Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կա, որոնցից առավել տարածված են հետևյալ տեսակները`
- հասարակ հերպես,
- գոտևորող հերպես (գոտևորող որքին),
- սեռական օրգանների հերպես:

Պատճառներ
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Մինչև 10 տարեկան երեխաները գոտրորող հերպեսով չեն հիվանդանում, սակայն վարակված մարդու հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով:
Սեռական հերպեսի վարակի փոխանցման ճանապարհներն են.
- սեռական ճանապարհը,
- հնարավոր է վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում
- հնարավոր է՝ կենցաղային:
Վարակվելու ռիսկը բարձրանում է բորբոքման սրացման կամ գաղտնի շրջանում, երբ սեռական հարաբերությունները դառնում են վարակվելու իմաստով առավել վտանգավոր: Ավելի բարձր է տղամարդու կողմից կնոջը վարակելու ռիսկը:

Պաթոգենեզ
Հասարակ հերպեսը դրսևորվում է բշտիկների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս շրթունքների, քթի, թևերի վրա, ինչպես նաև հերպեսը կարող է ախտահարել աչքը և այլն: Հազվադեպ ախտահարվում են փոքր երեխաների ներքին օրգանները և նյարդային համակարգը: Նման դեպքերում հիվանդությունն ընթանում է ծանր և բարձր ջերմությամբ: Էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող երեխաների մոտ հնարավոր է նաև հերպեսային էկզեմայի առաջացում: Սովորաբար, հիվանդությունն սկսվելուց 7-10 օր անց բշտիկները չորանում են և դրանց տեղերում առաջանում են վարդագույն բծեր: Գոտևորող հերպեսն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև նյարդերը: Հիմնականում ցանը տարածվում է միջկողային և ազդրային նյարդերի ուղղությամբ: Բայց կարող է լինել նաև եռորյակ նյարդի ախտահարում: Մոտակա ավշային հանգույցները մեծանում են և հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է: 6-8 օր անց բշտիկները սկսում են չորանալ, ինչից հետո սկսվում է առողջացումը:
Սեռական հերպեսի առկայության արտաքին նշաններն են.
- սեռական օրգանների լորձաթաղանթին եւ հարակից մաշկի վրա առաջանում է կարմրություն, քոր, այրոցի զգացում եւ թափանցիկ հեղուկ պարունակությամբ բշտեր,
- բերանի խոռոչի լորձաթաղանթը եւ մաշկը համանման բորբոքվում են:
Սեռական հերպեսն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է վիժման պատճառ դառնալ: Այն մի շարք դեպքերում առաջացնում է նևրոտիկ խանգարումներ եւ սեռական կյանքի աններդաշնակություն: Երբեմն նկատվում են վիրուսային սուր տարածուն վարակին բնորոշ սիմպտոմատիկ բարդություններ:

Բուժում
Հերպեսը բուժվում է բժշկի օգնությամբ: Եթե հիվանդի ընդհանուր վիճակը լավ է, բավարար է մեկ անգամ այցելել բժշկին և կատարել նրա խորհուրդները, իսկ գոտևորող և սեռական հերպեսի առկայության ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն:
Հիվանդներին խորհուրդ է տրվում տաք հագնվել և խուսափել մրսելուց: Եթե գոտևորող հերպեսը սաստկացել է, անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Բերանի խոռոչի ախտահարման ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի ողողումներ կատարել:

Կանխարգելում
Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ: Երեխաներին չպետք է թույլ տալ շփվել գոտևորող հերպեսով հիվանդ անձանց հետ, իսկ էքսուդատիվ (բորբոքահեղձուկալորձենաբորբային) դիաթեզով տառապող փոքր երեխաներին անհրաժեշտ է զերծ պահել նույնիսկ հասարակ հերպեսով հիվանդ անձանց հետ շփումից:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին