Տարիք և վերարտադրողական առողջություն. Մարգարիտա Գրիգորյան

«Գինեկոլոգիական ամիս» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ը զրուցեց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի հետ:

Բժ. Գրիգորյան, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ամուսնությունների և մայրանալու տարիքային շեմը բարձրացել է՝ պայմանավորված մի շարք գործոններով: Ինչպե՞ս է այս փաստն անդրադառնում վերարտադրողական առողջության վրա: 

Ինչպես Դուք ևս նկատել եք, վերջին տարիներին կանայք սկսել են առավել շատ զբաղվել իրենց մասնագիտական վերելքով, ուսմամբ, և այժմ, ի տարբերություն նախորդ տարիների, շատ բարձր պաշտոններում տեսնում ենք կանանց: Սա, իհարկե, ողջունելի փաստ է, սակայն միևնույն ժամանակ կինը պետք է միշտ հիշի, որ պետք չէ հետաձգել պտղաբերության շատ կարևոր հարցը:

Կուզեի շեշտել հատկապես Վերարտադրողական բժշկության ամերիկյան ասոցիացիայի վերջին ուղեցույցը, որը լույս ընծայվեց վերջերս, և որը ևս մեկ անգամ կոչ է անում 35 տարեկանից հետո ամուսնացող բոլոր կանանց 6 ամիս անպտղությունից հետո անմիջապես դիմել համապատասխան մասնագետի, իսկ 40 և ավելի բարձր տարիքի կանայք ամուսնության կամ հղիություն պլանավորելու առաջին ամսին դիմեն բժշկի և չսպասեն, թե երբ կգրանցվի հղիություն: Սպասողական տակտիկա բարձր տարիքում արդարացված չէ և կարող է ճակատագրական լինել կնոջ համար:

Ո՞րը կհամարեք լավագույն տարիքը պտղաբերության համար:

Այս հարցերը ցանկալի է կարգավորել մինչև 35 տարեկանը, քանի որ դրանից հետո կնոջ պտղաբերությունը սկսում, է նվազել, իսկ 40-ից հետո հղիանալու շանսերը կտրուկ նվազում են:

Ամենաօպտիմալ տարիքը կարող ենք համարել 18-35 տարեկանը:

Ի՞նչ կասեք, մեզ մոտ ձևավորվա՞ծ է հղիություն պլանավորելու և բժշկի դիմելու մշակույթը:

Իհարկե չի կարելի ասել, որ այսչափ կարևոր մշակույթը շատ մեծ տարածում ունի, սակայն ուրախությամբ պետք է փաստել, որ կա որոշակի առաջընթաց:

Որո՞նք են ուշ պտղաբերության վտանգները:

Բացի հղիության անհամեմատ ավելի բարդ ընթացքը, նաև մեծ է ծննդաբերական բարդությունների հավանականությունը, և, իհարկե, անպտղության հարցը: Կուզեի որոշ թվեր ներկայացնել: 

Համաշխարհային տվյալներով՝ արտամարմնային բեղմնավորման պարագայում հաջողության հավանականությունը՝ ըստ տարիքի.

  • Մինչև 35 տ՝ 40-41%,
  • 35-37 տ.՝ 31-35%,
  • 38-40 տ.՝ շուրջ 22%,
  • 41-42 տ.՝ 12%,
  • 43-44 տ.՝ 5%,
  • 44+ տարիքում՝ 1%:

Հաճա՞խ են Ձեզ դիմում բարձր տարիքի կանայք կամ զույգեր՝ անպտղության խնդրով: Նշեք խնդրեմ քայլերի հաջորդականությունը՝ ինչի՞ց պետք է սկսել բուժումը:

Երբ դիմող կնոջ կամ զույգի տարիքը 40-ին մոտ է՝ կարիք կա իրականացնել մի շարք հետազոտություններ, հասկանալու համար օրգանիզմի ընդհանուր վիճակը, որպեսզի օգնենք կարճ ժամանակահատվածում հղիանալ:

Երբ հետազոտությունները փաստում են, որ ամեն բան նորմալ է, զույգը կարող է 6 ամիս փորձել բնական ճանապարհով, և եթե այս ընթացքում չի գրանցվում հղիություն՝ արդեն կարիք կա մասնագիտական միջամտության:

Նախևառաջ կատարվում է հորմոնալ քննություն, ստուգվում է ձվաբջիջների պաշարը, կատարվում է ինֆեկցիոն ստատուսի քննություն, ստուգում ենք արգանդափողերը և ձվազատումը, հետազոտվում է զուգընկերոջ սերմի որակը… Եվ այս ամենը համակարգելով կատարում ենք համապատասխան ցուցումներ:

Ինչո՞վ են պայմանավորված ուշ պտղաբերության բարդությունները:

Տարիքի ընթացքում կնոջ ձվարաններում պակասում է ոչ միայն ձվաբջիջների պաշարը (այսինքն քանակապես նվազում են այն ձվաբջիջները, որոնք պետք է հասունանան, պայթեն, բեղմնավորվեն), այլ նաև որակը:

Հաճախ կանայք օրինակ են բերում համաշխարհային աստղերին, ովքեր բարձր տարիքում հղիանում են և երեխաներ լույս աշխարհ բերում: Սակայն, սիրելի ընթերցող կանայք, պետք է խնդրեմ մի փոքր իրատես լինել. այդ հղիությունների մեծ մասը իրականություն է դառնում դոնորական ձվաբջջի շնորհիվ:

Որպես բարձր տարիքում հղիության բարդություններ, նշեցիք հղիության բարդ ընթացքը և բարդություններով ծննդաբերությունը, իսկ ի՞նչ կասեք ծնված երեխայի առողջության մասին:

Բազմաթիվ հետազոտություններ կան իրականացված 40+ տարիքի կանանց շրջանում, որոնք փաստում են, որ այս դեպքում մեծանում է քրոմոսոմալ անոմալիաներով (օր.՝ Դաունի համախտանիշ) երեխաներ լույս աշխարհ բերելու հավանականությունը: Այս տարիքի կանանց հղիության դեպքում անչափ կարևոր են սքրինինգային հետազոտությունները, որպեսզի հանկարծ չունենանք հիվանդ պտուղ:

Այս պարագայում մեծանում է նաև վիժումների հավանականությունը: Սա նույնպես պայմանավորված է ձվաբջջի գենետիկ մատերիալի ծերացմամբ:

Բժշկուհի, Ձեր ներկայացրած թվերը և տեղեկատվությունն ընդհանուր առմամբ, ինչ խոսք, սթափեցնող են: Ո՞րը կլինի Ձեր հորդորը մեր ընթերցող կանանց, ովքեր երկմտում են այս հարցում:

Այս տեղեկատվությունից վախենալ պետք չէ, մեր նպատակն է պարզապես սթափեցնել և հիշեցնել, որ ցանկալի չէ հետաձգել պտղաբերությունը, սիրելի կանայք: Մասնագիտական վերելքի հետ զուգահեռ մի մոռացեք ձեր վերարտադրողական առողջության մասին:

Աղբյուրը՝ Doctors.am
09 մարտի,2017