Ստրոնգիլոիդոզի հարուցիչը Strongyloides stercoralis-ն է։ Այն մոտ 2.2 մմ երկություն ունեցող (էգ), մազանման, կլոր որդ է, դասվում է հելմինթոզների շարքին, որոնք ծանր ախտաբանական երևույթներ են առաջացնում մարդկանց մոտ։ Այս հիվանդությունը բավականին տարածված է բարձր խոնավություն ունեցող գոտիներում, հատկապես Նեղոսի հարթավայրում, Մադագասկարում, ԱՄՆ-ի հարավային նահանգներում, Հարավային Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում։ ԱՊՀ երկրներից այն տարածում ունի Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերում, Ադրբեջանում, Հայաստանում, Հյուսիսային Կովկասում և այլուր։

Վարակի աղբյուրը
Համարվում են հիվանդ մարդը և շները։ Մարդը հիվանդնում է ինվազիոն թրթուրներ պարունակող հողի հետ շփվելիս։ Վարակվում են նաև այս թրթուրներով կեղտոտված սննդամթերքից և ջրից։ Վարակը փոխանցվում է նաև մաշկի միջոցով։ Անկախ նրանից, թե որ ճանապարհով է վարակվել մարդը, թրթուրները մինչև հասուն ձևեր դառնալը միգրացիա են կատարում արյան փոքր շրջանառության միջոցով, տեղակայվում են թոքերում՝ առաջացնելով զանազան ախտաբանական երևույթներ։ Նրանց սեռական հասունացումը տեղի է ունենում ինչպես 12-մատնյա աղիքում, այնպես էլ թոքերում (որտեղից հասուն ձևերը կարող են նորից անցնել բարակ աղիքները՝ ինչպես ասկարիդոզի ժամանակ)։

Հիվանդությունը բաժանվում է սուր և քրոնիկական շրջանների։
Սուր շրջանում հիվանդներն ունենում են ջերմություն, մաշկի վրա առաջանում է ցան, բորբոքվում են բրոնխները, տեղի են ունենում ասթմատիկ, ալերգիկ երևույթներ, երբեմն էլ սկսվում է թոքաբորբ, արյան մեջ գոյանում է էոզինոֆիլիա, որոշ հիվանդների մոտ ի հայտ են գալիս 12-մատնյա աղիքի խոցային երևույթներ։

Քրոնիկական շրջանում գերակշռում են գաստրոդուոդենիտի երևույթները, ուժեղանում են ալերգիկ երևույթների հետևանքով առաջացող ախտաբանական նշանները (ասթմատիկ բրոնխիտներ, ուժեղ մաշկային ինֆիլտրացիոն բնույթի ցան, արյան մեջ պակասում է տրոմբոցիտների քանակությունը)։
Հիվանդությունն ախտորոշվում է 12-մատնյա աղիքի պարունակության քննությամբ, ուր հայտնաբերվում են կենդանի թրթուրներ։ Կարելի է կատարել կղանքի մակաբուծաբանական քննություն, որի ժամանակ դարձյալ կարելի է հայտնաբերել թրթուրներ։

Փոխանցման մեխանիզմը

Վատ է ուսումնասիրված։ Հայտնի է, որ արտաքին միջավայրում մակաբույծի զարգացման համար անհրաժեշտ է 28-34° ջերմություն, բարձր հարաբերական խոնավություն։ Ցածր հարաբերական խոնավության պայմաններում, թթվածնային խաղցի պատճառով, ջրի մեջ դրանք արագ ոչնչանում են։

Պայքարը և կանխարգելումը

Հիվանդ մարդկանց անհրաժեշտ է անպայման հոսպիտալացնել և բուժել։ Բուժումը կատարվում է բենզիմեթազոլ մինթեզոլով մեկ կիլոգրամ քաշին 0,25 մգ չափաբաժնով։ Դեղամիջոցը տրվում է 2-3 անգամ (բուժումը 3 օր, իսկ ծանր վարակվածության դեպքերում՝ 5 օր)։ Մեզ մոտ բուժումը տարվում է մեդամինով՝ երեք օր տևողությամբ։ Հայտնաբերված հիվանդներին բուժելուց հետո պահում են դիսպանսեր հսկողության տակ։ Անհրաժեշտ հսկողություն է պետք սահմանել մշակովի դաշտերում (այս հիվանդության էնդեմիկ վայրերում) աշխատողների և հանքափորների վրա։ Սանիտարահիգիենիկ միջոցառումները նույնն են, ինչ մյուս գեոհելմինթների ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին