Արտարգանդային հղիության դեպքում ՉԻ ԿԱՐԵԼԻ ցուցաբերել վիրահատական միջամտություն

«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդները, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է:  Ձեզ ենք ներկայացնում  գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի պնդումը արտարգանդային հղիության դեպքում վիրահատության ցուցման վերաբերյալ:

 

Արտարգանդային հղիության զարգացման բոլոր պատճառները դեռևս պարզված չեն, սակայն մեծամասամբ դա առաջանում է բորբոքային կամ հորմոնալ խնդիրների հետևանքով: Մեր երկրում արտարգանդային հղիություն հանդիպում է 0,5% դեպքերում, ցավոք, ունի աճի միտում:

Այսօր ամբողջ աշխարհում արտարգանդային հղիության դեպքերը, որոնց մեծ մասը զարգանում է արգանդի փողերում, բժիշկները վարում են դեղորայքային կամ սպասողական եղանակով: Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ շատ դեպքերում նույնիսկ դեղորայքի կիրառման անհրաժեշտություն չի լինում:

Այս ամենն ամրագրված է նաև ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ուղեցույցներում:

Դժբախտաբար, հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, արտարգանդային հղիությունների դեպքում բժիշկները դիմում են վիրահատության: Սա միմիայն ավելորդ տրավմա և սթրես է կնոջ օրգանիզմի համար, թեկուզ եթե վիրահատությունը կատարվում է փողի պահմպանման մեթոդով: Սա հակասում է բժշկական №1 սկզբունքին, որն է՝ «մի վնասիր»:

Ցավոք, բժիշկների թեկուզև չգիտակցված սխալի պատճառով, Հայաստանում տարեկան վիրահատվում է 400-500 կին: Սա համարվում է բուժման հնացած մեթոդ:

Ընդամենը մեկ ներարկման փոխարեն հեռացնել կնոջ արգանդափողերը, կարծում եմ, որևէ կերպ չարդարացվող բժշկական սխալ է, որը հանգեցնում է անպտղության:

Մեր կենտրոնում վերջին տարիներին արտարգանդային հղիության տասնյակ դեպքեր վարել ենք դեղորայքային բուժման եղանակով, և դեպքերի գերակշիռ մասում մեզ հաջողվել է խուսափել վիրահատական միջամտությունից:

Սա պետք է նորմ դառնա երկրի բոլոր առաջատար գինեկոլոգիական կլինիկաներում:

Ընդամենը մեկ ներարկման փոխարեն հեռացնել կնոջ արգանդափողերը, կարծում եմ, որևէ կերպ չարդարացվող բժշկական սխալ է, որը հանգեցնում է անպտղության:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016