8 միֆ նորածինների փորկապության մասին

Կանոնավոր դեֆեկացիան ամուր առողջության և երեխայի ճիշտ զարգացման ցուցանիշ է: Մինչդեռ կյանքի առաջին տարվա ընթացքում, երբ մարսողական համակարգը նոր է զարգանում, երեխաների մոտ կանոնավոր դեֆեկացիան կարող է բացակայել, ինչն անհանգստության առիթ է ծնողների համար: Ո՞ր դեպքերում է դեֆեկացիայի հետաձգումը նորմալ և ո՞ր դեպքերում իսկապես արժե անհանգստանալ: Այս հարցերի պատասխանը գտնելու համար ներկայացնում ենք փորկապության ամենատարածված միֆերը:

Միֆ #1 Եթե կրծքով կերակրվող երեխայի աղիները չեն դատարկվում ամեն օր, ուրեմն երեխայի մոտ փորկապություն է:

Փորկապության նշաններ են ոչ միայն օրվա ընթացքում դեֆեկացիայի քանակը, այլ նաև կղանքի խտությունը ու նաև երեխայի ընդհանուր վիճակը:

Եթե նորածնի աղիները անկանոն են գործում, սակայն երեխայի ինքնազգացողությունը լավ է, զարգացումը՝ ճիշտ, իսկ քաշն ավելանում է նորմալ, ապա սա նշանակում է, որ սնունդը, որը երեխան ընդունում է, մարսվում է ամբողջությամբ:

Դեֆեկացիայի ընթացքում վատ ինքնազգացողություն ունենալը, լացելն ու կարմրելն ու ցավի զգացողությունը հուշում են, որ երեխայի մոտ ամենայն հավանականությամբ փորկապություն է:

Միֆ #2. Արհեստական կերով սնվող երեխաների մոտ փրկապությունն ավելի հաճախ է հանդիպում, քան կրծքով կերակրվող երեխաների մոտ:
Փորկապության պարբերականությունն ու սնուցման տեսակը (կերակրում կրծքով կամ կաթնախառնուրդով) կապված չեն միմյանց հետ: Համարվում է, որ կրծքով կերակրվող նորածնի դեֆեկացիան կախված է կերակրման քանակից՝ օրվա ընթացքում գրեթե 6 անգամ, իսկ կաթնախառնուրդներով սնվող երեխաների դեպքում ավելի քիչ:

Փորկապություն ունենալու հավանականությունը մեծանում է կրծքով կերակրվող այն երեխաների մոտ, ովքեր չեն ստանում բավարար հեղուկ և քիչ են շարժվում՝ ի տարբերություն այն երեխաների, ովքեր սնվում են ճիշտ ընտրված կաթնախառնուրդով, ակտիվ են և չունեն հեղուկի պակաս:

Միֆ #3. Կրծքով կերակրվող երեխաների փորկապությունը որևէ լուրջ հիվանդության ախտանիշ է:
Առանձնացնում են փորկապության օրգանական և ֆունկցիոնալ տեսակներ: Օրգանական փորկապությունը կապված է որևէ օրգանի պաթոլոգիայի հետ: Օրգանական փոփոխությունների դեպքում փորկապությունը միակ ախտանիշը չէ: Այս դեպքում, որպես կանոն, փորկապությունն ուղեկցվում է վարքի փոփոխությամբ, կլման խանգարումներով, զարգացման դանդաղումով և այլն:

Ֆունկցիոնալ փորկապության տարբերակիչ առանձնահատկությունը կլինիկական ախտանշանների ի հայտ գալն է, ինչը չի ուղեկցվում մարսողական օրգանների փոփոխություններով: Երեխայի կյանքի առաջին տարիներին փորկապությունը կրում է հենց ֆունկցիոնալ խանգարումների բնույթ և կապված է ստամոքս-աղիքային տրակտի բավարար զարգացած չլինելու հետ:

Միֆ #4. Կերակրող մոր սննդակարգը կարող է երեխայի փորկապության պատճառ դառնալ:

Կրծքով կերակրվող երեխայի վիճակը և մասնավորապես աղիքային ծակոցներն ու գազերն ամբողջությամբ կախված են կերակրող մոր սննդակարգից: Կերակրող մոր սննդակարգն, այնուամենայնիվ, չի ազդում կրծքով կերակրվող երեխայի մոտ փորկապություն առաջանալու վրա:

Միֆ #5. Ժողովրդական միջոցները՝ որպես փորկապության դեմ պայքարելու լավագույն միջոց
Փորկապության դեպքում մայրիկների մեծ մասն օգտագործում է «հին ու փորձված» միջոցներ, օրինակ օճառ և բամբակե փայտիկ: Վերջիններս մեխանիկական ազդեցություն են ունենում ուղիղ աղու և հետանցքի վրա, որոնք դրդվելով նպաստում են, որ տեղի ուենենա դեֆեկացիա: Նման միջոցները, սակայն, բացի այն որ չեն լուծում խնդիրը, հանգեցնում են նոր խնդիրների: Օճառի բաղադրության մեջ եղած ալկալիները, օրինակ, կարող են վնասել աղու լորձաթաղանթը, իսկ բամբակյա փայտիկի անկանոն շարժումով կարելի է անհանգստություն պատճառել երեխային:


Միֆ #6. Հոգնան անվնաս է:
Իրականում առաջին հայացքից անվտանգ թվացող հոգնան և միկրոհոգնան այնքան էլ անվտանգ չեն: Հակառակը, հոգնան փորկապության դեմ պայքարելու ամենառադիկալ մեթոդն է, որը կարելի է կիրառել ծայրահեղ դեպքերում: 

Բացի այդ, օգտակար միկրոֆլորան դուրս բերելուց խուսափելու նպատակով ցանկալի է հոգնայի մեկանգամյա կիրառում:  Երեխային վնասել կարելի է հենց միկրոհոգնայի լուծույթի սխալ բաղադրությամբ կամ սխալ դոզավորմամբ: Հաճախակի հոգնաներն իրենց ազդեցությունն են ունենում դեֆեկացիայի ռեֆլեկսի վրա, ինչը հանգեցնում է այն բանին, որ երեխայի ստամոքսաղիքային տրակտը  սկսում է «ծուլանալ» ավելի շուտ:

Միֆ #7. Կրծքով կերակրվող երեխաների փորկապությունն անցնում է ժամանակի ընթացքում:

Եթե անգամ խոսքը ֆունկցիոնալ փորկապությունների մասին է, որը երեխայի զարգացման որոշակի փուլում հանդիպող նորմալ երևույթ է, անուշադրության մատնել խնդիրն ու սպասել, որ այն լուծվի  ինքնուրույն, պետք չէ, քանի որ այն երեխայի համար իրական տանջանք է:

Միֆ #8. Լուծողականներ կարելի է օգտագործել առանց բժշկի նշանակման:

Հարկ է հիշել, որ ցանկացած դեղամիջոց, այդ թվում լուծողական միջոցներ, կարող է նշանակել միայն մանակբույժը մանրամասն զննելուց հետո: Ուստի խնդրի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Doctors.am
MedPortal.ru