Նկարագրություն
Տուլարեմիայով հիվանդանում են կրծողները (դաշտամկներ, տնային մկներ, ջրային առնետներ և այլն), ինչպես նաև նապաստակները և ճագարները, որոնք սովորաբար սատկում են: Հիվանդությունը վարակիչ է, ընթանում է տենդով և ավշահանգույցների ախտահարումով: Դասվում է բնական օջախային հիվանդությունների շարքը:

Պատճառներ
Տուլարեմիայի հարուցիչը բակտերիա է, որը մինչև 60ºC տաքացնելիս ոչնչանում է 20 րոպեի ընթացքում, եռացնելիս` անմիջապես, իսկ վարակազերծող լուծույթների ներգործությունից` մի քանի վայրկյանում:
Հարուցիչները հիվանդ կրծողների օրգանիզմից արտազատվում են արտաթորանքի հետ: Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատկի, խոտի, ծղոտի հետ շփվելուց, ջուրն օգտագործելուց, ջրամբարներում լողանալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիներից տուլարեմիայի հարուցիչը մարդուն փոխանցող արյունածուծ միջատների (տզեր, մոծակներ և այլն) խայթոցներից: Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, աչքի լորձաթաղանթի, շնչուղիների, ստամոքսային համակարգի միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Պաթոգենեզ
Գաղտնի շրջանը 3-7 (երբեմն մինչև 21) օր է, որի ընթացքում հարուցիչը կարող է գտնվել մարդու օրգանիզմում, բայց հիվանդության ախտանշաններ չառաջացնել: Հիվանդությունը սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40ºC, նկատվում են դող, գլխացավ, մկանացավեր, հնարավոր է փսխում, զառանցանք, քթային արյունահոսություն, առաջին օրերին` թուլություն, անտարբերություն, քրտնոտություն: Եթե հարուցիչն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի (քերծվածք, կտրած վերք և այլն), աչքի լորձաթաղանթի միջոցով, ապա մոտակա ավշահանգույցները բորբոքվում են, և առաջանում է, այսպես կոչված, բուբոն: Տուլարեմիան ընթանում է խոցաբուբոնային, մաշկաբուբոնային, ակնային, որովայնային, թոքային և այլ կլինիկական ձևերով: Հարուցիչը շնչուղիներով թափանցելիս առաջանում են բրոնխաբորբ, թոքաբորբ, իսկ մարսողական համակարգի լորձաթաղանթով անցնելիս` սրտխառնոց, ուժեղ որովայնացավեր:

Բուժում
Տուլարեմիան բուժում է բժիշկը: Հիվանդության ելքը մեծ մասամբ բարենպաստ է: Հիվանդանալուց հետո առաջանում է կայուն իմունիտետ:

Կանխարգելում
Տուլարեմիայի կանխարգելման նպատակով պետք է սննդամթերքը և ջուրը պաշտպանել կրծողների աղտոտումներից և ոչնչացնել կրծողներին բնակելի շինություններում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին