Հարբուխը, ինչպես հայտնի է, շատ-շատերն ընդհանրապես հիվանդություն չեն համարում.  գրեթե յուրաքանչյուր երկրորդը տառապում է դրանով։ Եւ բանը հասնում է բժշկին միայն այն ժամանակ, երբ հանկարծ անտանելի գլխացավ է սկսվում, բարձրանում ջերմությունը։ Կարծես թե, սովորական հարբուխն արդեն վերածվել է սարսափազդու հայմորիտի։ Ի՞նչ անել։ Հայմորիտը չափազանց տհաճ հիվանդություն է։ Իր անվանումը ստացավ այն բանից հետո, երբ միջնադարում բժիշկ Նաթանիել Հայմորը վերին ծնոտի շրջանում հայտնաբերեց սնամեջ տարածություն՝ խոռոչ, որն էլ կոչվեց նրա անունով։ Ի՞նչը կարող է այդ նենգ հիվանդության պատճառ դառնալ, որի հետեւանքով առաջանում է գլխուղեղի կարեւորագույն կառուցվածքների անմիջական հարեւանությամբ ընթացող թարախային բորբոքում։ Պատասխանն ակնհայտ է. ցանկացած վիրուսային ինֆեկցիան, նույնիսկ թեթեւ մրսածությունը, որը հիվանդն անց է կացրել ոտքի վրա եւ համապատասխան բուժում չի ստացել։

Հայմորիտի զարգացմանը նպաստում են նաեւ քթի խոռոչի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները, որոնք հանգեցնում են խոռոչներում նորմալ օդափոխանակության խաթարումների, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում բակտերիալ ինֆեկցիայի համար։ Մեկնակետ կարող են դառնալ չհեռացված նշագեղձերը, հաճախակի անգինաները, թույլ իմունիտետը։ Նույնիսկ հիվանդ ատամը կարող է նպաստել հիվանդության առաջացմանը։ Ե՞րբ է հարկավոր շտապ դիմել բժշկի։ Եթե հարբուխը չի դադարում ավելի քան 10 օր, սկսվել են գլխացավեր եւ լորձաթարախային (թանձր, մուգ դեղին կամ շագանակագույն-կանաչավուն) արտադրություն քթից։ Այդ փուլում հիվանդությունը միանգամայն ենթարկվում է թերապեւտիկ բուժման, բժիշկը սովորաբար նշանակում է անտիբիոտիկներ ու քթի կաթիլներ։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե նույն ախտանշանների պարագայում ջերմ է սկսվել։ Այստեղ արդեն անհրաժեշտ է անկողնային ռեժիմ։

Իսկ եթե բանը հասցրել եք սաստիկ գլխացավի, ճնշում եք զգում քթի շրջանում, այտերը կամ կոպերը այտուցվել են, հոտառությունը չքացել է, իսկ ձայնը ստացել ռնգային երանգ, ապա հիվանդությունը փոխարկվել է ծանր ձեւի։ Պատրաստվեք շտապ հոսպիտալացման, քանզի լոկ մի քայլ է բաժանում ձեզ ակնախոռոչի կամ գլխուղեղի բորբոքումից։ Դեռեւս խորհրդային ժամանակներից հայմորիտը բուժում էին հիմնականում հայմորյան խոռոչը ծակելու եղանակով։ Թեեւ ողջ աշխարհում կիրառվող պրակտիկան այլ է. բժիշկներն անում են ամեն ինչ այդ տհաճ միջամտությունից խուսափելու համար, բանը չհասցնելով հիվանդության ծանր դրսեւորումների։ Գերադասելի է, իհարկե, թերապեւտիկ կուրսը՝ ժամանակակից անտիբիոտիկների կիրառմամբ։

Ինչ վերաբերում է քթի կաթիլներին, ապա դրանց թվացյալ բազմազանությամբ հանդերձ, այդտեղ ներկայացված է մոտավորապես 4-5 քիմիական միացություն։ Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել նաֆթիզինից եւ դրա ածանցյալներից, քանզի այդ դեղամիջոցն ունի ընտելացում առաջացնելու բարձր հատկանիշ եւ անդրադարձման սինդրոմ (դեղամիջոցը գործում է կարճ ժամանակահատվածում, իսկ հետո վրա է հասնում անոթների կտրուկ լայնացում, ինչը բերում է քթի լորձաթաղանթի այտուցվածության ուժգնացման)։ Այդ թերություններն անհամեմատ ավելի քիչ են դրսեւորված քսիլոմեթազոլին եւ օքսիմեթազոլին պարունակող կաթիլներում։ Դրանցից պետք է ընտրել սփրեյի տեսքով դեղամիջոցը, որը ցնցղում է որոշակի դոզաներով։ Այդպես դեղամիջոցն ընկնում է անմիջականորեն քթի խոռոչ (ոչ թե ստամոքս՝ ինչպես կաթիլները) եւ անհրաժեշտ ճշգրիտ չափաքանակով։ Օգտագործել դրանք կարելի է 5-7 օր։ Եթե սփրեյը չօգնեց, ուրեմն ձեր դեպքը որոշակի բարդություններ է ներկայացնում. հարկավոր է շտապ խորհրդակցել փորձառու ականջակոկորդաբանի հետ։


Ամառային հայմորիտ
Այդ հիվանդությունն առաջանում է նույն պատճառով՝ մրսելուց: Պարզապես լողալիս այն վաստակելն ավելի հեշտ է: Քթի մեջ ջուր լցվելը (եթե, իհարկե, 35 աստիճան շոգին լճակային ջուր չէ), հայմորիտ չի առաջացնում: Անվտանգության կանոնը. գլխավորը՝ ջրից դուրս գալ մինչև ցրտելը: Լողալուց հետո սկսված հարբուխը խուճապի մատնվելու պատճառ չպետք է դառնա, սակայն եթե 5-7 օրվա ընթացքում չի անցնում՝ ժամանակն է դիմել մասնագետի: Կռանալիս այտերի, ճակատի և քթարմատի շրջանում զգացվող ցավը նշանակում է, որ դուք ամենայն հավանակությամբ հայմորիտ ունեք:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին