Երկու խոսք մանկական ուռուցքաբանության մասին: Գևորգ Թամամյան

“You begin saving the world by saving one person at a time; 
all else is grandiose romanticism or politics.”
― Charles Bukowski

Ուրբաթ երեկոյան ֆեյսբուքով նամակ ստացա իմ պացիենտներից մեկից, 14 տարեկան մի հիանալի պատանուց, ում մոտ, ցավոք, հիվանդությունը կրկնվել էր, շատ ագրեսիվ էր ու տարածված, և տվյալ դեպքում հիմնական անելիքը բախվում էր պալիատիվ բժշկությանը: Երեխան հարցնում էր՝
Բժիշկ, դեռ ինչքան պետք է ցավազրկող ստանամ: Միթե չկա այլ բուժում, որ իսպառ վերացնի ցավերս…
Եթե աշխարհում գոյություն ունեն հարցեր, որոնց ոչ մի կերպ չես կարողանում պատասխանել, երբ անընդհատ գրում-ջնջում ես պատասխանը, սա այդ հարցերից է: Ինչպես պատասխանես պատանուն, որ ցավոք, այլևս անզոր ես, որ դեղերն այլևս չեն օգնելու…
Այո, մանկական ուռուցքաբանությունը ոչ միշտ է լավ վերջաբան ունենում… բայց, քիչ չեն նաև հաղթանակները… Դեպքերի մեծամասնությունում կարողանում ես ասել պացիենտին և նրա ծնողներին՝ դուք արդեն բուժված եք… Երբ ծնողը մի պահ չի ընկալում ասվածը, և կրկին հարցնում է, իսկ վաղը ինչ ենք անելու… Եվ դու պատասխանում ես, վաղը ապրելու եք ձեր նորմալ կյանքով…
Մի օր ուսանողների հետ համայց էինք անում, և դիմացներս դուրս եկավ 7 տարեկան Հայկը, որի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկեմիա: Հայկի պատմությունների մասին երկար կարող եմ խոսել, սկսած նրանից, որ իր ընկերուհուն՝ նույն ախտորոշումով Անուշիկին թույլ չէր տալիս դեղին գուլպաներ հագնել, բայց մի պատմություն պատմեմ, որ առավել պատկերավոր լինի մեր փոքր հերոսի կերպարը: Երբ Հայկն ակտիվ բուժման փուլում էր, հերթապահությունների ժամանակ հաճախ միասին էինք անում երեկոյան համայցը՝ օբխոդը: Մի անգամ երբ մտանք հիվանդասենյակներից մեկը, որտեղ պառկած էր տարեց մի հիվանդ, ով հավանաբար նոր էր դուրս եկել զուգարանից, Հայկը՝ խաղացնելով չարաճճի աչքերը՝ մատով ինձ դեպի իրեն կանչեց, և երբ կռացա, ականջիս ասեց՝
Ստեղ աղիները գործեր են…
Երեխան ֆիքսել էր, որ միշտ այդ հարցը տալիս եմ հիվանդներին, և այժմ ինքնուրույն ախտորոշում էր դնում: 
Իսկ այն օրը, ուսանողներին հանդիպելիս, ընդառաջ եկավ, աչքերով հասկացրեց, որ ուզում է ականջիս բան ասել և ասաց՝
Էնի աղջիկ խորոտ է, բայց ոտը ջարդուկ, - հայացքն ուղղելով ուսանողուհիներից մեկին, ով այդ ժամանակ ոտքին գիպս էր կրում:
Հուսով եմ ընթերցողները դեռ չեն մոռացել այս տարվա ձմեռը: Հիշում եք ինչ մառախուղ էր քաղաքում: Ուրեմն ձմեռային մի օր, երեկոյան, Քոչարի փողոցով դեպի վեր եմ բարձրանում, երբ կանգանցնում է պետավտոտեսուչը: Թվում է թե խախտում չեմ արել: Իջնում եմ մեքենայից՝ պետավտոտեսուչը ստուգում է փաստաթղթերը, հետո հարցնում.
Կարո՞ղ է խմած եք:
Չէ, ինչ խմած, - պատասխանում եմ: 
Հաստա՞տ – շարունակում է կասկածամիտ հայացքով: 
Հաստատ, պարոն լեյտենանտ, գործից տուն եմ գնում, ինչ խմել: Բժիշկ եմ համ էլ,  - ասում եմ ինձնից գոհ, հուսալով, որ երբ լսի բժիշկ եմ բաց կթողնի:
Էնպես ասեցիր, կարծես բժիշկները չեն խմում: Ի՞նչ բժիշկ ես:
Մանկական ուռուցքաբան:
Վայ քու արա, ինչի տենց բան էլ ա լինում, քշի-քշի գնա, ախպոր պես… - ու արագ հետ վերադրաձրեց փաստաթղթերս ու հեռացավ: Հետո մի պահ պտտվեց ու ասեց -, որ քշում ես, էն էլ մութ ու սենց մառախուղ, գոնե մեքենայիդ լույսերը միացրու…
Բնական է, ուրախացա, որ չակտավորեցին՝ առանց լուսարձակները միացնելու վարելու համար, բայց երբ նստեցի մեքենան մի պահ մտածեցի, տեսնես ինչ անցավ այդ մարդու մտքով: Հետաքրքիր է, թե իրականում ինչպես են պատկերացնում մանկական ուռուցքաբանին տարբեր մարդիկ: Շատերը, համոզված եմ մանկական ուռուցքաբան տերմինը լսելիս, զարհուրելի մի պատկեր է գալիս աչքերի առաջ ՝ հավանաբար մազերը խառնած հաստապակի ակնոցներով մի բժիշկ…
Սակայն  իրականում, մանկական ուռուցքաբանը մի փոքր այլ է:
Մանկական ուռուցքաբան է բժիշկ Սամվել Դանիելյանը, ով ինչպես իրավացիորեն նկատել էր ընկերներիցս մեկը, ում երեխան բուժվել է մեր կլինիկայում, նա այն մարդն է, որ կարող է կռանալ և կոճկել երեխայի կոշիկի արձակված կապը: Պատերազմի, տարիներին ետ վերադառնալով Հայաստան, բժիշկ Դանիելյանն իր թիմի հետ միասին ներդրեց մանկական լեյկեմիաների բուժման նոր մեթոդները, որ շնորհիվ երեխաների ապրելիությունը 5%-ից աճեց մինչև 70%: Իհարկե, տոկոսները խոսուն են, բայց ամեն այդ տոկոսի տակ բազմաթիվ կյանքեր են, որոնք փրկվել են նման նվիրյալների կողմից…
Մանկական ուռուցքան է բժիշկ Սամվել Իսկանյանը, ով չի տարբերում Մերսեդսը Լադայից, կարող է հիվանդի ծնողի հետևից վազել, որ կռվելով հետ վերադարձնի որպես շնորհակալություն տրված կոնֆետները, և ում կյանքի ուրախությունները հիմնականում շրջանակվում են իր բուժած երեխաներով և իր աճեցրած օրխիդեաներով:
Մանկական ուռուցքաբան է բժիշկ Սամվել Առաքելյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է արյան չարորակ ուռուցքների բուժմանը, եղել է երեխաների մոտ բարձր-դոզային քիմիաթերապիայի պիոներներից մեկը և մեկ տարի առաջ, երբ իր հիվանդներից մեկի մոտ կրկնվեց հիվանդությունը, հոգեբանական այդ վիճակից որոշեց թողնել բժշկությունը: Բայց հույսով եմ, մի օր նորից կվերադառնա և անձայն կշարունակի իր գործը:
Մանկական ուռուցքաբան է բժշկուհի Լիլիթ Սարգսյանը, ում մասին վերջերս իր նախկին հիվանդներից մեկը հարցազրույցում պատմել էր՝ Լիլիթ Ռադիկովնան ուշ էր գնում աշխատանքից տուն իմ համար, ես զգում էի, որ նա ինձ հարազատ մարդ է դարձել: Նոր տարվա օրը ստացա իմ կյանքում ամենաթանկ նվերներից մեկը՝ տաքուկ վերնաշապիկ, որը ինձ աշխարհի ամենատաք վերնաշապիկը թվաց, որորվհետեւ իմ հարազատն էր այն նվիրել, որովհետեւ այն ջերմացնում էր հոգիս: 13 տարի է անցել, բայց ես մինչ այժմ պահում եմ այդ տաքուկ վերնաշապիկը:
Մանկական ուռուցքաբան է բժշկուհի Լուսինե Հակոբյանը, ում երբ գիշերվա կեսին էլ կանչես հիվանդանոց, քաղաքի հակառակ ծայրից այնպիսի արագությամբ է հասնում Մուրացան, որ համոզված եմ աշխատավարձի մեծ մասը հետո գնում է արագությունը գերազանցելու համար մեքենայի տույժերի վրա:
Նրանք մարդիկ են, որ բուժում են մանկական քաղցկեղ: Բուժում են լուռ, առանց ավելորդ աղմուկի, չեն գոռում դրա մասին:
Վերջերս կարդում էի ՛՛Երբ շունչը օդ է դառնում՛՛ գիրքը, Փոլ Կալանիթիի կողմից՝ Սթենֆորդի համալսարանի նեյրովիրաբուժության վերջին տարվա կլինիկական օրդինատորը, որի մոտ ախտորոշվում է 4-րդ փուլում գտնվող թոքի քաղցկեղ, այս գրքում նկարագրում է իր վերջին երկու տարիները: 36 տարեկան երիտասարդ հաջողակ բժիշկ-գիտնականը, ով օրեր առաջ փրկում էր մահամերձ հիվանդներին, այժմ ինքն օգնության կարիք ունի: Այդ երկու տարվա ընթացքում նա տարբեր ժամանակներում շարունակում է բժշկել, կնոջ հետ որոշում են երեխա ունենալ և ծնվում է նրանց աղջիկը, որոշում է գիրք գրել, որը հետագայում մնալու էր անավարտ, վերջաբանը գրվելու էր կնոջ կողմից  և գիրքը Վաշինգտոն Փոսթի և Նյու Յորք Թայմսի կողմից ճանաչվելու էր տարվա գիրք… Գիրքը կյանքի մի պատում է, որտեղ հեղինակը փորձում է տալ հարցի պատասխանը՝ իսկ ինչ է կյանքը և ինչումն է ապրելու իմաստը… Եվ կարծում եմ ինքն էլ հենց տալիս է այդ հարցի պատասխանը՝ ապրելու իմաստն այն իմաստալից ապրելն է… Պետք է գնահատել ամեն մի րոպեն, և փորձել այն ապրել, ասես այն վերջինը լինի… 
Սովորաբար ինձ պացիենտները հարցնում են՝ բժիշկ, իսկ ես կբուժվե՞մ: Ես, որպես կանոն պատասխանում եմ, անպայմա՛ն: Ես գիտեմ, որ, ցավոք, ոչ բոլորը նրանցից կբուժվեն, ոչ բոլորը կկարողանան առողջանալ, բայց նրանք միշտ պետք է ունենան այդ հույսը: Նրանք հարցնում են, որովհետև վախենում են անորոշությունից, մարդիկ ուզում են լինել ինչպես բոլորը, չզգան, որ քաղցկեղ ունեն: Նրանք հարցնում են, իսկ որքա՞ն շանս ես ունեմ: Ոմանք ունեն 90 տոկոս առողջացման շանս, ոմանց շանսը 10 տոկոսի էլ չի հասնում, բայց շանսը միշտ կա, նույնիսկ երբ ամբողջ վիճակագրությունը ասում է, որ շանս չկա: Այդ դեպքում էլ կա շանս ապրելու ամեն րոպեն, իմաստով լցնելու ամեն վայրկյանը… Նրանք կարիք ունեն ծիծաղելու քաղցկեղի մասին…