Պլազմոլիֆթինգի կիրառումն օրթոպեդիայում. ո՞ր հիվանդությունների դեպքում է այն արդյունավետ

Doctors.am-ը մեթոդին ծանոթացավ վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.թ. Արտակ Գալստյանի օգնությամբ:
 
Արդեն ավելի քան 3 տասնամյակ է, ինչ թրոմբոցիտներով հարուստ պլազման (ԹՀՊ) կիրառվում է վիրաբուժության, իմպլանտոլոգիայի և կոսմետոլոգիայի մեջ։ 
 
Նորմայում մարդու արյան մեջ թրոմբոցիտների կոնցենտրացիան կազմում է 150-350 հազար/մկլ-ում, միջինում` 200 հազար/մկլ-ում։
 
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ թրոմբոցիտար զանգվածի ներարկումը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ թրոմբոցիտների կոնցենտրացիան կազմում է 1 մլն/մկլ-ում։ Այդ պատճառով ներկայումս, երբ ասում են թրոմբոցիտներով հարուստ պլազմա՝ հասկանում են հենց այդ կոնցենտրացիան։
 
Ի՞նչ արդյունավետություն ունի ԹՀՊ կիրառումն օրթոպեդիայում
 
ԹՀՊ-ն պարունակում է աճի գործոններ և կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են ստացված վնասվածքի օջախում վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։
 
ԹՀՊ-ի՝ վնասված հյուսվածքների վրա վերականգնողական հատկությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն պարունակում է աուտոգեն կենսաբանական ակտիվ նյութեր` աճի գործոններ և սեկրետոր սպիտակուցներ, որոնք ուժեղացնում են վնասված հյուսվածքների վերականգնումը բջջային մակարդակով։
 
Ներկայուս ԹՀՊ-ն լայնորեն կիրառվում է տարբեր բարդության արթրոզների բուժման նպատակով՝ ներհոդային ներարկումների տեսքով։ Վերջինիս կիրառումը բավական արդյունավետ է հատկապես երկրորդ աստիճանի արթրոզների ժամանակ։ Կարճ ժամանակ անց նկատվում է ցավային համախտանիշի կտրուկ նվազում և շարժումների ծավալի վերականգնում։ 
 
Ինչպե՞ս է կատարվում թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ստացումը
 
ԹՀՊ ստանալու համար հիվանդից վերցվում է արյուն մոտ 50մլ, վերջինս ենթրկվում է հատուկ մշակման, անջանտվում են թրոմբոցիտները և կատարվում է վերջիններիս ներարկում։
 
Լիովին անվտանգ է
 
Անհրաժեշտ է նշել, որ ԹՀՊ-ի ներարկումը լիովին անվտանգ է, այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, քանի որ ստացվում է հիվանդի սեփական արյունից։
 
  
 
Աղբյուրը՝ Doctors.am
10 ապրիլի, 2017թ.