Հիվանդությունների ախտորոշում՝ նոր մեթոդով. ԴՆԹ-ի չիպային իդենտիֆիկացում

Աշխարհում ընդունված ու տարածված, իսկ Հայաստանում միակը. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում արդեն հնարավոր է նորագույն սարքավորումով միանգամից մի քանի հիվանդություն ախտորոշել:

«ԴՆԹ-ի չիպային իդենտիֆիկացման մեթոդները» թեմայով սեմինարի ընթացքում հենց այս մասին էր խոսվում:

Վարակիչ հիվանդությունների վիրուսների և մանրէների ախտորոշման ոլորտի միջազգային առաջատար «Գենոմիկա» ֆիրմայի մասնագետներն իրենց հայ գործընկերներին էին ներկայացնում նոր մեթոդի բոլոր առանձնահատկությունները: Չիպային իդենտիֆիկացման մեթոդն ամենահուսալիներից է, ախտորոշումը կատարում է արագ և առավելագույն ճշգրտությամբ:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն պրոֆ. Թամարա Սարգսյանի խոսքով՝ սրանք լիցենզավորված և բարձր որակի չիպեր են, որոնց միջոցով կարելի է ախտորոշել ինչպես սեռական ճանապարհով փոխանցված տարբեր ինֆեկցիաներ, մարդու պապիլոմավիրուսների 35 տեսակներ, այնպես էլ՝ պարզել քաղցկեղային և գենետիկ հիվանդությունների նախատրամադրվածությունների հավանականությունը և ոչ միայն:

-Սեմինարը նվիրված է կարևոր և ակտուալ հարցի. հիվանդությունների ախտորոշման համար ԴՆԹ չիպերի կիրառումը նոր մոտեցում է, այս մեթոդից նաև մեր սպասելիքներն են մեծ,- ասում է Թամարա Սարգսյանն ու շարունակում,- Հայաստանում այս սարքի կարիքը շատ կար: Ինֆեկցիոն հարուցիչների հետ կապված լուրջ խնդիր կա՝ տարբեր լաբորատորիաներում և հիվանդանոցներում տարբեր տվյալներ կարող են լինել, իսկ այս սարքը ախտորոշումը կատարում է ժամերի ընթացքում և ճշտորեն: Որպես սարքի առավելություն պետք է նաև նշել, որ մարդկային գործոնն այստեղ նվազեցված է:

  

Արագ, ճշգրիտ, արդյունավետ, եվրոպական ստանդարտներին համապատասխան. մասնագետը ԴՆԹ նոր չիպերը համարում է ձեռքբերում և նշում՝այս մեթոդի կիրառման հարցում տարիքային սահմանափակում չկա, իսկ հիվանդների հետ աշխատելու են կենտրոնի փարձառու բժիշկները:

Վերջում Թամարա Սարգսյանը հիշեցնում է՝ ժամանակին և ճիշտ ախտորոշման  դեպքում կարելի է կանխել հիվանդությունների խորացումն ու արդյունավետ դարձնել բուժումը:

Հեղ.՝ Անահիտ Հակոբյան
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
10 մայիսի, 2017 թ.