Նորածիններին պետք է քնեցնել մեջքի վրա. հետազոտություն

Մանկաբույժները խորհուրդ են տալիս միշտ քնեցնել նորածիններին մեջքի վրա՝ խուսափելու համար նորածինների հանկարծակի մահվան համախտանիշից (ՆՀՄՀ):
Չնայած հանրային առողջապահության բազմամյա քարոզարշավներին՝ շատ ամերիկացի ծնողներ իրենց երեխաներին պառկեցնում են քնելու վտանգավոր դիրքով:
Հետազոտությանը մասնակած մայրիկների միայն կեսն է ասել, որ միշտ քնեցնում են երեխաներին մեջքի վրա:
Մասնագետները արդյունքը համարում են «հիասթափեցնող», քանի որ մեջքի վրա քնելը տարիներ շարունակ քարոզվել է որպես ՆՀՄՀ-ից խուսափելու բանալի:
1994 թ. ԱՄՆ կառավարությունը սկսեց «Քնել մեջքի վրա» քարոզարշավը: Այն խրախուսում էր ծնողներին քնեցնել երեխաներին մեջքի վրա: Ըստ հետազոտության փորիկի վրա քնելը ՆՀՄՀ-ի գլխավոր ռիսկն էր:
Հետազոտողները համոզված են, որ ՆՀՄՀ կապված է ուղեղի՝ շնչառությունը կարգավորող կենտրոնների խանգարման հետ, որոնք դրդվում են քնած ժամանակ:
Անհնար է ասել, թե որ նորածիններն են խոցելի, այդ պատճառով էլ մեջքի վրա քնելը ամենաանվտանգ դիրքն է բոլոր երեխաների համար կյանքի առաջին տարում,- բացատրում է Յորք հիվանդանոցի (Յորք, Փենսիլվանիա) բժիշկ նեոնատոլոգ Մայքլ Գուդշտեյնը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ում «Քնել մեջքին» քարոզարշավին հաջորդող տասնամյակում ՆՀՄՀ-ը փաստացի նվազել է 50 տոկոսով:
«Դա 20-րդ դարի վերջերի հանրային առողջության ամենահաջող քարոզարշավներից մեկն է»,- ասաց Գուդշտեյնը:
Հայտնի է, որ դեռևս շատ ծնողներ նախապատվություն են տալիս որովայնի վրա քնեցնելուն: Ըստ Գուդշտեյնի ապացուցված է, որ մեջքի վրա քնեցնելուց հրաժարվելը տարածված է սևամորթ ընտանիքներում:
Այսպիսով, նա ասաց, որ նոր հայտնաբերումներից զարմացած չէ: «Բայց նրանք մտահոգում են»,- ավելացրեց նա:- «Եվ հիասթափեցնում: Մեջքի վրա քնեցնելը պարզ է և արդյունավետ»:
Գուդշտեյնը համահեղինակէլ է մի հետազոտություն, որը լույս է տեսել օնլայն Մանկաբույժներ հանդեսում օգոստոսի 21-ին:
Հոդվածի հիմք են հանդիսանում համազգային հարցման արդյունքները, որին մասնակցել են 2-6 ամսական երեխաներ ունեցող 3000 ԱՄՆ մայրիկներ:
Ընդհանուր առմամբ մայրիկների 77 տոկոսն ասել է, որ «սովորաբար» պառկեցնում են իրենց երեխաներին մեջքի վրա քնելու:  Եվ միայն 49 տոկոսն է ասել, որ միշտ է այդպես անում:
Դա մտահոգիչ է, քանի որ «միշտ» բառը կարևոր է ըստ հետազոտությունն իրականացնողների: Որովայնին քնելը կարող է ավելի ռիսկային լինել այն երեխաների համար, ովքեր դրան սովոր չեն:
Մայրիկներին հարցրել են նաև, թե ինչպես են քնեցնելու իրենց փոքրիկներին մոտակա երկու շաբաթվա ընթացքում: Սևամորթ մայրիկները և այն մայրիկները, ովքեր չեն ավարտել ավագ դպրոցը, ի տարբերություն մյուս մայրիկների, նախընտրում էին որովայնի վրա քնեցնելը: Մայրիկների մոտ մեկ քառորդը նշեց, որ պատրաստվում են իրենց երեխաներին քնեցնել մեջքի և նաև կողքի վրա: Եվ մոտ 15 տոկոսը պատրաստվում են երբեմն կիրառել որովայնի վրա քնելու դիրքը:
Ինչու՞ են այդքան շատ ծնողներ հրաժարվում երեխաներին մեջքի վրա քնեցնելուց:
Մի մասն անհանգստանում է, որ իրենց երեխաները կփսխեն և շնչահեղձ կլինեն,- ասաց Գուդշտեյնը: Բայց նա բացատրեց, որ ի շնորհիվ շնչուղիների անատոմիայի, մեջքի վրա քնելը չի կարող լրացուցիչ վտանգ հանդիսանալ:
«Այլ դեպքերում», - ավելացրեց Գուդշտեյնը,- «ծնողներին ասվել է (սովորաբար իրենց իսկ ծնողների կողմից), որ երեխաները փորիկի վրա ավելի խորն են քնում»:
Հետազոտությունները պարզել են, որ մարդիկ մայրիկների կյանքում կարևոր են: Եվ եթե մայրիկներն ասում են, որ իրենց մտերիմները նախընտրում են որովայնային քունը, ապա 12 անգամ ավելի հավանական է, որ իրենք այդպես էլ կանեն:
Սա ցույց է տալիս, որ անհրաժեշտ է համատարած կրթություն,- ասաց բժիշկ Իվ Կոլսոնը՝ հետազոտության գլխավոր մասնագետը:
«Մենք մեր կրթությանն ուղղված ջանքերում պետք է ընդգրկենք հնարավորինս շատ մարդկանց»,- ասաց Կոլսոնը՝ Յել բժշկական համալսարանի մանկաբուժության պրոֆեսորը:- «Մարդիկ հաճախ ընտրում են երեխաներին քնեցնելու այն դիրքը, որը կիրառում են իրենց հարազատները»:
Բայց միայն սովորական մարդիկ չէ, որ կարիք ունեն կրթվելու,- ասաց Գուդշտեյնը: Նա նշեց, որ նույնիսկ հիվանդանոցներում անձնակազմը երբեմն երեխաներին պառկեցնում է քնելու փորիկի վրա:
«Նույնիսկ որոշ առողջապահական պրովայդերներ (մատակարարներ) թերահավատորեն են վերաբերվում ապահով քնի առաջարկներին»,- ասաց Գուդշտեյնը,- «անկասկած մենք պետք է ավելի լավ աշխատենք»: 
Ըստ Կոլսոնի հետազոտությունն ենթադրում է, որ ծնողները կհամոզվեն, երբ շնչահեղձ լինելու անհանգստությունը վերանա, և նրանց հասնի մի պարզ, բայց յուրահատուկ միտք՝ «Երեխաներն ապահով են մեջքի վրա»:
Գուդշտեյն ասաց, որ հնարավոր է օգտակար լինի մանկաբարձների՝ հղիների հետ ՆՀՄՀ-ի և ապահով քնի մասին զրույցները կարող են օգտակար լինել: Այսպիսով, ծնողները վաղ կստանան այդ ուղերձը և ավելի հաճախ:
«Դա չի կարող լինել մեկ անգամյա և ավարտուն գործողություն»,- ասում է նա:

Աղբյուրը` http://www.webmd.com