ԲլեֆարիտԻնչպես հայտնի է կոպեզրի վրա տեղակայված են թարթիչները: Նրանց արմատներում բացվում են Զեյսի ճարպագեղձերի արտահանող ծորանները: Թարթիչների արանքում բացվում են Մոլիի կազմափոխված արցունքագեղձերի ծորանները: Ինտերմարգինալ տարածությունում բացվում են աճառի հաստության մեջ գտնվող մեյբոմյան գեղձերի արտահանող ծորանները, որոնց ճարպանման սեկրետը օծում է կոպեզրերը և նպաստում դրանց լավ գոցմանը: Առաջային կոպեզրի բորբոքային հիվանդությունները կոչվում են բլեֆարիտ (կամ anterior blepharitis) իսկ հետին կոպեզրի բորբոքային հիվանդությունները` մեյբոմիտ (կամ posterior blepharitis): Կոպեզրի բորբոքային հիվանդությունների դասակարգումը տրվել է Mc Culley-ի և նրա կոլլեգաների կողմից 1982 թվ-ին, ըստ որի տարբերում են.

1. Ստաֆիլոկոկային բլեֆարիտ
2. Սեբորեիկ բլեֆարիտ
3. Խառը` ստաֆիլոկոկային և սեբորեիկ բլեֆարիտ 4. Սեբորեիկ մեյբոմիտ
5. Օբստրուկտիվ մեյբոմիտ
6. Գեներալիզացված մեյբոմիտ

Ստաֆիլոկոկային բլեֆարիտը առավելապես հանդիպում է երեխաների և երիտասարդ անձանց մոտ՝ իգական սեռի գերակշռմամբ: Իրենից ներկայացնում է առաջային կոպեզրի բորբոքում, որն արտահայտվում է էրիթեմայով, տելեանգիէկտազիաներով, կեղևիկների առկայությամբ թարթիչների արմատների մոտ, խիստ արտահայտված դեպքերում` կոպեզրի խոցոտմամբ: Կոպեզրի ցանքսը 46% դեպքերում հայտնաբերում է Staph. aureus և գրեթե բոլոր դեպքերում `Staph. epidermidis.

Սեբորեիկ բլեֆարիտը առավելապես ախտահարում է մեծահասակ անձանց: Բոլոր հիվանդների մոտ առկա է սեբորեա մարմնի այլ հատվածներում (հիմնականում հոնքերի շրջանում): Իգական և արական սեռերի մոտ հանդիպում է հավասարապես: Իրենից ներկայացնում է առաջային կոպեզրի բորբոքում մեղմ արտահայտված էրիթեմայով, ճարպոտ կեղևիկների առկայությամբ: Ցանքսը հայտնաբերում է նորմալ ֆլորա: Ախտորոշումը կայացվում է կլինիկապես: Այս հիվանդների 1/3-ը ունենում են նաև արցունքի ջրային շերտի անբավարարություն (aqueous tear deficiency):

Խառը` ստաֆիլոկոկային և սեբորեիկ բլեֆարիտը իրենից ներկայացնում է վերը նշված 2 պաթոլոգիաների համակցությունը: Բլեֆարիտների /Մեյբոմիտների ժամանակ հիվանդները գանգատվում են.
ա. այրոցի զգացումից
բ. օտար մարմնի զգացողությունից
գ. կոպեզրի և լորձաթաղանթի կարմրությունից
դ. մեղմ արտահայտված քորից ե. տեսողության փոքր ինչ մշուշոտ լինելուց


Կաևոր է նշել այն հանգամանքը, որ այս ախտանիշները, գանգատները առավելապես արտահայտված են առավոտյան ժամերին: Վերջին տարիներին զգալիորեն հաճախ են հանդիպում Demodex-ային բլեֆարիտներ: Demodex folliculorum-ը և Demodex brevis-ը իրենցից ներկայացնում են օբլիգատ պարազիտներ, որոնք բնակվում են մազարմատների ֆոլիկուլներում և մեյբոմյան գեղձերում: Ճեղքային լամպի տակ դիտելիս նրանք երևում են թարթիչների շուրջը մոմանման մուֆտաների ձևով:

Առանձին նոզոլոգիա է ներկայացնում անգուլյար բլեֆարիտը / բլեֆարոկոնյունկտիվիտը, որի դեպքում հիմնականում ախտահարվում են կոպի և կոնյունկտիվայի դրսային անկյունները: Հարուցիչն է Moraxella laminata-ն: Հիվանդությունը կոչվում է նաև Մորաքս-Աքսենֆելդի բլեֆարոկոնյունկտիվիտ:

Կոպեզրի բերբոքումների բուժումը կայանում է հետևյալում.
ա.կոպի հիգիենա–տաք կոմպրեսները և կոպեզրի մերսումները նուրբ շամպույնով հանդիսանում են բոլոր տեսակի բլեֆարիտների բուժման հիմնական միջոցը
բ.տեղային անտիբիոտիկի քսուքներ (տետրացիկլին, էրիթրոմիցին, բացիտրացին և այլն)
գ.համակարգային անտիբիոտիկներ (Doxycycline,Tetracycline,Erythromycine), հատկապես, երբ առկա է ռոզացեա և արտահայտված մեյբոմիտ: Թվարկված հակաբիոտիկներն ունեն նաև ճարպագեղձերի ֆունկցիան կարգավորող էֆեկտ:
դ.տեղային կորտիկոստերոիդները կարող են արդյունավետ լինել կարճատև օգտագործման դեպքում (սովորաբար 2-3 շաբաթ):


Դեմոդեքսային բլեֆարիտի բուժումը ներառում է թեյի ծառի 5% յուղի և շամպույնի օգտագործում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին