Կոլապսը կյանքին վտանգ սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային և երակային ճնշումների կտրուկ անկումով, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության ընկճմամբ և նյութափոխանակության խանգարումով: Անոթային անբավարարությունը և արյան ճնշման անկումն անոթային լարվածության նվազման հետևանք են, որը պայմանավորված է գլխուղեղում առկա անոթաշարժիչ կենտրոնի ընկճմամբ: Կոլապսի դեպքում որովայնի խոռոչի օրգանների անոթները գերլցվում են արյունով, իսկ գլխուղեղի, մկանների և մաշկի անոթների արյունալեցումը պակասում է: Անոթային անբավարարությունն ուղեկցվում է հյուսվածքներն ու օրգանները ողողող արյան մեջ թթվածնի պարունակության նվազմամբ:

Պատճառներ
Կոլապս կարող է առաջանալ մեծ քանակությամբ արյան կորստի, թթվածնի անբավարարության, սնուցման խանգարման, վնասվածքների, դիրքի կտրուկ փոփոխությունների (ուղղակեցվածքային կոլապս), չափից ավելի ֆիզիկական բեռնվածության, ինչպես նաև թունավորումների և որոշ հիվանդությունների (որովայնային ու բծավոր տիֆեր, թոքաբորրբ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում և այլն) դեպքերում:

Պաթոգենեզ
Կոլապսի ճամանակ մաշկը գունատվում է, պատվում սառը, կպչուն քրտինքով, վերջույթներն ստանում են մարմնակապտավուն երանգ, երակները մաշկի տակ չեն նշմարվում: Աչքերը խամրում են, դիմագծերը` սրվում: Զարկերակային ճնշումը կտրուկ ընկնում է, անոթազարկը հազիվ է շոշափվում կամ նույնիսկ բացակայում է: Շնչառությունը հաճախացած է, մակերեսային, երբեմն` ընդհատուն: Կարող են նկատվել ակամա միզարձակում և կղում: Ջերմաստիճանը նվազում է մինչև 35 C և ավելի ցածր: Հիվանդը թորշոմած է, գիտակցությունը` մթագնած:

Բուժում
Կոլապսի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բուժօգնության: Մինչև բժշկի գալը հարկավոր է հիվանդին շտապ պառկեցնել` առանց բարձի: Իրանի ստորին մասը և ոտքերը մի փոքր բարձրացնել, հիվանդին շնչել տալ անուշադրի սպիրտ: Վերջույթների տակ ջեռակ դնել, թունդ թեյ կամ սուրճ խմեցնել , սենյակն օդափոխել: Հիվանդին պարտադիր հոսպիտալացնել: Ժամանակին ցուցաբերած օգնությունը, որպես կանոն, արդյունավետ է:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին