Երկրորդ ամիս

doctors.am Երկրորդ ամիս

Ճիշտ է, ծնողները երբեմն չեն նկատում, բայց երեխան արագ է աճում: Նա արդեն փորձում է զրուցել, բազմաթիվ հնչյուններ արձակելով: Սկզբում թվում է, թե երեխայի ձայնը ոչ մեկին չի հասցեագրված, այլ պարզապես նրան դուր են գալիս այդ ձայնային վարժությունները, ու նա բլբլում է իր հաճույքի համար:
Շուտով փոքրիկը կհասկանա, թե ինչպես կարելի է կոկորդի, լեզվի ու բերանի օգնությամբ փոխել այդ հնչյունները, ու այդ հմտության ձևավորմանը զուգընթաց` կարելի է նկատել, որ այդ հնչյուններն ուշադրություն գրավելու, ծնողների հետ հաղորդակցվելու միջոց են:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Ժպտալ

- Աղու-աղու անել

- Փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել մոտավորապես 45 աստիճան

- Բռնել ափի մեջ դրած չխկչխկան խաղալիքը, մի քանի վայրկյան պահել:

- Դեմքից վերև պահած շարժվող առարկային հետևել:

Ինչպիսին են երեխայի մերսման և մարմնամարզման վարժությունների առանձնահատկությունները կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում

Այդ հասակում փոքրիկների ձեռքերի ու ոտքերի մկանների գործունեության աստիճանը (տոնուսը) բարձր է: Այդ պատճառով առայժմ պետք է կիրառել միայն շոյող մերսում, որովհետև այն թուլացնում է մկանները: Մերսման բոլոր մյուս տեսակները (շփումը, տրորումը, թեթևակի թփթփոցները), որոնք կարող են բերել մկանների էլ ավելի բարձր տոնուսի, շատ քիչ բացառություններով, հակացուցված են:
Մերսումը շատ օգտակար է համատեղել ֆիզիկական վարժությունների հետ, բայց բարձր տոնուսը այստեղ էլ է ճշտումներ մտցնում: Չի կարելի կատարել պարզ մեխանիկական գործողություններ, օրինակ` մոտեցնել և հեռացնել փոքրիկի թաթիկները: Շեշտը պետք է դնել այն վարժությունների վրա, որոնք աշխուժացնում են բնածին ռեֆլեքսների դրսևորումը (ինչպիսիք են, օրինակ` ներբանային, ոտքի ռեֆլեքսները): Ինչպես ցույց է տալիս փորձը, որքան շուտ օգնեք բնածին մեխանիզմները գործի դնելուն, Ձեր փոքրիկը այնքան ավելի արագ կսովորի տիրապետել իր մարմնին:

1.5-ից 3 ամսական փոքրիկների համար հանձնարարվող վարժությունների համախումբ

1. Ձեռքերի մերսում

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք մեջքի վրա` ոտքերը դեպի սեղանի մոտակա եզրը:
Կարաևումը-ափով կատարելով շոյող շարժումներ` մերսեք փոքրիկի ձեռքը, նախաբազուկի և բազուկի ներքին մակերեսով` բազուկից դեպի ուսը:
Կրկնեք 4-6 անգամ:

2. Որովայնի մերսում

Ելման դրությունը-նույնն է:
Կատարումը-մեկ կամ երկու ձեռքի ափով կատարեք շրջանային շոյող շարժումներ որովայնի վրա` ժամացույցի սլաքի օգնությամբ (լյարդի շրջանը պետք չէ մերսել):
Կրկնել 6-8 անգամ:

Որովայնի թեք մկանների մերսում
(կատարվում է սկսած երեք ամսականից)

Ելման դրությունը-նույնն է:
Կատարումը-ափերով կատարելով թեթևակի շփող շարժումներ, մերսեք որովայնը այնպես, որ երկու ձեռքի մատները միանան պորտիկի տակ:
Կրկնել 6-8 անգամ: Վերջում օգտագործեք շոյող մերսումը:
Նպատակը` ամրացնել փորի կծկվող մկանները:

3. Ոտքերի մերսում

Ելման դրությունը-նույնն է:
Կատարումը-մեկ ձեռքով թեթևակի բռնելով երեխայի ոտնաթաթից` մյուս ձեռքով ոտքը շոյող շարժում կատարեք ազդրի ու սրունքի արտաքին ու հետին պատերի վրա` ոտնաթաթից դեպի աճուկը (ազդրի ներքին մակերեսը չեն մերսում):
Կրկնեք 4-6 անգամ:

4. Ողնաշարի ուղղում
(ողնաշարային ռեֆլեքս)

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա:
Կատարումը-Ձեր երկու մատը տեղաշարժեք ողնաշարի կողքերով` նստատեղից դեպի ուսագոտի (դա կառաջացնի ողնաշարի ռեֆլեքսային ուղղում):
Վարժությունը կրկնեք`պառկեցնելով երեխային մյուս կողքի վրա:
Նպատակը` ամրացնել թիկունքի մկանները:

5. Թիկունքի մերսում
(կատարվում է երկու ամսականից սկսած)

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա:
Կատարումը-ձեռքերի դրսի մակերեսով շոյեք երեխայի թիկունքը` նստատեղից հասնելով մինչև պարանոցը, և հակառակ ուղղությամբ` պարանոցից մինչև նստատեղը (մերսումը կատարվում է ափերով):
Կրկնեք 4-6 անգամ:

6. Ողնաշարի և ոտքերի ուղղում
(դիրքի ռեֆլեքս)

Ելման դրությունը-փորի վրա պառկած երեխային երկու ձեռքով պահեք կրծքի տակից` ոտքերի երկայնքով:
Կատարումը-այդ դիրքով սեղանից մի քիչ բարձրացրեք նրան. Երեխան ինքնաբերաբար (ռեֆլեքսով) ուղղում է թիկունքը և բարձրացնում գլուխը:
Կրկնեք 1-2 անգամ:
Նպատակը` ամրացնել թիկունքի, պարանոցի և ողնաշարի մկանները:

7. Ոտնաթաթի մերսում

Ելման դրությունը-Երեխային պառկեցրեք մեջքի վրա:
Կատարումը-ա) երկու ձեռքերի ցուցամատերով պահելով երեխայի թեթևակիորեն բարձրացրած ոտնաթաթը` բթամատերով կատարեք ոտնաթաթի ետևի մասի շոյում` մատներից դեպի սրունքաթաթային հոդը, ինչպես նաև սրունքաթաթային հոդի շուրջը:
Կրկնեք 4-6 անգամ:
բ) Երկու ձեռքերի ափերով շոյեք երեխայի ոտքերի մատները:
Կրկնեք 4-6 անգամ:

8. Ոտնաթաթի մատների ծալում և բացում
(ներբանային ռեֆլեքս)

Ելման դրությունը-մեջքի վրա պառկած երեխայի ոտը մի ձեռքով թեթևակի բարձրացրեք` բռնելով սրունքաթաթային հոդից մի քիչ վերև:
Կատարումը-մյուս ձեռքի ցուցամատով մի քանի անգամ թեթևակի սեղմեք ներբանին` մատների հիմքի մոտ (դա առաջացնում է մատների ռեֆլեքսային ծալում), այնուհետև ցուցամատը տեղափոխեք ոտնաթաթի արտաքին եզրով մինչև կրունկը (կառաջանա մատների ռեֆլեքսային ուղղում):
Կրկնեք 3-4 անգամ:
Նպատակը` ուժեղացնել ոտնաթաթի մատները:

9. Պար գալը
(ոտքի ռեֆլեքս)

Ելման դրությունը-բռնելով երեխային թևատակերից` պահեք սեղանի վրա` դեմքով դեպի Ձեզ:
Կատարումը-սեղանի պինդ մակերեսին դիպչելիս երեխայի ոտքերը ինքնաբերաբար ուղղվուն են ծնկային և կոնքազդրային հոդերում:
Կրկնեք 3-4 անգամ:
Նպատակը` ամրացնել ոտքերի մկանները և հենվելու ունակություն մշակել:

Մինչև կես տարեկան երեխաների մերսումը և մարզանքը հարմար է կատարել կերակրումից 30-40 րոպե հետո: Այդ հասակում անհրաժեշտ է երեխային լողացնել ամեն օր:

Լացը

Ենթադրվում է, որ երկարատև լացի պատճառը աղիքների ջղաձգության հետևանքով առաջացած ծակծկոցներն են (աղեխիթ): Փոքրիկը տոտիկները ձգում է դեպի փորիկը և սուր ձայնով լաց լինում: Խիթերը սովորաբար հայտնվում են երեխայի ծնվելուց հետո` առաջին երեք շաբաթում, անհետանում են երեք ամիս անց:
Դժբախտաբար խիթերը չեն բուժվում, չնայած դեղատներում երբեմն լինում են առանց դեղատոմսերի վաճառվող դեղամիջոցներ, որոնք իբր թե բուժում են խիթերը: Այդ դեղամիջոցներն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Երեխայի լացի պատճառը միայն խիթերը չեն: Փոքրիկներից մի քանիսը լալիս, միշտ գոռում են օրվա նույն ժամին: Այդպիսի նոպայի ժամանակ երեխային պետք է օրորել, խաղալիքով շեղել նրա ուշադրությունը:
Լաց լինող երեխային չի կարելի մենակ թողնել: Այդ հասակում ճիչը երեխայի ուշադրություն գրավելու միակ միջոցն է, ու ծնողները միշտ պետք է արձագանքեն դրան:

Առաջին դասերը

Փոքրիկն անընդհատ սովորում է ղեկավարել իր մարմինը: Փորիկի վրա պառկած` նա արդեն բարձրացնում է գլուխը, այդ դիրքում շնչում բերանով ու քթով: Ծնողների ձեռքերին հենված` նա կարող է ամբողջ մեկ րոպե պահել գլուխը, իսկ երբ նրա թաթիկին հպվում են չխկչխկանով, նա ձգվում է դեպի խաղալիքը: Դա նրա առարկաները բռնելու առաջին փորձերն են:

Բժշկական առաջին ստուգումը

6-8 շաբաթական փոքրիկին առաջին անգամ պետք է տանել բժշկի մոտ: Դրա համար պետք է գնալ պոլիկլինիկա, այցելել բժշկի առանձնասենյակ: Երբեմն երեխային ստուգում է բուժքույրը: Այդ ստուգումները երեխայի առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բուժմանը նպատակամղված պետական ծրագրի մասն են:
Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվեն երեխայի ֆիզիկական առողջության, զարգացման կամ վարքագծի խախտումներ, պետք է արագ բուժել: Մինչդպրոցական տարիքի ողջ ընթացքում երեխային բազմիցս կստուգեն բժիշկը և բուժքույրը: Դա շատ կարևոր է, քանի որ այդ ստուգումների ժամանակ հայտնաբերվում են ոչ միայն բացահայտ, այլև թաքնված հիվանդությունները:
Առաջին այցելության ժամանակ փոքրիկին կշռում են, չափում հասակը, գլխի շրջագիծը, արձագանքում ծննդյան օրվանից հետո կատարված բոլոր փոփոխությունները: Բժիշկը գնահատում է նրա ընդհանուր զարգացվածության մակարդակը, ստուգում` երեխան կարո՞ղ է հսկել գլխի շարժումները, սովորել է ղեկավարել թաթիկները, ինչպիսի՞ տեսողություն, լսողություն ունի, ինչպե՞ս է հաղորդակցվում մեծերի հետ:
Ծնողներին բացատրում են, թե հաջորդ ամիսներին երեխան ի՞նչ պետք է սովորի, ինչպե՞ս պիտի սնվի, քնի և այլն: Բժիշկն ու բուժքույրը կհետաքրքրվեն, թե փոքրիկը ինչպե՞ս է ուտում, քնում, ծնողները, ընտանիքի մյուս անդամները ինչպե՞ս են հարմարվել նրան:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am