Հղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ

Հղիության սկզբում մարմնի ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է, որը բուժում չի պահանջում:

Հոգնածություն

Հղիությունը կարող է ունենալ տարբեր ազդեցություններ. որոշ կանայք հղիության ընթացքում իրենց շատ լավ են զգում, մյուսներն ունենում են որոշ թուլություններ: Խոշոր կանայք ավելի հեշտ են տանում ծանրաբեռնվածությունը, քան փոքր մարմնակազմությամբ կանայք: Հոգնածությանը պետք է լուրջ վերաբերվել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ընդմիջել աշխատանքը, եթե հնարավոր է` ոտքերը բարձրացնել: Եթե հոգնածությունը շարունակվում է 2 և ավելի շաբաթ, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Սակավարյունություն

Հոգնածությունը կարող է լինել սակավարյունության նշաններից մեկը: Սովորաբար հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ իջնում է շրջանառվող արյան ծավալի մեծացման հետևանքով: Անհրաժեշտության դեպքում բժիշկը Ձեզ կնշանակի երկաթի պատրաստուկներ, կշտկի Ձեր սննդակարգը` ավելացնելով կենդանական ծագման որոշ մթերքներ, մրքեր և բանջարեղեն:

Սպիտահոսություն

Հղիության ընթացքում մեծանում է սպիտահոսությունը` հեշտոցային արտադրությունը: Եթե արտադրությունն ուղեկցվում է քորով, այնուհետև` վատ հոտով, անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարել քսուքի քննություն: Անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան կատարել արտաքին լվացում: Ներլվացումներ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են մեծացնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

Արյունային արտադրություն

Ցանակացած արյունային արտադրությունը անհանգստացնող սիմպտոմ է և պարտադիր պահանջում է դիմել բժշկին:

Սրտխառնոց և փսխում

Ամեն երկրորդ հղի հղիության առաջին ամիսներին, հատկապես առավոտյան, երբ ստամոքսը դատարկ է, ունենում է սրտխառնոց: Դրան կարող է միանալ նաև գլխապտույտը` անկողնուց բարձրանալիս: Սրտխառնոցը սովորաբար դադարում է հղիության 3-րդ ամսից սկսած:
Սրտխառնոցը կարելի է մեղմել, եթե մինչև անկողնուց վեր կենալը բարդ ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ որևէ բան ուտեք, օրինակ` թխվածքաբլիթ, մի կտոր հաց, կես բաժակ կաթ, չոր մրգեր, մի բուռ չամիչ: Այս նախաճաշը կարելի է պատրաստել երեկոյան: Անկողնուց անհրաժեշտ է բարձրանալ դանդաղ ու հանդարտ: Խորհուրդ է տրվում անկողնուց բարձրանալուց առաջ որոշ ժամանակ մնալ պառկած: Սրտխառնոցը կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, երբ ստամոքսը դատարկ է, այդ իսկ պատճառով առաջարկվում է սնունդ ընդունել օրվա մեջ հաճախակի` փոքր քանակությամբ:

Կարևոր է հիշել

  • Կերեք հաճախ` նախքան քաղց զգալը
  • Խմեք շատ հեղուկներ
  • Կերեք Ձեզ ցանկալի և հաճելի ուտելիքներ
  • Խուսափեք այն ուտելիքներին նայելուց, հոտ քաշելուց և համտես անելուց, որոնք Ձեզ մոտ սրտխառնոց են առաջացնում: Սուր արտահայտված, անզուսպ փսխումների դեպքում անպայման դիմեք բժշկի:


Կուրծքը

Հղիության սկզբում կուրծքը կոշտանում է, մեծանում և դառնում զգայուն: Հղիության 2-րդ ամսից սկսած կաթնագեղձերից կարող է նկատվել կաթնախեժի արտադրություն: Կաթնագեղձերը դառնում են խիստ զգայուն հատկապես ցրտի նկատմամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատկապես ձմռան ամիսներին կրել տաք բրդե կոֆտաներ, շալեր: Խորհուրդ չի տրվում սառը ջրում լողալ:
Եթե պտուկները խիստ տափակ են և հղիության վերջին ամիսներին չեն շտկվել, անհրաժեշտ է ստանալ խորհրդատվություն այդ առիթով:

Հղիության զոլեր

Այն հղի կանանց մոտ, ովքեր հեշտությամբ գիրացել են, կաթնագեղձերի, որովայնի առաջնային պատի և ազդրի վրա առաջանում են տարբեր գունավորման կարմիր, արծաթագույն, վարդագույն հղիության զոլեր, դրանք հիշեցնում են պատռվածքներ, որոնք ծննդաբերությունից հետո աննկատ են դառնում:

Մաշկի մգացում

Հղիության վերջում մաշկը սովորաբար մգանում է`հատկապես պտուկները, դեմքը և արտաքին սեռական օրգանները: Ծննդաբերությունից հետո դրանք համարյա անհետանում են: Հղիության ընթացքում կարող են օգտագործվել հատուկ քսուքներ:

Ստամոքսի այրոց

Հղիության 2-րդ կեսում հղիներից շատերին տանջում է ստամոքսի այրոցը և որպեսզի խուսափեք դրանից, անհրաժեշտ է հրաժարվել սուրճից, թեյից, յուղով տապակած մթերքներից, ինչպես նաև սուր ուտեստներից:
Աղի և կերակրի սոդայի կիրառումը նպաստում է այրոցների ուժեղացմանը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել արդյունավետ միջոցներ այրոցի դեմ: Այն կարող է անհետանալ ծննդաբերությունից հետո:

Այտուցներ

Ոչ մեծ այտուցները նկատվում են համարյա բոլոր հղիների մոտ: Եթե այտուցները չեն ուղեկցվում պրոտեինուրիայով (սպիտակուցի անցում մեզի մեջ), ճնշման բարձրացմամբ կամ քաշի խիստ ավելացմամբ, ապա դրանք գնահատվում են որպես բնականոն հղիության փոքր ֆիզիոլոգիական շեղումներ և չեն պահանջում հատուկ խնամք և բուժում:

Երակների վարիկոզ լայնացում

Հղիության ժամանակ երակների լայնացումը և ջղակծկումները ուժեղանում և հաճախանում են մեծացող արգանդի ճնշման հետևանքով: Հղիության 2-րդ կեսում առաջարկվում է կրել կալանդ (բանդաժ), էլաստիկ հատուկ գուլպաներ: Օրվա մեջ անհրաժեշտ է ոտքերին տալ հանգիստ, բարձրացնելով ոտքերը վեր պահել բարձր, ուղղաձիգ, իսկ գիշերը ոտքերի տակ դնել բարձեր:
Կոշիկը չպետք է սեղմի ոտքերը, չպետք է լինի բարձրակրունկ, ցանկալի է կրել փափուկ կոշիկներ:

Ջղակծկումներ

Ոտքերի ջղակծկումների դեպքում խորհուրդ է տրվում կծկել և թուլազնել մատները, ինչպես նաև ծալել ոտքերը ծնկան հոդերից ցածր: Ջղակծկումների ժամանակ ծունկը ձգել վերևում. Վերցնել ոտքի մեծ մատը և բարձրացնել վերև: Օգնում է նաև գիշերը կիսագուլպաների կրելը:

Թութք և փորկապություն

Մեծացող արգանդը ճնշում է ուղիղ աղիքին և մեծացնում թութքային հանգույցների առաջացման հավանականությունը և հակումը: Պրոգեստերոնի ազդեցության տակ առաջանում է աղիների գալարակծկանքների թուլացում, որը հանգեցնում է փորկապության առաջացմանը, որն էլ իր հերթին դառնում է թութքի առաջացման պատճառ: Ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին: Սննդակարգում որոշ շտկումներ կատարելով` կարելի է կանխարգելել փորկապությունը: Հարկավոր է ամեն օրվա ռացիոնի մեջ ավելացնել բուսական բջջանք պարունակող մթերքներ, կոպիտ աղված ալյուրից թխված հաց, թարմ և չորացած մրգեր, բանջարեղեն: Անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկներ (1.5-2 լ), ինչպես նաև կատարել ֆիզիկական վարժությունների կոմպլեքս, որոնք խթանում են աղիների գործունեությունը:

Ցավեր գոտկատեղում

Որովայնի մեծացմանը զուգընթաց մեջքի մկանները կրում են մեծ ծանրաբեռնվածություն, որը հաճախ դառնում է մեջքի ցավերի պատճառ: Գեղեցիկ հղիների հպարտ կեցվածքը` ''գլուխը բարձր, մեջքը ուղղված'' մեղմում է ցավը: Լավ կրծկալը և բանդաժը, ինչպես նաև ընդարձակ կոշիկը` ցածր կրունկով, կրճատում է մեջքի մկանների լարվածությունը: Ցանկալի է քնել այնպիսի ներքնակի վրա, որը միաժամանակ ընդունում է մեջքի ձևը: Լարված մկանները թուլանում են, եթե դրանք թեթևակի մերսեք և տաք հնարավորություն հանգստանալ: Որովայնի մկանների ամրացմանը նպաստում են ֆիզիկական վարժությունները: Այդ վարժությունների ճիշտ կատարման հրահանգները կարելի է ստանալ մայրության դպրոցներում:

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան