Օստեոխոնդրոզ. ոչ թե հիվանդություն, այլ՝ հիվանդությունների խումբ. Արա Անթառանյան, վնասվածքաբան-օրթոպեդ

Օստեոխոնդրոզ անվան տակ անձի մոտ կարող է առկա լինել ողնաշարի որևէ հատվածի ցավային համախտանիշ, որը կարող է լինել դիսկոգեն կամ պայնանավորված հոդային ապարատով կամ ոսկրային հյուսվածքի խտությամբ: Ի դեպ, կա վիճակագրություն, որ գոտկային հատվածի ցավերի 90%-ն անցնում է ինքնստինքյան՝ առանց որևէ բուժման:

Օստեոխոնդրոզի վերաբերյալ կա երկու մոտեցում՝ արևմտյան և հին խորհրդային: Ըստ սովետական տարբերակի՝ օստեոխոնդրոզը բնորոշ է միայն ողնաշարին, կարող է դիտվել տարիքային բոլոր խմբերում առանց սահմանափակման: Արևմտյան մոտեցումը պնդում է, որ օստեոխոնդրոզը հիվանդությունների մի խումբ է, որ բնորոշ է վաղ տարիքի երեխաներին և պատանիներին, ինչպես նաև, որքան էլ տարօրինակ է հնչում, արագ աճող կենդանիներին՝ ձիեր, խոզեր և այլն… Հիվանդությունը բնորոշվում է էպիֆիզար հատվածների արյան մատակարարման սուր խանգարման հետևանքով առաջացած փոփոխություններով:

Խորհրդային գրականությունն այս հիվանդություններին անվանում է օստեոխոնդրոպաթիա, ամբողջ աշխարհը՝ օստեոխոնդրոզ:

Ողնաշարի ոչ բոլոր ցավերն են, որ ծագում են հոդային մակերեսներից կամ դիսկային ապարատի ախտահարումներից: Այսինքն, յուրաքանչյուր հիվանդ, ով գանգատվում է ողնաշարի հատվածում ցավերից, պետք է մանրամասն զննվի՝ ցավի առաջացման պատճառը, բուժման ճանապարհը և հետագա պրոֆիլակտիկայի ճանապարհը հասկանալու համար:

Բազմիցս շահարկվող օստեոխոնդրոզ անվան տակ կարող են լինել Օսգուտ-Շլատտերի (տեղակայումը՝ սրունքի շրջանում), Լեգգ Կալվե Պերտեսի հիվանդություն (կոնքի շրջանում), Շոյերմանի կիֆոզ հիվանդություն (ողնաշարի հատվածում) և այլն:

Օստեոխոնդրոզը մեծահասակներին բնորոշ և տարիքի ընթացքում զարգացող հիվանդություն է

Ճիշտ հակառակը: Ինչպես արդեն նշեցինք, այս հիվանդությունները բնորոշ են պատանեկան հասակին: Իրականում, ժամանակակից արդյունաբերական դարում 40-ից բարձր տարիքում մեծանում է ողնաշարային ցավերի հավանականությունը՝ մեծամասամբ պայմանավորված մեր կենսակերպով՝ աշխատանքային և հանգստի հիգիենայով, սննդով:

Օստեոխոնդրոզի «բուժման» պատմությունը մեր երկրում

Իմ անձնական պատկերացմամբ, սա նոր երևույթ չէ, այլ դասական պատմություն՝ նման չարաբաստիկ դիսբակտերիոզին: Երբ չկա հստակ հիվադություն և ընդհանուր բառով նկարագրվում է առողջական վիճակ, այնուհետ՝ լավ կամ վատ բուժվում է:

Սա սովետական շրջանից եկող պոլիկլինիկական պարզ մակարդակի ախտորոշում է, և եթե այն տարիներին ինչ-որ տեղ կարող էր արդարացվել որակյալ ռենտգենոգրաֆիայի, ՄՌՏ քննության բացակայությամբ, ապա այսօր անթույլատրելի է նման մոտեցումը:

Հասարակ քաղաքացին ունի չկողմնորոշվելու և մոլորվելու իրավունք, երբ ունի ցավ որևէ հատվածում, ուզում է դիմել որևէ կլինիկա և կա գովազդային ակտիվ արշավ այդ ուղղությամբ:

Ողնաշարի յուրաքանչյուր ցավ ունի իր պատճառագիտությունը, տարբեր հատվածներում ցավերի առաջացման մեխանիզմները տարբեր են՝ պայմանավորված քայլքի ձևով, ֆիզիկական  ակտիվությամբ և այլն:

Չի՛ կարելի ողնաշարի բոլոր տեսակի խնդիրները անվանել մեկ բառով՝ օստեոխոնդրոզ, և բուժել այն

Հիվանդի հետ հարկավոր է կենդանի հանդիպում, բոլոր գանգատների մանրամասն քննարկում, այնուհետ կլինիկական քննություն՝ տարբեր շարժումների ժամանակ ցավի գնահատում, ռենտգենաբանական քննություն (նույնիսկ այն պարագայում, երբ բժիշկը վստահ է, որ ցավը դիսկոգեն է, կամ պայմանավորված է դիսկի ճողվածքով), և վերջին քայլով՝ անհաժեշտության դեպքում մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիկ քննություն:

Նմանատիպ կեղծ ախտորոշումների դեմ, աշխարհը, ցավոք դեռ չի գտել ունիվերսալ դեղատոմս: Դժբախտաբար, բժշկությանը միշտ ուղեկցում է նաև կոմերցիոն մասը, սակայն լիցենզավորող կենտրոնները` ուղղորդված աշխատանքի պարագայում որոշակիորեն կարող են վերահսկողության տակ պահել իրավիճակը:

Տնային օգտագործման «հրաշք» սարքեր՝ ողնաշարի խնդիրներից ազատվելու համար

Ներկայում, հատկապես առցանց խանութներում բազմաթիվ են տնային օգտագործման սարքավորումները, որ իբր լուծում են բազմաթիվ խնդիրներ, ազատում տարատեսակ ցավերից, ուղղում են ողնաշարը: Հորդորս է բոլորին, չգնել այն ամենը, ինչը առաջարկված չէ որակավորված բժշկի կողմից և ընդունված չէ նեղ մասնագետների կողմից: Ոչ վիրահատական, ոչ ներարկումային այդ փրկիչ մեթոդները չեն կիրառվում բարձրակարգ կլինիկաներում. սա, կարծում եմ, պետք է հուշի, որ այս ամենն ունի միայն կոմերցիոն, մարքեթինգային նպատակ: 

Ո՞ւմ դիմել ողնաշարի ցավերի դեպքում

Այս վիճելի հարցը ուղղակիորեն պայմանավորված է ներերկրային առողջապահության համակարգով. օրթոպեդները պնդում են, որ նյարդավիրաբույժները ողնաշարի աշխատանքը լավ չեն պատկերացնում և շատ հաճախ սխալվում են, նյարդավիրաբույժներն էլ ասում են, որ գործ ունենք ցավի հետ, որը կապ ունի նյարդային էլեմենտների հետ:  Խորհուրդս է՝ այս երկուսից դիմել այն մասնագետին, ում ինքներդ վստահում եք: