Կանդիդոզը մարդու և կենդանիների սնկային հիվանդություն է:

Պատճառներ
Հարուցիչները կանդիդա խմբի սնկիկներն են (նման են խմորասնկերի) և լայնորեն տարածված են բնության մեջ, ապրում են հիմնականում շաքար պարունակող բույսերի, պտուղների, բանջարեղենի վրա: Դրանք մարդու և կենդանիների մաշկի, բերանի խոռոչի, աղիքների, շնչառական ու ծննդաբերական ուղիների լորձաթաղանթների սովորական, բնականոն սնկիկներ են, որոնք ընկնում են նորածնի մաշկի և լորձաթաղանթների վրա մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս և դառնում մարդու օրգանիզմի ուղեկիցներն ամբողջ կյանքի ընթացքում:

Սնկիկի հիվանդություն առաջացնելու ունակությունն ուժեղանում է հակաբիոտիկների ազդեցությունից, երբ դրանք կիրառվում են առանց բժշկի հսկողության և ցուցմունքի: Այդ դեպքում խախտվում է մարդու մաշկի վրա, լորձաթաղանթներում և աղիքներում գտնվող միկրոօրգանիզմների կենսաբանական հավասարակշռությունը, և պայմաններ են առաջանում սնկիկների արագ բազմացման համար: Նման դեպքում, ինչպես նաև ծանր ու երկարատև հիվանդ մարդկանց մոտ կարող է առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի կանդիդոզ (կաթնախտ): Կանդիդոզը քիչ վարակիչ է, բայց երբեմն նորածինները և կրծքի երեխաները կանդիդոզով վարակվում են հիվանդ մեծահասակներից` խնամքի առարկաների միջոցով:

Պաթոգենեզ
Ախտահարվում են մաշկը, լորձաթաղանթները, հազվադեպ` ներքին օրգանները: Լեզվի, քիմքի, լնդերի վրա գոյանում է կաթնասպիտակավուն փառ, որը վերածվում է թաղանթի: Վերջինս հեշտությամբ պոկվում է, բայց առաջանում է նորը և ուտելիս ցավ պատճառում: Հաճախ կանդիդոզը առաջանում է հեշտոցում, և լորձաթաղանթի վրա առաջանում է սպիտակավուն փառ, որն ուղեկցվում է արտադրությամբ և քորով: Տարեց մարդկանց բերանի խոռոչում հանովի պրոթեզների առկայության դեպքում մաշկի և լորձաթաղանթի վրա առաջանում են քերծվածքներ և ճեղքեր, որտեղ սնկիկները բազմացման բարենպաստ պայմաններ են գտնում և հանգեցնում բերանի անկյունների կանդիդոզի (ուտիչ): Հաճախ հանդիպում է նաև եղունգների գլանիկների, այսինքն` եղունգի շուրջ եղած փափուկ հյուսվածքների կանդիդոզ: Դա առաջանում է հիմնականում այն կանանց մոտ, ում ձեռքերն ավելի շատ են թրջվում: Եղունգի շուրջ մաշկը կարմրում է, ուռչում և դառնում խիստ ցավոտ:

Բուժում
Ախտորոշումը կատարվում է լաբորատոր հետազոտության միջոցով: Բուժումն արդյունավետ է, եթե հիվանդը շուտ է դիմել բժշկի:

Կանխարգելում
Կանխարգելման նպատակով պետք է պահպանել հիգիենայի կանոնները, կանխել մաշկի վնասվածքները: Հակաբիոտիկներն ու մյուս դեղանյութերն ընդունել միայն բժշկի նշանակմամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին