Փոքր կոնքի որովայնամզի բորբոքումը կոչվում է պելվիոպերիտոնիտ։ Պատճառագիտության մեջ կարևոր դեր ունեն յուրահատուկ և ոչ յուրահատուկ հարուցիչները։ Այն սովորաբար երկրորդային բորբոքային պրոցես է, որը զարգանում է որպես արգանդի և հավելումների բորբոքումների, պիոսալպինքսի և պիօվարի, ինչպես նաև փոքր կոնքի այլ օրգանների բորբոքումների բարդություն, օրգանիզմի իմունակենսաբանական ռեակտիվականության իջեցման (անկման) ֆոնի վրա։ Վարակը տարածվում է ավշային, արյունային, կանալիկուլյար ճանապարհով։ Պելվիոպերիտոնիտը կարող է լինել մասնակի (պհրիսալպինգիտ, պերիոօֆորիտ, պերիմետրիտ) և տարածուն, երբ վարակը տարածված է փոքր կոնքի որովայնամզի ընդերային և առպատային թերթիկների վրա:

էքսուդատի բնույթից կախված տարբերում են շճա-ֆիբրինոզային և թարախային պելվիոպերիտոնիտ։ Շճա-ֆիբրինոզային պելվիոպերիտոնիտի սուր փուլն ընթանում է որովայնամզի հիպերեմիայի, այտուցվածության, միկրոցիրկուլյացիայի դիստրոֆիկ խանգարումներով։ Այս ձևի ժամանակ բնորոշ է կպումնային պրոցեսի զարգացումը բորբոքման արագ սահմանափակումով։ Թարախային ձևի ժամանակ պրոցեսի սահմանափակումը տեղի է ունենում շատ դանդաղ և թարախը կուտակվում է դուգլասյան փոսում։

Կլինիկան. Հաճախ հիվանդությունը ստանում է սուր ընթացք։ Հիվանդները գանգատվում են.
1. բարձր հեկտիկ ջերմությունից,
2. որովայնի սուր ցավերից, հատկապես ստորին հատվածներում,
3. ինտոքսիկացիայի երևույթներից.
- սրտխառնոց,
- փսխում,
- ընդհանուր թուլություն,
- գլխացավ, գլխապտույտ,
- ցավեր դեֆեկացիայի և միզարձակման ժամանակ։ Օբյեկտիվ քննության ժամանակ հայտնաբերվում է հետևյալը.
- լեզուն չոր, փառակալած,
- որովայնի ձգվածություն, լարվածություն, փքվածություն,
- անոթազարկի, շնչառության հաճախականացում,
- Շչոտկին-Բլյումբերգի ախտանիշը դրական է,
- ԷՆԱ-ի արագացում, լեյկոցիտոզ ձախ թեքումով,
- աղիների գալարակծկանքների խանգարում։

Ներքին զննում. Արգանդը և հավելումները շոշափել առանձին-առանձին չեն հաջողվում որովայնի առաջային պատի խիստ լարվածության հետևանքով։ Հայտնաբերվում է հետին կամարի ռիգիդություն, ցավոտություն։ Երբեմն հաջողվում է արգանդի հետևում շոշափել ինֆիլտրատ, հետին կամարի արտափքում։

Ախտորոշումը. Իրականացվում է կլինիկական տվյալների անալիզի հիման վրա, ախտորոշման հաստատման համար կատարվում է նաև հետին կամարից պունկցիա։
Համալիր բուժման սկզբունքները նույնն են, ինչ սուր սալպինգոօֆորիտների դեպքում։ Եթե կան թարախակույտեր, ապա դրանք դատարկվում են։ Համալիր բուժման ժամանակ հաճախ նկատվում է լավացում։ Բուժման անարդյունավետության դեպքում, և երբ զարգանում է տարածուն պերիտոնիտ, ցուցված է վիրահատությունը։

Ուղիղ աղիք-արգանդային փոսության թարախակույտ.
Ուղիղ աղիք-արգանդային փոսության թարախակույտը պերիտոնիտի հատուկ ձև : Երբ վարակն անցնում է այդ փոսության որովայնամզի վրա և գոյացնում թարախակույտ որի պատերը կազմված են արգանդից, ուղիղ աղուց, ազիների գալարներից, ճարպոնից:
Հաճախ զարգանում է.
1. հավելումների թարախային ուռուցքի պատռման,
2. արգանդի պերֆորացիայի (ծակվածքի) և արտահիվանդանոցային վարակված
վիժումների ժամանակ։

Ներքին զննման ժամանակ շոշափվում է գոյացություն, հեշտոցի հետին կամարի արտափքում, հայտնաբերվում է ֆլյուկտուացիա (ծփանք)։ Թարախակույտը, որը կոնքային սահմանափակված պերիտոնիտ է, ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի դրսևորումներով, ինչպես նաև կղման և  միզարձակման դժվարացմամբ։ Համալիր հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն բուժման ֆոնի վրա ցուցված է հեշտոցի հետին կամարի պունկցիան՝ հետագա կոլպոտոմիայով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին