ԼՂՀ առողջապահության համակարգի տարեգրությունից

Արցախի ժողովրդի ազատատենչ ոգին ճնշելու նպատակով 90-ականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջովին ավերվել ու փլատակների էր վերածվել նաև բուժհիմնարկների ցանցը` շրջանային հիվանդանոցներ, բուժկետեր, ամբուլատորիաներ: Բուժաշխատողների, դեղորայքի և բուժսարքավորումների զգալի պակաս կար ամբողջ հանրապետությունում: 
 
Պատերազմի սկզբում ԼՂՀ առողջապահության ծառայությունները հիմնականում զբաղված էին մարտական գործողությունների տարածքից հիվանդների և վիրավորների տարհանելով, ինչպես նաև խաղաղ բնակչության բուժօգնությունը հիմնականում նկուղային, անհարմարավետ, հաճախ ցուրտ ու մութ պայմաններում կազմակերպելով և  իրականացնելով: Այդ տարիներին Արցախի մեր հայրենակիցներին օգնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից կամավոր մեկնած բժիշկներն ու բուժքույրերը տեղական հիվանդանոցների և բուժկետերի քաղաքացիական անձնակազմերի հետ հսկայածավալ աշխատանք  են կատարել` փրկելով տասնյակ և հարյուրավոր կյանքեր:
 
Պաշտպանության բանակի կազմավորմանը զուգընթաց՝ ձևավորվում է ԼՂՀ ռազմաբժշկական ծառայությունը, հետո աստիճանաբար ստեղծվում են հոսպիտալներ (նաև դաշտային), մշակվում է մարտական գործողությունների բժշկական ապահովման միասնական համակարգ, բանակ են զորակոչվում բժիշկները,  ստեղծվում են արագ արձագանքման բժշկական ջոկատներ և զորամասերի բուժծառայություններ:
 
Հայաստանի Հանրապետությունից Արցախ գործուղված վնասվածքաբանները, օրթոպեդները, վիրաբույժները, անեսթեզիոլոգները, մանկաբույժները, համաճարակաբաններն ու շատ այլ մասնագետներ ներդնում են իրենց հմտություններն  ու  մասնագիտական փորձը՝ առավել ծանր վիճակում գտնվող ազատամարտիկների ու խաղաղ բնակչության բուժօգնությունը տեղում կազմակերպելով, նեղ մասնագիտական բարդ վիրահատություններ կատարելով, ինչպես նաև   նպաստելով նրանց արագ ապաքինմանը:
 
Հրադադարից հետո բնակչության բուժօգնությունը բարելավելու նպատակով ԼՂՀ-ում սկսում են աշխատել միջազգային մի շարք կազմակերպություններ։ «Կարմիր խաչ»-ի միջագգային կոմիտեն, աջակցություն ստանալով ԱՄՆ-ի Կարմիր խաչից և համագործակցելով ԼՂՀ առողջապահության նախարարության հետ, 1998 թ. սեպտեմբերից իրականացնում էր առաջնային բուժսպասարկման տարբեր ծրագրեր։         
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ջանքերով Ստեփանակերտում բացվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան «Արևիկ» մանկական վերականգնողական կենտրոնը։ Առողջապահության ոլորտում զգալի ներդրումներ են կատարում Սփյուռքի տարբեր հաստատություններ ու անհատ բարերարներ։ 
 
Ներկայումս ԼՂՀ բնակչության բուժսպասարկումն իրականացնում են առողջապահության նախարարության համակարգի գրեթե 200 բուժկանխարգելիչ հիմնարկներ։ Գործում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցն ու ծննդատունը, «Արևիկ» մանկական վերականգնողական կենտրոնը, հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, հոգեթմրաբանական, բժշկական ֆիզկուլտուրայի դիսպանսերները, կենտրոնական շրջանային 7, գյուղական տեղամասային 6 հիվանդանոց, 1 բուժմիավորում, քաղաքային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, ախտորոշիչ և վերականգնողական կենտրոններ, ինչպես նաև արյան փոխներարկման, շտապբուժօգնության կայաններ, հանրապետական դատաբժշկական փորձաքննության բյուրոն և «Արցախ» դեղագործական ընկերությունը։ Գյուղական բնակչությունն առաջնային բուժօգնություն է ստանում 13 ամբուլատորիաներում և 148 բուժակամանկաբարձական կետերում։ Հակահամաճարակային ծառայությունն ապահովում են 7 հակահամաճարակային և հակաժանտախտային կայաններ։ Միջին բուժաշխատողները մասնագիտանում են Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։
Առանձնահատուկ դրվատանքի է արժանի «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատանքը. այն շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իրականացնել Արցախի մեր հայրենակիցների տարիների երազանքը՝ 2013 թ. Ստեփանակերտում շահագործման հանձնելով Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան նորակառույց, բժշկական նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնի հոյակերտ շենքը: Այն իր ֆունկցիոնալ  հնարավորություններով համապատասխանում է միջազգային չափանիշների՝ նոր մակարդակ հաղորդելով Արցախի առողջապահության զարգացման գործընթացին և նպաստելով բնակչության առողջության պահպանմանը:
 
2016 թ. ապրիլի սկզբին՝ Արցախի ժողովրդին ադրբեջանական հրոսակների  պարտադրած քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերին, ինչպես ԼՂՀ, այնպես էլ  ՀՀ առողջապահության նախարարություններում հրավիրվում են օպերատիվ խորհրդակցություններ, որոնց ժամանակ որոշվում է ստեղծված իրավիճակում բուժօգնությունն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորել մասնագիտական կամավորական խմբեր:  Երկու հանրապետությունների բոլոր բուժհիմնարկներն ապահովված էին անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով  և արյան բաղադրիչներով: Այդ օրերին ՀՀ առողջապահության գործող նախարար Արմեն  Մուրադյանի հանձնարարությամբ 70  առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվում Լեռնային Ղարաբաղի և Սյունիքի հիվանդանոցներ`  խորհրդատվություններով ու փորձառությամբ աջակցելու  տեղի բուժանձնակազմերին:
ՀՀ առողջապահության նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, ամենայն ուշադրությամբ, մշտապես հետևում  է  ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների և երկրապահների ապաքինմանը:
 
Doctors.am
ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016