Հարուցիչը՝ Taeniarhynchus saginatus-ը, խոշոր մակաբույծ է՝ 4-ից 10 մետր երկարությամբ, 1,5-2մմ լայնությամբ։ Դասվում է ժապավենաձև որդերի շարքին, հերմոֆրոդիտ է, բեղմնավորումը կատարվում է մակաբույծի երկու սեգմենտների միջև կամ այլ մակաբույծի սեգմենտի հետ։ Մակաբույծն ունի գլխիկ, պարանոց և մարմին (սեգմենտներ), վերջիններն ինչքան մոտ են մակաբույծի գլխիկին, այնքան երիտասարդ են և ընդհակառակը։ Հարուցիչի ստորին հատվածները հասունացած են և պարունակում են ձվեր, որոնց մեջ գտնվում է ապագա որդի սաղմը։ Գլխի վրա տեղավորված են 4 հզոր ծծիչներ, որոնց օգնությամբ կպչում է աղիքի պատին։
Տավարի երիզորդը տարածված է ամենուր, հատկապես Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Հնդկաչինում, Հարավային Ասիայում։ ԱՊՀ երկրներից այն հիմնականում տարածված է Անդրկովկասում, Ուզբեկսւոանում, Տաջիկստանում։
Տավարի երիզորդի թրթուրային ստադիան միջանկյալ տերերի մոտ (խոշոր եղջերավոր կենդանիներ) հայտնաբերվում է ամենուրեք, սակայն շատ բարձր տոկոս է կազմում Արևելյան Աֆրիկայում (30-80%): Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 0,3-0,4%:
Հայաստանի Հանրապետությունում, վերջին տասնամյակի տվյալների համաձայն, այն կազմել t 0,2-0,5%: Այս ցուցանիշն ուղիղ համեմատական է մարդկանց վարակվածության ցուցանիշին։

Վարակի աղբյուրը
Վարակված մարդիկ են։ Վարակը նրանց է փոխանցվում այն ժամանակ, երբ սնվում են վարակված կենդանիների անհրաժեշտ ջերմային մշակման չենթարկված մսով (որը պարունակում է այսպես կոչված ֆինաներ)։ Ֆինան մսի հետ անցնում են մարդու ստամոքս, ուր թթվի ազդեցության հետևանքով լուծվում է դրա թաղանթը, և մակաբույծի գլխիկըանցնում է արյան մեջ ու տեղակայվելով մկաններում պատենավորվում է վերածվելովֆինայի՝ ցիստիսցերկոզի։ Ֆինան իրենից ներկայացնում է փոքրիկ բլթիկ լցված թափանցիկ հեղուկով, որի մեջ է գտնվում մակաբույծի գլխիկը (սկոլեքս)։
Այս զարգացումը տևում է 2-4 ամիս։ Մի ժամանակ այն կարծիքը գոյություն ուներ, թե ֆինաները միջանկյալ տիրոջ օրգանիզմում կարող են իրենց կենսունակությունը պահպանել շատ երկար ժամանակ։
Սակայն վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք մեկ տարվա ընթացքում կենդանիների մկաններում ոչնչանում են, պետրիֆիկացիայի են ենթարկվում։
Մակաբույծի ձվերը (օնկոսֆերա) արտաքին միջավայրում բավականին կայուն են, ոչնչանում են միայն (80-90°) աստիճանում։ Դիմանում են նաև ցածր ջերմաստիճանին։ Այս հիվանդության տարածվածության աստիճանը պայմանավորված է ազգային սովորույթներով։ Ավելի տարածված է այն ազգերի մոտ, որոնց որոշ սննդատեսակներ անհրաժեշտ ջերմային մշակման չեն ենթարկվում (խորոված, բաստուրմա, քյուֆթա և այլն)։ Այս հիվանդության փոխանցման գործում որոշակի դեր ունեն տնային ճանճերը։

Պայքարը և կանխարգելումը
Այս հիվանդության ժամանակ կրում է համալիր բնույթ։ Այն իրագործվում է բժշկական և անասնաբուժական ծառայությունների կողմից։ Առաջինը պայքարում վարակի աղբյուրի դեմ, իսկ երկրորդը նպատակ ունի կանխել փոխանցման մեխանիզմը։
Հիվանդության ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունի վարակված մարդկանց կողմից դեպի արտաքին աշխարհ արտազատված սեգմենտների առկայությունը, որը հնարավորություն է ստեղծում առանց լաբորատոր քննության դիմելու ախտորոշել հիվանդությունը։ Հիվանդներին հայտնաբերելու համար առաջարկվում է բնակավայրի ազգաբնակչության մեջ անցկացնել քննություն հարցման միջոցով։ Հիվանդության առկայություն նշող անձինք ենթակա են անհապաղ բուժման։ Բուժումը կատարվում է ստացիոնարում կամ տնային պայմաններում՝ ֆենասալ, յոմեզան, ակրիխին, բիտինոլ դեղամիջոցների օգնությամբ։

Եթե բուժումից 3-4 ամիս հետո հարցման միջոցով պարզվում է, որ բուժվածի կղանքում առկա է սեգմենտը, նա կրկնակի բուժման է ենթարկվում։ Մակաբույծի ընկնելու ժամանակ պետք է ուշադիր զննելով պարզել, թե, արդյոք, ընկե՞լ է որդի գլխիկը։ Միայն այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ հիվանդությունը չի կրկնվի։ Ֆենասալով բուժելու ժամանակ (2,0-3.0 գր՝ մեծահասակին, 0,5-1,0 գր երեխաներին, երկնվագ՝ մեկ օրվա ընթացքում) արդյունավետությունը հասնում է 60-96%-ի։

Անասնաբուժական ծառայության կողմից սահմանվում է հսկողություն սպանդանոցներում՝ կենդանու մսում ֆինաներ հայտնաբերելու նպատակով, դրական պատասխանի դեպքում միսը ենթարկվում է ջերմային մշակման և պահածոյացվում է։ Սանիտարահիգիենիկ հսկողություն է սահմանվում անասնապահական ֆերմաների տարածքներում։ Վարակված աշխատողները ենթակա են անհապաղ, առաջնահերթ բուժման։ Անհրաժեշտ է արգելել գաղտնի մորթերը և մսի վաճառքը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին