Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, խորհուրդ են տալիս երեխային հավելյալ սնունդ տալ վեց ամսականից սկսած: 

Doctors.am-ի հետ զրույցում մանկաբույժ Մարի Դարակչյանը նշում է, որ այս թիվը հենց այնպես վերցված չէ, այլ ամրապնդվել է հետազոտությունների եւ երեխայի պահանջների հիման վրա:

«Վեց ամսականը այն սահմանագիծն է, երբ կրծքի կաթն իր կալորիականությամբ չի բավարարում աճող երեխայի պահանջներին, հետեւապես արդեն կարիք է լինում հավելյալ սննդի»,- ասում է նա՝ հավելելով.

«Վեց ամսականը նաեւ այն ժամանակաշրջանն է, երբ երեխան ունակ է նստելու: Եվ հորիզոնական դիրքից ուղղահայացին անցնելը պայման է, որպեսզի երեխան կարողանա ավելի պինդ սնունդ ընդունել: Նաեւ 4-6 ամսականում առաջանում է ռեֆլեքս, երբ երեխան ոչ թե կուլ է տալիս այն, ինչ գտնվում է բերանի հետին հատվածում, այլ արդեն կոորդինացված կարողանում է լեզուն ճիշտ շարժել եւ բերանի առաջին հատվածից սնունդը տեղափոխել դեպի հետին հատված, այլ ոչ թե լեզվով դուրս հանել սնունդը, ինչը սովորաբար մենք տեսնում ենք մինչեւ 4-5 ամսական երեխաների մոտ»: 

Միֆեր՝ կապված հավելյալ սննդի հետ

Միֆեր կան, որ արդեն 2-3 ամսականում պետք է երեխային սկսել տալ գազարի, խնձորի հյութեր կամ այլ հավելումներ, բայց թարմ քամած հյութերը խորհուրդ չի տրվում մինչեւ մեկ տարեկանն այն պարզ պատճառով, որ հավելյալ սնունդը պետք է իսկապես սնունդ լինի, այսինքն՝ լինի կալորիական, լինի խիտ եւ չծորի գդալի վրայից:

Երեխայի ստամոքսն ունի սահմանափակ ծավալ, եւ այդ ծավալում բավարար կալորիա տեղավորելու համար պետք է ունենանք բավարար խտությամբ սնունդ:

Ինչից սկսել

Հավելյալ սնունդը պետք է լինի բազմազան: Կարելի է սկսել շիլաներից, հիմնականում՝ բրինձ, հնդկաձավար, վարսակ, բայց ոչ ամբողջական հացահատիկ, բանջարեղենային խյուսերից, բայց ոչ մրգերից: Առհասարակ, միրգը չպետք է լինի հիմնական սնունդ: Այսինքն, երբ մենք ասում ենք, որ վեց ամսականից երեխան օրվա մեջ երկու անգամ հավելյալ սնունդ պետք է ստանա, դա չի վերաբերվում մրգին: Միրգը պետք է տալ որպես միջանկյալ սնունդ: Երեխան մինչու մեկ տարեկանը պետք է կարողանա օգտվել ընտանեկան սեղանից:

Ցանկալի է, որ երեխան ամեն օր միս ուտի: 6-7 ամսականում պետք է երեխայի սննդակարգ միս ներմուծել, որը երկաթի պաշար է եւ պարունակում է երեխայի զարգացման համար անփոխարինելի ամինաթթուներ: Սկզբում պետք է սկսել տավարի պարզ մսից (մսաջուրը չենք տալիս), ձուկ նույնպես կարելի է, բայց՝ առանց կաշվի: Միսը բլենդերով մանրացնում ենք, խառնում մեկ այլ բաղադրիչի հետ եւ տալիս երեխային: Բանջարեղենի բոլոր տեսակները, առանց բացառության, կարելի է քայլ առ քայլ ավելացնել:

Եթե երխան չի ուտում

Երեխային ստիպելով կերակրելը վատթարագույն բանն է, որը կարող է անել մայրիկը: Պետք է համադրել բանջարեղենի տարբեր տեսակներ, հետաքրքիր համային խառնուրդներ անել, սակայն երեխային կերակրելուց առաջ միշտ փորձել, եւ եթե համը Ձեզ դուր չի գալիս, ապա հավանական է, որ Ձեր երեխային էլ դուր չի գա: Մայրիկներին խորհուրդ կտամ չլինել ստիպող, բայց լինել համբերատար պնդող, որովհետեւ 6-8 ամսականն այն ժամանակահատվածն է, երբ երեխան պատրաստ է նոր համերի, եւ եթե բաց եք թողնում այդ պատուհանը, ապա հետագայում երեխան հավելյալ սնունդ չի ուտում:

Մինչեւ մեկ տարեկանը ՉԻ ԿԱՐԵԼԻ երեխային տալ՝

  • աղ
  • շաքարավազ
  • մեղր
  • կովի կաթ
  • ապխտած սննդամթերք
  • պահածոյացված մթերք

Կովի կաթը կարող է բարակ աղիների բորբոքում առաջացնել, նաեւ լինել արյունահոսությունների պատճառ, կարող է բերել օրգանիզի ալերգիզացիայի: Բացի այդ, կովի կաթում պարունակվող սպիտակուցը չի կարող մարսվել երեխայի ֆերմետատիվ համակարգի կողմից եւ, ի տարբերություն, մայրական կաթի, կովի կաթի մեջ չկան ֆերմետներ, որոնք օգնում են այդ կաթը մարսելուն:

Շաքարավազի վերաբերյալ կատեգորիկ վերաբեմունք մի ունեցեք: Այն կարելի է օգտագործել, սակայն՝ մինիմալ քանակությամբ: Իհարկե, շաքարը վտանգավոր է գիրության, հետագայում համերի ձեւավորման, դիաբետի զարգացման առումով, բայց պետք է տարանջատել անմիջական ազդեցությունը ռիսկի գործոն լինելուց: Եթե չափի մեջ եք օգտագործում,  այն ռիսկի գործոն չի դառնում: 

Մեղրը մինչեւ մեկ տարեկան երեխաներին հակացուցված է բոտուլիզի վտանգով պայմանավորված: Այն կարող է փոքր քանակով պարունակել բոտուլոտոքսին, որը մեծահասակ մարդու մոտ ոչ մի խնդիր չառաջացնի, սակայն երեխայի համար լինի վտանգավոր:

Ջուր

Մինչեւ վեց ամսականը, անկախ նրանից՝ երեխան կրծքի կաթ է ուտում, թե կաթնախառնուրդ, ջուր տալ պետք չէ, որովհետեւ երկու դեպքում էլ բաղադրության մեջ ջուր կա:
Մի դեպքում պետք է հավատանք հետազոտողներին, որոնք ասում են, որ կրծքի կաթը 70 տոկոսով ջրից է բաղկացած, մյուս դեպքում ինքներս մեզ, քանի որ մենք ենք այդ ջուրը լցնում շշի մեջ եւ ավելացնում կաթնախառնուրդ: Հետեւաբար, երեխան ամեն 100 միլիլիտրի մեջ ստանում է 70 միլիլիտր ջուր, եւ կաթից հետո 1-2 թեյի գդալ ջուրը, որը շատ ստիպողաբար երեխաներին տալիս են, ոչ մի էական նշանակություն չունի:

Ջուր երեխային պետք է տալ վեց ամսականից հետո, երբ սկսում ենք հավելյալ սնունդ տալ, որովհետեւ կաթը պակասում է օրվա ռացիոնից:

Սննդային ալերգիաներ

Երբեմն սննդային ալերգիաներն ուղղակի ռեակցիա են նոր սննդամթերքին: 90 տոկոս դեպքերում սնդդամթերքի շարունակումը չի ուղեկցվում ալերգիկ դրսեւորումներով: Եթե սնունդ տալուց 10-15 րոպե հետո երեխայի մոտ սկսվում է անաֆիլակտիկ շոկ, մաշկի այտուց, եղջերացան, դա կարող է կապված լինել սննդի հետ, մնացած բոլոր դեպքերում, եթե դա մի փոքր կարմրություն է, կամ թուշիկներն են չոր, առկա է թեթեւ ցան, դա չի խոսում ալերգիկ ռեակցիայի մասին եւ պետք է շարունակել կերակրել, որովհետեւ սնունդը երեխայի աճի եւ զարգացման նախապայմանն է:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը