ԲազալիոմաԲազալիոման միջանկյալ տեղ է գրավում չարորակ և բարորակ նորագոյացությունների միջև: Սա պայմանավորված է ինֆիլտրատիվ և ինվազիվ աճի առկայությամբ և մեթաստազների գրեթե բացակայությամբ: Սա բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Հիվանդանում են հիմնականում 50 տարեկանից բարձր տարիքում: Կանայք և տղամարդիկ հիվանդանում են գրեթե հավասար հաճախությամբ: 90-98% դեպքերում գոյացությունը տեղակայվում է դեմքի և պարանոցի մաշկի վրա: Միայն 3-10% դեպքերում է ախտահարվում իրանի և վերջույթների մաշկը:


Կլինիկորեն արտահայտվում է բավական դանդաղ ամուր կոնսիստենցիա ունեցող, մաշկի մակերեսից բարձրացող, վարդագույն, վարդադեղնավուն հանգույցի առաջացմամբ:

Այս գոյացությունը հաճախ ծածկված է էպիդերմալ կեղևով, նրա շուրջ առաջանում են նմանատիպ գոյացություններ, որոնք միաձուլվում են` դառնալով մեկ միասնական հանգույց: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս հանգույցների մակերեսի խոցոտում և քայքայում, իսկ գոյացության եզրերով առաջանում է սպիտակավուն, մանր հանգույցներից կազմված և մարգարիտներ հիշեցնող թմբիկ:

Ախտորոշումը կատարվում է բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների հիման վրա:

Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Վիրահատության համար դժվարամատչելի տեղակայումների դեպքում (հիմանականում դեմքի վրա) լայնորեն կիրառվում է ճառագայթային բուժումը, որը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Հնարավոր է նաև ֆտորուրացիլի 10% քսուքի տեղային օգտագործումը: Արմատական բուժման դեպքում արդյունքները բավականին գոհացուցիչ են: Սակայն, ոչ արմատական վիրահատությունների և բարձիթող դեպքերում մեծ է տեղային կրկնողությունների հավանականությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին