Օգտակար խորհուրդներ թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար

Արդեն սկսվել է հողագործության շրջանը և թունաքիմիկատներով թունավորումների խնդիրն արդիական է: Թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով` 

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝

Թունաքիմիկատներ գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված  է սպառողի համար անհասկանալի լեզվով:  

Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով`

Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստը առօրյա հագուստից առանձին,

Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,

Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,

Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,

Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,

Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,

Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,

Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,

Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը  լավ օդափոխվող տարածքում,

Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,

Մի՛ փչեք հեղուկացրի (ներարկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,

Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,

Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,

Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ:

___________________________________________

Աղբյուր` ՀՀ առողջապահության նախարարություն