Ազդոսկրի վզիկի կոտրվածք. վիրահատական բուժման արդյունավետությունը. ներկայացնում է օրթոպեդ Արտակ Գալստյանը

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ազդոսկրի վզիկի կոտրվածքը: Սա հաճա՞խ հանդիպող կոտրվածք է:

- Ազդոսկրի վզիկի կոտրվածքներ առավել հաճախ հանդիպում են բարձր տարիքային խմբում՝ 60+. սա պայմանավորված է նրանով, որ տարիքի հետ, ժամանակի ընթացքում տեղի է ունենում ազդոսկրի գլխիկի սնուցման խանգարում և բարձր տարիքային խմբի կանայք, հատկապես պոստմենոպաուզալ շրջանում ունենում են օստեոպորոզ, որն էլ կոտրվածքների առաջացման համար հանդիսանում էլ հավելյալ ռիսկի գործոն:

Երիտասարդ տարիքում ոսկրային հյուսվածքն ավելի էլաստիկ է, ավելի տարեցների շրջանում՝ պայմանավորված օստեոպորոզով և սնուցման խանգարումներով, ոսկրերը կորցնում են էլաստիկությունը և, նույնիսկ փոքր վնասվածքից՝ հարվածից կամ օրինակ վայր ընկնելուց առաջանում է կոտրվածք:

- Հարցը արդիական է հատկապես տարվա այս եղանակին:

- Այո, ներկա սեզոնին, ձմեռվա ընթացքում նշված տարիքային խմբում ազդոսկրի վզիկի կոտրվածքների մասին խոսելը բավական ակտուալ է այն իմաստով, որ այս շրջանում ձյան, սառույցի առկայության պարագայում նման կոտրվածքների դեպքեր շատ հաճախ են դիտվում:

- Բուժման ի՞նչ եղանակ է ընտրվում այս կոտրվածքների դեպքում:

- Ներկայում, այս կոտրվածքների դեպքում ցուցվում է միայն վիրահատական բուժում, ի տարբերություն նախկինի, երբ տարիներ առաջ մեծամասամբ իրականացվում էր կոնսերվատիվ բուժում: Վերջինիս արդյունքները բացասական էին, և դեպքերը, ցավոք ավարտվում էին հիվանդների մահով՝ կապված ոչ թե բուն խնդրի՝ կոտրվածքի, այլ դրանից բխող հարակից բարդությունների հետ: Ներկա էտապում, ժամանակակից միջոցներ կիրառելով, հանավորություն ունենք այս հիվանդներին արագ ոտքի կանգնեցնել:

- Ինչու՞ նպատակահարմար չէ կոնսերվատիվ բուժումը:

- Փորձը ցույց է տալիս, որ ինչ-ինչ պատճառներով վիրահատությունից հրաժարված պացիենտների կյանքի որակի ցուցանիշը շատ ցածր է կոնսերվատիվ բուժման պարագայում: Բուժման այս տեսակը անարդյունավետ է 90-95% դեպքերում:

- Ինչպես հասկացանք, վիրահատական բուժումը ենթադրում է արագ ապաքինու՞մ: Ներկայացրեք, խնդրեմ:

- Մեր նպատակն է, որ հիվանդը երկար ժամանակ չմնա անկողնում գամված, շուտ վերականգնվի և վերադառնա իր առօրյա կյանքին: Այս պարագայում խուսափում ենք մի շարք բարդություններից՝ թոքերում կանգային երևույթներ, պառկելախոցեր և այլն:

Վիրահատության հաջորդ օրն իսկ արդեն հիվանդը ոտքի է կանգնում:

- Վիրահատական ի՞նչ մեթոդներ գոյություն ունեն այս պարագայում:

- Մի քանի մեթոդներ կան: Վաղ ապաքինման համար առավել նպատակահարմար է իրականացնել էնդոպրոթեզավորում: Այս դեպքում մենք չենք փոխում հոդն ամբողջությամբ, փոխարինվում է միայն կոտրված հատվածը: Արդյունավետ եմ համարում կատարել բիպոլյար էնդոպրոթեզավորում:

Վիրահատությունն ունի բավական կարճ ընթացք՝ շուրջ 40 րոպե և ընթանում է գործնականում առանց արյան կորստի:

Էնդոպրոթեզավորումը հանարավորություն է ընձեռում նվազագույն ծավալով վիրահատությամբ հասնել բավական գոհացնող արդյունքի: 1 օր անց հիվանդը կարողանում է ինքնուրույն կանգնել, իհարկե, հենակների կամ քայլակի օգնությամբ , վիրահատության 3-րդ օրն արդեն կարող է հոգալ իր կենցաղային կարիքները:

Այս կերպ պահպանվում է պացիենտի կյանքի որակը:

Երբ չի կատարվում վիրահատական բուժում, այս պացիենտների խնամքը կազմակերպելը շատ բարդ է դառնում հարազատների համար:

Բացի էնդոպրոթեզավորումը, կարելի է իրականացնել նաև ոսկրի ամբողջականության վերականգնում (օստեոսինթեզ)՝ տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ: Սակայն այս հարցին պետք է շատ զգուշորեն մոտենալ, քանի որ այս տարիքային խմբի դեպքում շատ հաճախ տեղի չի ունենում ոսկրի սերտաճում և դեպքերի գերակշիռ մասում անհրաժեշտ է լինում իրականացնել երկրորդ վիրահատություն: Կարծում եմ, այդ դեպքում ցուցումները խիստ սահմանափակ են: Ըստ վիճակագրության 65+ տարիքային խմբում 50% դեպքերում արդյունքը լինում է անբավարար:

Կապ հաստատել բժշկի հետ

Աղբյուրը՝ Doctors.am