Իխթիոզը ("ձկան խրթեշ") մաշկի ժառանգական սնուցախանգարում է, որը բնորոշվում է բարձրացված եղջերագոյացումով և եղջարային զանգվածների դանդաղ անջատմամբ: Մաշկի ախտահարվումը հայտնաբերվում է վաղ մանկական` ամենից հաճախ մոտ 3 տարեկան հասակում և պահպանվում է ամբողջ կյանքում: Սկսվելով վաղ մանական հասակում` իխթիոզը իր առավելագույն զարգացմանն է հասնում սեռական հասունացման շրջանում և պահպանվում է այդ ձևով մինչև հիվանդի կյանքի վերջը: Ամռան ամիսներին, հատկապես հարավում, ճարպի և քրտինքի բարձրացած արտազատության հետևանքով մաշկային ծածկույթի վիճակը բարելավվում է: Իխթիոզով հիվանդները հակված են հիվանդանալու պիոդերմիտներով, մաշկաբորբով, էկզեմայով:

Պաթոգենեզ
Կլինիկորեն իխթիոզն արտահայտվում է մաշկի չորությամբ ու նրա մակերեսների վրա եղջերային զանգվածների կուտակումով` թեփերի կամ հոծ եղջերային թիթեղիկների ձևով, բորբոքային երևույթների բացակայությամբ: Իխթիոզի ամենաթեթև ձևի ժամանակ (քսերոդերմիա) մաշկային ծածկույթի վրա լինում է մանր, ալրանման թեփոտում, որը ցայտուն երևում է եղունգով գծելիս: Դրա հետ մեկտեղ վերջույթների տարածիչ մակերեսների ու հետույքների վրա երևում են մոխրագույն գույնի մանր, ֆոլիկուլային, եղջերային հանգույցներ` կենտրոնում աղվամազով ծածկված: Իխթիոզի առավել արտահայտված ձևը (ichthiosis simplex) բնութագրվում է մաշկի մակերեսին ամուր կպած թերթիկավոր թեփերի գոյացումով: Դրանք ունեն մոխրասպիտակ գույն և միմյանցից բաժանված են ճեղքանման ակոսներով: Իխթիոզի ամենացայտուն ձևը (ichthiosis cornea) արտահայտվում է մակշկի մակերեսի վրա հաստ ու ամուր, մոխրաշագանակագույն, եղջերային վահանիկների գոյացումով, որոնք միմյանցից հեռացած են խոր ակոսներով: Երբեմն եղջերային վահանիկներն ունենում են մաշկի մակերեսից մի քանի միլիմետր բարձրացող կոնաձև ելունների կամ փշերի տեսք (ichthiosis hystrix): Իխթիոզի բոլոր ձևերի ժամանակ ճարպի ու քրտինքի արտազատումը խիստ իջած է: Ախտահարվում է, որպես կանոն, ամբողջ մաշկային ծածկույթը: Միայն հոդային ծալքերում, անութային փոսերում, աճուկային ծալքերում ու սեռական օրգանների վրա է մաշկը մնում բնականոն: Դեձմքի ու գլխի մազածածկ մասի վրա իխթիոզն արտահայտվում է ալրանման թեփոտումներով: Ափերի ու ներբանների վրա նշվում է մաշկային ակոսների մեծ արտահայտվածություն (նորմայի համեմատ):

Բուժում
Մաշկի մակերեսից եղջերային զանգվածները հեռացնելու համար նշանակվում են տաք (38-39 °) լոգանքներ սոդայով (լոգարանին` 100 գ): Այնուհետև մաշկին քսել 2 տոկոսանոց սալիցիլաթթվային քսուք` պատրաստված վազելինով և լանոլինով (վերցրած հավասար չափերով): Խիստ արտահայտված ձևերի ժամանակ սկզբում պետք է օգտագործել 5-10 տոկոսանոց սալիցիլային քսուք: Եղջերային շերտի թեփազերծման պրոցեսի նորմալացման նպատակով հանձնարարում են տաք աղային լոգանքներ (1-3 տոկոսանոց NaCl) ու ներմերսումներ 10 տոկոսանոց նատրիումի քլոր պարունակող քսուքով: Միաժամանակ նշանակվում է A վիտամին, օրը 100 000 - 200 000 ԱՄ, 2-3 ամսվա ընթացքում: Խորհուրդ է տրվում ամռանը երկար ժամանակ լինել հարավում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին