Երեխաների մոտ հազվադեպ հանդիպող այս հիվանդության պատճառը ենթաստամոքսային գեղձի ß ինսուլինաակտիվ բջիջներից գոյացող մեծ մասամբ բարորակ ուռուցքն է։ Բնորոշ է թերշաքարարյունային նոպաների առաջացումը քաղցած ժամանակ կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս, այդ ընթացքում շաքարի մակարդակի անկումը և հիվանդի վիճակի արագ բարելավումը գլյուկոզայի ներարկումից կամ քաղցրի օգտագործումից։ Նման վիճակներում հիվանդներին քննելիս աչքի է ընկնում քրտնարտադրությունը, հաճախասրտությունը, ձեռքերի մատների կամ ընդհանրապես ձեռքերի դողը և դեմքի գունատությունը։ Այդ երևույթներին հաջորդում են հոգեշարժ գրգռվածությունը, որոնք արտահայտվում են մկանակծկանքների ձևով, իսկ ապա՝ նաև արգելակված վիճակն ու գիտակցության կորուստը, որը կարող է զարգանալ նաև առանց վերոհիշյալ նախանշանների։

Երեխաների մոտ նման վիճակը կարող է արտահայտվել լյարդի որոշ հիվանդությունների (գալակտոզեմիա, գլիկոգենոզ), ենթատեսաթմբի ախտահարման, մակերիկամային և հիպոֆրզային անբավարարության դեպքերում, երբ սովորաբար ցածր է արյան շաքարը և բարձր է հիվանդների ինսուլինազգայնությունը։ Մյուսների մոտ կյանքի առաջին տարում պատճառը լինում է օրգանիզմի կողմից ֆրուկտոզայի չտանելը, երբ մեզում հայտնաբերվում է ֆրուկտոզա։ Ճիշտ ախտորոշման նպատակով կատարվում է ֆրուկտոզայով բեռնվածության փորձը, երբ կայուն կերպով ավելանում է ֆրուկտոզան, իսկ գլյուկոզան՝ նվազում։ Օրգանիզմի կողմից լեյցինի չտանելը կամ գերզգայնությունը նրա հանդեպ ժառանգական բնույթ ունի, որի դեպքում թերշաքարարյունությունից բացի լինում են նաև նյարդային համակարգի ախտահարումներ։ Ախտորոշիչ կարևոր փորձ է երեխային խմելու կամ ներերակային ձևով լեյցին տալը։ Եթե փորձից հետո առողջ երեխաների շաքարը չի իջնում, ապա հիվանդների մոտ նորմայի համեմատությամբ այն պակասում է 20-30%-ի չափով։

Պետք է մտածել այն մասին, որ երեխաների թերշաքարարյունությունը կարող է լինել գլիկոգենոլիզի համար անհրաժեշտ ֆերմենտների բնածին բացակայության կամ ենթաստամոքսային գեղձի aբջիջների, հետևապես և գլյուկագոնի պակասեցման կամ ենթաստամոքսային գեղձի հորմոնաակտիվ ուռուցքի հետևանք։ Ախտորոշման նպատակով կատարում են քաղցածության փորձը, ուտելուց հետո երեխային քաղցած են թողնում մինչև 72 ժամ, յուրաքանչյուր 3 ժամը մեկ որոշելով արյան շաքարը։ Միաժամանակ կարելի է որոշել նաև իմունառեակտիվ ինսուլինը քաղցած ժամանակ և նոպայի ընթացքում։ Եթե փորձի ընթացքում արյան շաքարի պարունակությունն ընկնում է 2,2 մմոլ/լ-ի, ապա հիմք կա մտածելու հիպերինսուլինիզմի մասին։ Կասկածելի դեպքերում կատարվում է ենթաստամոքսային գեղձի սփռագրություն (սկանոգրաֆիա) կամ սոնո- գրաֆիա։ Երեխաների թերշաքարարյունային վիճակները հաճախ ֆունկցիոնալ բնույթ ունեն; Բուժման նպատակով խորհուրդ է տրվում երեխային կերակրել հաճախ և այն էլ ածխաջրերով հարուստ սննդամթերքով։ Ինսուլոմայի բուժումը վիրահատական է։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին