Էխինոկոկոզը մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է, որն առաջանում է ժապավենաձև տափակ հելմինթից (Echinococcus granulosus): Ախտահարում է լյարդը, թոքերը և այլ օրգաններ՝ առաջացնելով զանազան ախտաբանական երևույթներ։ Մակաբույծն ունի 2-6մմ երկարություն։ Գլխիկի վրա կան 4 ծծաներ և երկու շարք կարթեր, սեգմենտները քիչ են 3-4 հատ։ Ներկայումս տարբերում են 2 դասի էխինոկոկ՝ Echinococcus granulosus' միաբուշտ և Echinococcus multilocularis' բազմաբուշտ։ էխինոկոկոզը հաճախ է արձանագրվում Նոր Զելադիայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուր։ ԱՊՀ երկրներում այն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Անդրկովկասում, Գրիմում, Մոլդովայում։ Հայաստանը էխինոկոկոզի տարածվածությամբ միջին տեղ է գրավել։ (Է.Մարտիկյան, 1956թ.)։

Վարակի աղբյուրը
Այս հիվանդությամբ վարակված կենդանիներն են (շուն, շնագայլ, գայլ, վայրի կատու), որոնք այս հիվանդության վերջնական տերերն են։ Բնական միջավայրում ավելի հաճախ հանդիպում է բազմաբուշտ տեսակը, իսկ բնակավայրերում միաբուշտը։ Կենդանիները վարակվում են այն ժամանակ, երբ սնվում են այլ վարակված կենդանիների մսով, հատկապես ներքին օրգաններով (ամենից հաճախ լյարդով)։ Այծերը, խոզերը, կովերը ոչխարները վարակվում են այն դեպքերում, երբ արածում են այս հիվանդության օնկոսֆերաներով վարակված արոտավայրերում։ Այս հելմինթի ձվերը մարդու օրգանիզմ են թափանցում բերանից։ Ստանոքսում ձվի թաղանթը տարրալուծվում է, և ազատված օնկոսֆերաներն անցնում են աղիքներ, որտեղից ներծծվում են երակային արյան մեջ, անցնում են լյարդ ու տեղակայվում են լյարդում։ Պատահական չէ, որ լյարդի էխինոկոկոզը ամենից շատ տարածված ձևն է (մինչև 85%)։ Որոշ դեպքերում օնկոսֆերաները լյարդից անցնում են դեպի արյան փոքր շրջանառություն, տեղակայվում են թոքերում առաջացնելովէխինոկոկոզի թոքային ձևը (10-15%)։ Օնկոսֆերաների աննշան քանակությունը կարող է նաև թափանցել արյան մեծ շրջանառություն և տեղակայվել զանազան օրգաններում, որտեղ 5 ամիսների ընթացքում վերածվում են թրթուրների՝ էխինոկոկային բուշտի (5-20մմ) մեծությամբ։ Հիվանդության ախտորոշումը կրում է համալիր բնույթ, այն իրագործվում է համաճարակաբանական, էպիզոոտոլոգիական հետազոտությամբ, կլինիկական երևույթների լաբորատոր, ռենտգենոլոգիական, գործիքային քննությունների միջոցով։ Լաբորատոր քննություններից լավ արդյունք է տալիս լատեքս-ագլյուտինացիայի ռեակցիան։ Բուժվում են վիրաբուժական միջամտությամբ։

Փոխանցման մեխանիզմը
Բնակավայրերում մարդիկ հիմնականում վարակվում են շներից, հատկապես բնակարաններում պահվող շներից։ Ինչպես նշեցինք շները վարակվում են այն ժամանակ, երբ սնվում են էխինոկոկոզով հիվանդ կենդանիների ներքին օրգաններով։ Շան ստամոքսում լուծվում է էխինոկոկի բուշտը, որից ազատվում է որդի գլխիկը (սկոլեքս)։ Այն անցնելով աղիքներ կարճ ժամանակամիջոցում ձևավորվում է որպես ամբողջական մակաբույծ։ Հասունանալուց հետո այն ձվադրում է կատարում։ Ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին աշխարհ:Երբ մարդը սերտ շփման մեջ է մտնում վարակված կենդանու հետ, շոյում, անգամ համբուրում է դունչը, կեղտոտում է ձեռքերը, բերանը, ապա վարակվում է էխինոկոկոզով։ Ձվիկները արտաքին պայմաններում բավականին կայուն են։ Ատվերի տակ 10-26° պայմաններում կարող են իրենց կենսունակությունը պահպանել մեկ ամիս, չոր խոտի մեջ 2-20°-ի պայմաններում 10 ամիս, ջրում 18-20°-ի պայմաններում՝ 12 օր։ Մարդը կարող է վարակվել նաև վայրի կենդանիներից, երբ որպես սնունդ օգտագործում է նրանց միսը կամ ներքին օրգանները։

Պայքարը և կանխարգելումը
Կատարվում է առողջապահական և անասնաբուժական ծառայությունների կողմից առաջարկված համալիր միջոցառումների շնորհիվ։ Կարևոր նշանակություն ունեն վարակված կենդանիների հայտնաբերման և ճիճվաթափման աշխատանքները, որով կանխվում է մարդկանց վարակման հնարավորությունը։ Խիստ հսկողություն է անհրաժեշտ սահմանել սպանդանոցներում՝ վարակված միսը և ներքին օրգաններն անվտանգ դարձնելու նպատակով։ Թափառող շների ոչնչացում։ Տարվում է սանիտարական լուսավորական աշխատանք, հատկապես անասնապահական ֆերմաների, սպանդանոցների աշխատողների շրջանում։ Վիրահատված հիվանդներին պետք է առնել դիսպանսեր հսկողության տակ՝ 8-10 տարի ժամանակով։ Նրանց տարին առնվազն մեկ անգամ պետք է ենթարկել քննության՝ պարզելու համար հիվանդության կրկնության հավանականությունը։ Այս հիվանդության նկատմամբ անապահով ձեռնարկություններում աշխատողներին պարբերաբար անհրաժեշտ է քննության ենթարկել (ֆլյուրոգրաֆիա, լատեքս-ագլյուտինացիայի, էնզիմիմունոլոգիական, ոչ ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիաներ ևայլն)՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու ու բուժելու համար։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին