10 փաստ պարենային անվտանգության մասին

1. Ավելի քան 200 հիվանդություն տարածվում է սննդի միջոցով:
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ` հիվանդանում, շատերը մահանում են ոչ անվտանգ սնունդ ընդունելու հետևանքով: Միայն փորլուծության հիվանդությունները խլում են տարին շուրջ 1.5 մլն մանկան կյանք։ Այդպիսի շատ հիվանդություններ վերագրվում են աղտոտված սննդին կամ խմելու ջրին: Սնունդը  պատշաճ պատրաստելը կարող է կանխել սննդային ծագման հիվանդությունների մեծ մասը:
 
2. Աղտոտված սնունդը կարող է հարուցել երկարատև առողջական խնդիրներ:
Սննդային ծագման հիվանդության ամենատարածված ախտանիշերն են ստամոքսի ցավերը, փսխումը և լուծը: Ծանր մետաղներով կամ բնական ծագման տոքսիններով աղտոտված սնունդը կարող է նաև հարուցել երկարատև առողջական խնդիրներ, այդ թվում՝  քաղցկեղ և նյարդաբանական խանգարումներ:
 
3. Սննդային ծագման հիվանդություններն   առավել ծանր են   ներգործում սոցիալապես անապահով մարդկանց վրա:
Աղտոտված սննդամթերքով հարուցված վարակները շատ ավելի ծանրորեն են ներգործում վատ կամ անկայուն առողջությամբ  բնակչության վրա և հեշտությամբ կարող են հանգեցնել լուրջ հիվանդության, անգամ՝ մահվան: Նորածինների, հղիների, հիվանդների ու ծերերի շրջանում սննդային ծագման հիվանդությունների հետևանքները սովորաբար առավել ծանր են և կարող են ճակատագրական լինել:
 
4. Գոյություն ունեն սննդի աղտոտման բազմաթիվ ուղիներ:
Այսօր բնակչությանը սննդով ապահովելը բարդ գործընթաց է, և սնունդը սպառողին հասցնելը ներառում է տարբեր փուլեր՝ ներտնտեսային արտադրություն, մորթ կամ բերքահավաք, վերամշակում, պահեստավորում, տեղափոխում և բաշխում։ 
 
5. Համաշխարհայնացումը (գլոբալացում)  պարենային անվտանգությունը դարձնում է կենսականորեն  անհրաժեշտ, բայց և ավելի խրթին:
Սննդի արտադրության և առևտրի համաշխարհայնացումը սննդային շղթան դարձնում է ավելի երկար՝ բարդացնելով սննդային ծագման հիվանդությունների բնռկման և հետևանքների քննությունը, դժվարացնելով արտակարգ իրավիճակներում արտադրանքը հետ պահանջելը:
 
6. Պարենային անվտանգությունը բազմոլորտ  խնդիր է
Սննդի անվտանգությունն ապահովելու և  բարելավելու նպատակով համագործակցում են բազմաթիվ մասնագետներ՝ օգտվելով գիտության և տեխնոլոգիաների արդի նվաճումներից: Անհրաժեշտ է փոխգործակցություն, այլև  հանրային առողջապահությամբ, գյուղատնտեսությամբ, կրթությամբ ու առևտրով զբաղվող բոլոր կառավարական վարչությունների և գերատեսչությունների փոխադարձ կապ՝ ներգրավելով նաև քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ սպառողական խմբերին:
 
7. Սննդի   աղտոտումն   իբրև  ամբողջություն ազդում է նաև տնտեսության և հասարակության վրա:
Սննդի աղտոտումը, անմիջական հանրային առողջապահական հետևանքներից բացի, ունենում է նաև հեռահար հետևանքներ. այն խաթարում է  սննդամթերքի արտահանումը, զբոսաշրջությունը, սննդամթերք մշակողների բարեկեցությունը և տնտեսության  բարգավաճումն ինչպես առաջադեմ, այնպես էլ զարգացող երկրներում:
 
8. Որոշ վնասակար մանրէներ դառնում են դեղակայուն:
Հակաբիոտիկային կայունությունը համաշխարհային հարաճուն առողջապահական մտահոգիչ խնդիր է: Գյուղատնտեսության և անասնապահության  մեջ հակամանրէային միջոցներ  չարաշահելը, ի լրումն մարդկանց  օգտագործելու, հակաբիոտիկային կայունություն առաջանալու   ու տարածվելու գործոններից են: Հակաբիոտիկակայուն մանրէները կենդանիներից կարող են սննդի միջոցով փոխանցվել մարդկանց:
 
9. Յուրաքանչյուրն ունի սնունդն անվտանգ պահելու իր դերը:
Պարենային անվտանգությունը կառավարության, արդյունաբերության, արտադրողի, ակադեմիական կառույցների ու սպառողների համընդհանուր պատասխանատվությունն է. յուրաքանչյուր ոք ունի իր ուրույն դերը: Պարենային անվտանգությունը բազմոլորտ գործընթաց է, որը փորձագիտական գիտելիքներ է պահանջում մի շարք ոլորտներում` թունաբանություն, մանրէաբանություն, մակաբուծաբանություն, սննդաբանություն, առողջապահական   տնտեսագիտություն, ինչպես նաև բժշկություն և անասնաբուժություն: Կարևոր է նաև տեղական համայնքների, հասարակական խմբերի և դպրոցական կրթության    դերը: 
 
10. Սպառողները պետք է  իրազեկվեն պարենային անվտանգության պահպանման կանոններին:
Մարդիկ պետք է կատարեն սննդի խելացի  ընտրություն՝ պահպանելով համարժեք գործելակերպ: Նրանք պետք է քաջատեղյակ լինեն ոչ միայն պարենային տարածված վտանգներին, այլև   սնունդն անվտանգ պատրաստելուն՝ օգտվելով պարենային ապրանքների մակնշմամբ նախատեսված տեղեկություններից:
 
Doctors.am
ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016