Յոդի անբավարարության հետևանքով առաջացող խնդիրներ

Մարդու օրգանիզմի բնականոն աճն ու զարգացումը անհնար է առանց վահանաձև գեղձի նորմալ գործունեության: Վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնները մասնակցում են օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր պրոցեսներին:

Վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ է կենսականորեն կարևոր տարրի՝ յոդի բավարար քանակ: Մարդու մոտ կյանքի ընթացքում աճում է յոդի նկատմամբ պահանջը: Կանանց մոտ հղիության և կրծքով կերակրման շրջանում յոդի պահանջը գրեթե կրկնապատկվում է: Յոդի անբավարարության հետևանքով կարող են առաջանալ այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում և դրա գերաճ (խպիպ՝ զոբ), ֆիզիկական աճի և մտավոր զարգացման դանդաղում, հղիության ընդհատումներ, անպտղություն, մեռելածնություն, բնածին արատներ, ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Յոդը մարդու օրգանիզմ է մտնում սննդի, ջրի, օդի միջոցով:

Կան այնպիսի տարածաշրջաններ, որտեղ յոդն առկա է անբավարար քանակությամբ: Նման տարածաշրջանների շարքին է դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը: Յոդի անբավարարությամբ պայմանավորված բացասական հետևանքները կարելի է հաղթահարել կերակրի աղի համընդհանում յոդացման միջոցով, այսինքն բնակչության կողմից օգտագործվող ամբողջ աղը պետք է լինի յոդացված: Երկիր մոլորակի բնակչության մոտ 72%-ը, այդ թվում նաև Հայաստանում, սննդում օգտագործում է միայն յոդացված աղ: Այս տարածաշրջաններում յոդացված աղի օգտագործումը պետք է կրի մշտական բնույթ՝ կայուն արդյունք ունենալու համար, քանի որ վահանաձև գեղձի՝ յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների հիմքում ընկած են տարածաշրջանի չվերացվող էկոլոգիական պատճառները:

Doctors.am
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն