֆիզիկական ակտիվությունը երեկոյան ժամերին, քանի որ հանգեցնում են օրգանիզմի ակտիվացմանը: Խորհուրդ չի տրվում երեկոյան ուշ ժամերին գտնվել շատ լուսավոր միջավայրում, քանի որ քնի հորմոնը՝ մելատոնինն արտադրվում է ի պատասխան մթության: Ուշ ժամի սննդի ընդունումը ևս հետաձգում է քունը:

Առողջ քնի համար շատ կարևոր է ննջասենյակն ասոցացնել քնի գործընթացի, այլ ոչ աշխատելու, սմարթֆոն և լափթոփ օգտագործելու, հեռուստացույց դիտելու, ընթերցանության, սնվելու, անկողնում սուրճ խմելու և այլ գործողությունների հետ: Այս ամենը թուլացնում են անկողին-քուն ասոցիատիվ կապը:

Ցավոք, շատ քչերն են պահպանում այս կանոնները: Խորհուրդ կտայի լինել առավել հետևողական և ավելի շատ կարևորել քնի գործոնը առողջ և կենսունակ լինելու համար:

 

***

Մենք, հատուկ այս հարցազրույցի համար, առանձնացրել ենք նաև երկու հարց, որոնք ստացել ենք մեր ընթերցողների կողմից

 Նոր ծննդաբերած կանանց մոտ, ում երեխան գիշերը հաճախ է արթնանում, գիտենք, որ քնի ընդհատումը և տարատեսակ այլ խանգարումները հազվադեպ երևույթներ չեն: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ: Ինչպե՞ս լրացնել քնի պակասը, որպեսզի այն չանդրադառնա առողջության, կենսունակության վրա:

Սա իսկապես արդիական հարց է: Այստեղ, իհարկե, խոսքը չի կարող գնալ խնդրի 100% լուծման մասին, սակայն հնարավոր է աշխատել՝ ավելի դրական իրավիճակ ստեղծելու համար: Նոր ծննդաբերած կանանց մոտ վատ քունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ, սկսած ցերեկային արդյունավետության նվազումից, դեպրեսիվ-տագնապային ֆոնի ավելացումից ընդհուպ կաթնարտադրության վատթարացում: Քրոնիկ ընդհատված քունը կարող է բարդացնել նաև հետծննդաբերական դեպրեսիան:

Այս դեպքում միակ խորհուրդս է առավելագույնս կարգավորել երեխայի կերակրման ռեժիմը, պահպանել քնի հիգիենան, փորձել քնի պակասը լրացնել ցերեկային քնի միջոցով: Դեղորայքի և այլ միջոցների օգնությանը դիմելը, այս դեպքում, կարծում եմ, անտեղի է, կամ պետք է իրականացվի շատ հիմնավոր ցուցումներով:

_______

 Մշտապես զարթուցիչով արթնանալը կարո՞ղ է արդյոք որևէ վնաս հասցնել առողջությանը, և ինչպե՞ս վարվել, եթե առանց դրա անհնար է արթնանալ:

Այս կերպ սովորաբար արթնանում են մարդիկ, ովքեր չեն լրացնում քնի ժամերը: Եթե հնարավոր է արհեստականորեն շատ ուշ չքնել և պահպանել քնելու ժամը, ապա սա բավական կօգնի առավոտյան վաղ արթնանալ: Խնդիրը, որ կոչում ենք քնի հետաձգված ֆազայի համախտանիշ, քնի ժամացույցի շեղման հետևանք է, այս մարդիկ «բուերն» են, ովքեր շատ ուշ քնում են և ուշ էլ արթնանում: Այս դեպքում առկա է նաև գենետիկ նախատրամադրվածություն:

Այսպիսով, եթե ուզում եք հարմարվել սոցիումի պահանջներին, աշխատանքային պայմաններին, ամեն դեպքում պետք է արթնանալ զարթուցիչի օգնությամբ, սակայն եթե անհանգստացնող է, մասնագետի հետ աշխատանքի, տարբեր թերապիաների օգնությամբ հնարավոր է որոշակիորեն շտկել խնդիրը:


Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
.