Չորրորդ ամիս

doctors.am Չորրորդ ամիս

Փոքրիկն արագ է աճում: Նա սկսում է քիչ քնել, իսկ արթուն ժամանակ հաղորդակցվել է ուզում, հաճույքով << զրուցում է >> մեծերի հետ, ու պարզագույն խաղեր խաղում: Նա ավելի արագ ու լավ կզարգանա, եթե հաղորդակցվելու նրա առաջին փորձերն ուշադրության արժանանան, մեծերը դրա համար ժամանակ պետք է գտնեն: Հարկավոր է նրան տարբեր առարկաներ ցույց տալ ու դրանք անվանել:
4-5 ամսական հասակում շարժումների և սովորելու ունակությունների զարգացումը զուգահեռ է գնում: Փոքրիկը սովորում է զուգակցել ձեռքի ու աչքի շարժումները, կարող է ինքնուրույն հասնել և բռնել իրեն հարկավոր առարկաները: Նա փորձում է նստել սովորել, հասկանում է, որ նստած շատ ավելի բաներ կարող է տեսնել: Ճիշտ է, այդ փորձերը հաճախ անհաջող են լինում: Նախ հարկավոր է նրան սովորեցնել հավասարակշռությունը պահել, իսկ երբ ավելի ինքնավստահ դառնա, ինքն իր թաթիկներն ու տոտիկները այնպես կդնի, որ պինդ նստի ու չընկնի:
Չորրորդ և հինգերորդ ամիսների ժամանակ ամիսների միջև վերանում է երեխայի ստորին վերջույթների բարձր տոնուսը, հավասարակշռություն է հաստատվում ոտքերի ծալիչ և ուղղիչ մկանների միջև, և ոտքերի վարժությունները մտնում են կազդուրող համախմբի մեջ:
Պարանոցի մկանների ամրացումը չորս ամսական հասակում երեխաների մոտ առաջացնում է դիրքի որոշ լրացուցիչ ռեֆլեքսներ: Եվ ընդհանրապես, չորսից մինչև վեց ամսական հասակում երեխայի ակտիվությունը նկատելիորեն բարձրանում է, մեջքի վրա պառկած ժամանակ երեխան փորձում է բարձրացնել իրանի ներքևի մասը, այսինքն` նստած դիրք ընդունել:
Ձեզանից շատերը, երևի, այժմ նկատում են, որ փոքրիկը, երբ նրան պառկած վիճակից ուզում եք վերցնել, կարծես փորձում է նստել: Հիշե՛ք, երբ նա մեջքի վրա է պառկած, այդ դիրքից երեխան երբեք չպետք է նստի: Ճիշտ է, եթե դուք օգնում եք նրան, դեռ նույնիսկ բռնում եք ձեռքերից, փոքրիկը կարծես թե լավ << նստում >> է: Ուշադրություն դարձրեք, նրա մեջքը այդ դեպքում ծռված է: Իսկ դա հազիվ թե օգնի նրա` դեռ նոր ամրացող ողնաշարին: Ուստի, պատահական չէ, որ բժիշկների ու մանկավարժների մեծ մասը խորհուրդ չի տալիդ երեխային փորձել նստեցնել, քանի դեռ նա ինքը չի նստում, քանի դեռ բնությունը նրան այդ բանին չի նախապատրաստել: Իհարկե, դա չի նշանակում, որ փոքրիկին պետք է պահել միայն հորիզոնական դիրքում: Կերակրելիս կարող եք նստեցնել նրան Ձեր ծնկներին (կիսանստած վիճակ) կամ խաղալով երեխայի հետ` օգտագործել մարզման ընթացքում ակտիվ շարժումների նկատմամբ նրա ձգտումը` փոքրիկին մեկնեք ձեր ցուցամատները, և երբ նա բռնի դրանք, ձգելով օգնեք նրան նստել: Կամ փոքրիկ պտտաձող պատրաստեք, ամրացրեք այն մահճակալի լայնքով երեխայի կրծքի մակարդակի վրա, որպեսզի կարողանա բռնել պտտաձողից և ձգվել: Այդ ամենը շատ օգտակար է մանկան համար, բավականին լավ օգնում է ամրացնելու վզի, որովայնի, թիկունքի և վերջույթների մկանները:
Այդ ամիսներին կազդուրող համախմբի մեջ մտցնում են պարզ, ակտիվ վարժություններ: Այսինքն` փոքրիկը ոչ թե պարզապես ենթարկվում է մեծերի հարկադրած շարժումներին, ինչպես պասսիվ տարբերակի դեպքում, այլ ինքն է գործնական կերպով մասնակցում նրանց կատարմանը:

Երեխայի զարգացումը

Փոքրիկն արդեն կարող է`

- Փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել և երկարատև պահել:

- Փորիկի վրա պառկած վիճակում հենվել թաթիկների վրա` մարմինը մի քիչ բարձրացնելով:

- Հրճվանքի ճիչեր արձակել:

- Բավական պինդ է պահում գլուխը:

- Կողքի թեքվել:

- Առարկաներ բռնել:

Ձեռքի բութ մատը ծծելը

Այս հասակում երեխան ծծում է այն ամենը, ինչ կարող է խցկել բերանը: Ձեռքերը կառավարել սովորելուց հետո նա սկսում է ծծել ձեռքի բութ մատը` դրանից մեծ հաճույք ստանալով: Փոքրիկներից մի քանիսը ձգտում են ամբողջ բռունցքը խցկել բերանը: Համարյա բոլոր փոքրիկների << ծծակը >> բութ մատն է: Հիմա դա այլևս չեն համարում վատ տրամադրության և հիմնական ատամների ոչ ճիշտ տեղադրվածության նշան, այլ սովորական երևույթ, որ հետագայում անցնում է: Կրծքով կերակրող մայրը պետք է ուշադիր լինի, որ երեխան ձեռքի բութ մատը չծծի, որպեսզի չհագեցնի ծծելու իր ռեֆլեքսը և կուրծքը լավ ծծի: Մյուս բոլոր դեպքերում վատ բան չկա երեխայի այդ սովորության մեջ, որը երեխաներից շատերը մոռանում են մեկ կամ երկու տարի անց, իսկ քնից առաջ մատը ծծող փոքրիկները` ավելի ուշ: Դա էլ ոչնչով վտանգավոր չէ:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am