Խրոմոմիկոզ (chromomycosis): Եվրոպական խրոմոմիկոզի հարու֊ցիչը Hormodendron սունկն է։ Հետազոտման ժամանակ սունկը ախտաբանական նյութի մեջ երևում է գնդաձև մարմնիկների տեսքով, որոնք հիշեցնում են խմորասնկերի բջիջներին շագանակագույն, կրկնակի թա֊ղանթով, և բարակ սնկաթելերի ձևով։ Սննդային միջավայրի վրա կատարած ցանքսի դեպքում աճում են սնկի գաղութներ՝ մոխրաղեղնավուն զանգվածներով ծածկված աղվամազով։

Ախտահարումը գրեթե բացառապես տեղակայվում է ստորին վերջույթների մաշկի վրա (սրունքներ, ազդրեր, հետույք) և արտահայտվում է խիստ սահմանափակ վահանիկների առաջացումով՝ կլոր, ձվաձև կամ բազմանիստ գծագրությամբ։ Նրանց մակերեսի վրա զարգանում են մանր պտկիկային գերաճումներ՝ մոխրա֊սպիտակ կամ կարմիր գույնի, ծածկված փուխր կեղևով։ Վահանիկի միայն ծայրային մասն է ազատ այդպիսի գերաճումներից և ունի հարթ մակերեսով մանուշակակարմիր երիզի տեսք։ Կեղևների հեռացումից հետո պտկիկային գերաճումների շրջանում հայտնաբերվում են ճեղքանման խոցեր՝ շճաթարախային էքսուդատի արտադրությամբ։ Ուշադրություն է գրավում ինֆիլտրատների զգալի ամրությունը։ Առանձին դեպքերում այդ ամրությունը տարածվում է մաշկի վրա երևացող փոփոխությունների սահմաններից դուրս։ Օջախների մեծությունը լինում է մի քանի սմ տրամագծից մինչ չափահաս մարդու ափի չափերը և ավելի։ Վերջին դեպքում խոսքը մի քանի օջախների միաձուլման մասին է, որի վկայությունն է նրանց բազմանիստ գծագրությունը։

Բացի պտկիկային-խոցային ձևից, լինում է խրոմոմիկոզի թմբիկային ձևը, որը բնորոշվում է ամուր, ոսպի մեծության, գորշակարմիր, կլոր թմբիկների ցանավորումով։ Աստիճանաբար մեծանալով, նրանք միաձուլվում են և գոյացնում զանազան մեծության ամուր վահանիկներ, որոնց մակերեսը ծածկված է ոչ մեծ քանակի թեփերով և մանր, արյունային կեղևներով։ Առանձին հիվանդների մոտ կարելի է դիտել խրոմոմիկոզի երկու ձևերը միաժամանակ։ Հիվանդությունը տևում է տարիներ ու տասնյակ տարիներ, առանց ինքնաբուժման հակումի։ Ենթադրվում է լիմֆոգեն ու հեմատոգեն տարածման հնարավորությունը։

Ախտորոշումը։ Մաշկի գորտնուկային տուբերկուլոզից խրոմոմիկոզի պտկիկային-խոցային ձևը տարբերվում է գերեղջերացման բացակայությամբ և ինֆիլտրատի ամրությամբ։ Խրոմոմիկոզի թմբիկային ձևը տարբերվում է գայլախտից ինֆիլտրատի ամրությամբ և կենտրոնում հետզարգացման հակման բացակայությամբ։

Կլինիկական ախտորոշումը՝ հաստատում է մանրադիտակային հետազոտության արդյունքը (հարուցիչի առկայությունը)։ Վերջինս հայտնաբերվում է կեղևներում, թեփերում, ճեղքանման խոցերի ու պտկիկանման գերաճումների մակերեսի քերուկի մեջ, ինչպես նաև հյուսվածաբանական հետազոտման ժամանակ։

Համաճարակաբանություն։ Խրոմոմիկոզը զարգանում է վնասվածքի (ամենից առաջ փտած ծառի ճյուղերով կամ ժանգոտված մետաղով հասցված) ֆոնի վրա։ Դա ստիպում է ենթադրել, որ սունկը արտաքին աշխարհում ապրում է որպես սապրոֆիտ և միայն հայտնի պայմաններում ընկնելով մարդու մաշկի մեջ, ձեռք է բերում ախտածին հատկություններ։ Հիվանդության փոխանցումը մարդուց մարդուն չի հաստատվել:

Բուժումը։ Ոչ մեծ օջախների առկայության դեպքում ցուցված է վիրաբուժական կտրվածք կամ դիաթերմոկոագուլյացիա։ Զգալի մեծությամբ օջախների դեպքում խորհուրդ է տրվում քերում սուր գդալով։ Ցուցված է նաև երկարատև բուժում D2 վիտամինով (150 000—200 000 միավոր, օրվա դոզայով), բուժում հակաբիոտիկ ամֆոտերիցին B-ով՝ ներօջախային ինֆիլտրացիայի մեթոդով։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին