Ե՞րբ է պետք անհանգստանալ և անպտղության խնդրով դիմել մասնագետի

Ներկայացնում է Fertility Center մարդու պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը:

Ժամանակակից  բժշկությունը ո՞ր դեպքերում է ամուսնական զույգի մոտ ախտորոշում անպտղություն:

Շատ դեպքերում պայծառ ապագա ունեցող ամուսինները անհանգստանում են, ընտանիքում առաջանում են բարդություններ, որոնք պայմանավորված են երեխայի բացակայությամբ: Ճակատագիրը կարող է դասավորվել տարբեր կերպ. ընտանիքը կարող է կազմվել երիտասարդ տարիքում կամ ոչ այնքան: Այդ իսկ պատճառով ընտանիքի պլանավորումը անհրաժեշտ է սկսել նախքան ամուսնանալը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ նորմալ է առաջին 1-2 ցիկլի ընթացքում անմիջապես չհղիանալը, քանզի հղիանալու հավանականությունը 100% չէ, այլ ընդամենը 25% յուրաքանչյուր փորձի համար: Ուստի անհանգստանալու կարիք կա այն ժամանակ, երբ զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում առանց պաշտպանվելու տեսնում է հղիության բացակայություն շուրջ 1 տարի:

Մինչև 1 տարի անհրաժեշտ է փորձել հղիանալ ինքնուրույն մեթոդով (oրացույցային հաշվարկ`սեռական հարաբերություն ունենալ օվուլյացիոն օրերին): Օվուլյացիոն օրերը կարելի է որոշել տնային պայմաններում`օվուլյացիոն թեստի միջոցով:

Հղիությունը պետք է պլանավորել բժշկի հսկողությամբ, եթե

  • ունեք հավելումների քրոնիկական բորբոքում,
  • դաշտանային ֆունկցիայի խանգարում,
  • ենթարկվել եք տարատեսակ վիրահատւթյունների,
  • ունեցել եք հղիության արհեստական ընդհատում,
  • ունեցել եք արտարգանդային հղիություն:

Ինչպե՞ս է իրականացվում  զույգի հետ առաջնային խորհրդատվությունը:

Անպտղության բուժումը երկար ճանապարհ է, ուստի անհրաժեշտ է այն անցնել զույգով: Անհրաժեշտ է, որ ամուսինը և կինը միասին լինեն առաջին այցելության ժամանակ:

Անպտղության պատճառները բազմազան են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, ուստի անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ, որ լինեք վստահ բուժման ընթացքում հաջողությունների հասնելու մեջ :

Առաջին իսկ այցին կարելի է ստուգել տղամարդուն, քանզի դա շատ ավելի հեշտ է: Անհրաժեշտ է միայն 3-5-օրյա սեռական հարաբերության դադար, և սերմի քննությունը պատրաստ է լինում 40-րոպեի ընթացքում:

Իսկ կնոջ հետազոտությունները կարող են փոքր ինչ երկար տևել  քանի որ փուլայնություն են պահանջում:

  • 1-ին փուլ հորմոնալ հետազոտություն. ՖԽՀ. ԼՀ, ԴՀԷԱՍ, Էստրադիոլ, ԹՏՀ,  ԱՄՀ,  17-օհ պրոգեստերոն ,  Պրոլակտին, Տեստոստերոն:
  • 2-րդ փուլ` դաշտանային ցիկլի 2-րդ օրվանից անցնել ֆոլիկուլոմետրիայի, ուշադրություն դարձնելով լորձաթաղանթի վիճակին և անտրալ ֆոլիկուլների քանակին:
  • 3-րդ փուլ`Դաշտանային  ցիկլի  7-9- րդ օրերը  անցնել հիդրոսալպինգոգրաֆիա /արգանդափողերի անցանելիության  ստուգում/:
  • 4-րդ փուլ `մանրէաբանական քսուք հեշտոցից,ՊԱՊ –թեստ, ինֆեկցիոն հետազոտություն Պոլիմերազային Շղթայակցված ռեակցիայի մեթոդով, ինչպես նաև որոշակի վիրուսների հետազոտություններ/Ցիտոմեգալովիրուս.  Հերպես վիրուս/…
  • 5-րդ փուլ`անհրաժեշտության դեպքում բուժիչ-ախտորոշիչ հիստերոսկոպիա, լապարասկոպիա:

Անհրաժեշտ է չմոռանալ ձեզ հետ վերցնել նախկինում հանձնած բոլոր հետազոտությունները:

Աղբյուրը՝ Doctors.am