«Կարևոր է՝ մշտապես ձգտել բարձրանալ որակական նոր աստիճանի». Արմեն Չարչյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի, աշխատանքային սկզբունքների և ձեռքբերումների մասին

Doctors.am-ի հյուրասրահում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ դոցենտ Արմեն Գերասիմի Չարչյանը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, Ձեր՝ շուրջ մեկամյա գործունեության ընթացքում, ի՞նչ զարգացումներ, ձեռքբերումներ է ունեցել կենտրոնը: Ի՞նչ առանձնահատկություն ունի աշխատանքը Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող կառույցում:

Արդեն 7 ամիս է, ինչ հանդիսանում եմ  «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը: Սա, ինչ խոսք, ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է, քանզի կենտրոնն՝ իր ընդհանուր կառուցվածքով, նպատակայնությամբ, եղել է և կա յուրահատուկ մի կազմակերպություն, քանի որ դրա 100% բաժնետերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Մեր կենտրոնում սկզբունքները, մոտեցումները լիովին այլ են, ինչ ստանդարտ հիվանդանոցներում: Մենք՝ ընդունելով հիվանդանոցային կանոնադրությունը, դրան ավելացրել ենք նաև այլ դրույթներ՝ ավելի կարեկից, բարեխիղճ և հոգատար վերաբերմունք պացիենտի նկատմամբ:

Եկեղեցու գործոնն, անխոս, մեծ դերակատարում ունի մեր գործում: Դա դրսևորվում է այն փաստով, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, բացի բժշկական ծառայությունների մատուցումը, կա նաև հոգևոր տեսուչ, ով զրուցում է հիվանդների հետ, ցուցաբերում հոգևոր աջակցություն, օրհնում է, աղոթում հիվանդների համար: Անձամբ ես, խիստ կարևորում եմ հիվանդին հոգեբանական աջակցության գործոնը:

Դուք, լինելով նաև պրակտիկ մասնագետ, ինչպե՞ս եք  համատեղում դա առողջապահության կազմակերպման, կենտրոնի զարգացմանը և առաջընթացին ուղղված գործունեության հետ: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր առօրյան ԲԿ-ի պատերից ներս:

Համակցել այս երկու գործունեությունն, իհարկե, բավական բարդ է, քանի որ աշխատանքը ժամանակատար է և՛ որպես պրակտիկ բժիշկ, և՛ որպես առողջապահության կազմակերպիչ:

Երբ երիտասարդ էի, Աիդա Թոփուզյանը՝ այն տարիներին դեռ Հայաստանի կոմսոմոլի քարտուղար, ինձ ասաց, որ լավ ղեկավարը, որոշակիորեն, մեծ անգործ է: Այսինքն, եթե մարդը լավ ղեկավար է՝ ճիշտ և կազմակերպված է ուղղորդում իր բոլոր տեղակալներին, օգնականներին և մնում է միայն համակարգել նրանց աշխատանքը: Ես վստահորեն կարող եմ ասել, որ այդ առումով շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ մեր երկրում թերևս լավագույն օրթոպեդիկ թիմը, երիտասարդ բժիշկներ, որոնց արդեն 20 տարուց ավել փոխանցել եմ մասնագիտական փորձ և հմտություններ: Հպարտությամբ եմ ասում, որ նրանք այսօր կայացած, բարձրակարգ մասնագետներ են:

Իմ թիմն, անշուշտ, ինձ շատ է օգնում: Իմ գործն է շփվել հիվանդի հետ սկզբում, տալ վիրահատական ցուցումը, մշակել ծրագիրը, իսկ մնացյալ նախապատրաստական աշխատանքները կատարում են նրանք: Հիվանդի հետ երկրորդ շփումն , իհարկե, վիրահատարանում է, երբ կատարված է անզգայացումը, դիրքը՝ տրված, դաշտը՝ մշակված: Ժամանակի նման տնտեսումն էլ հենց բոլոր աշխատանքները հասցնելու բանաձևն է:

Շնորհավորում ենք, իսկապես, լավ թիմ ունենալը մեծ ձեռքբերում է:

Այո, միանշանակ. մեծ ուրախություն, ինչու ոչ՝ նաև հպարտություն է տեսնել, որ իմ «դպրոցը»  նման արդյունք է տվել:

«Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է նաև ԵՊԲՀ  գիտաուսումնական բազա: Ի՞նչ առանձնահատկություններ ունի աշխատանքը երիտասարդ մասնագետների հետ: Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել այս առումով:

Այո, մեր կենտրոնում ներառված են ԵՊԲՀ 3 ամբիոններ՝ ուրոլոգիական, պրոկտոլոգիական և վնասվածքաբանություն/օրթոպեդիան:

Իմ մասնագիտական սկզբունքներից է այն, որ երիտասարդ մասնագետին պետք է սովորեցնել, նրա համար ճանապարհ հարթել, օգնել՝ փորձ ձեռք բերելու և կայացման հարցում: Սրա հիմնական պատասխանատուն ավագն է, ուսուցիչը, և պատասխանատու է երիտասարդ մասնագետի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերացումների համար:

Մեզ մոտ երիտասարդ մասնագետները կրթվում են հիմնականում կլինիկական փորձի հիման վրա: Այս առումով, այսօր շատ մեծ աշխատանք է կատարվում, որպեսզի նրանք մասնակիցը դառնան մեծ, լուրջ վիրահատությունների իրականացման, նորագույն մեթոդների կիրառման… Աշխատում ենք նաև նոր սերնդի միջոցով լրացնել նախկին բացթողումները:

Աշխարհում բժշկական տարբեր ոլորտների նորամուծությունները, հայտնագործությունները և ձեռքբերումներն ինչպե՞ս են ներմուծվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ունե՞ք արտասահմանյան խոշոր գործընկերներ կամ համագործակցություն տեղական բժշկական կենտրոնների հետ:

Իսկապես, բժշկական բոլոր ոլորտներն այսօր զարգանում են շատ արագ ռիթմով, և իհարկե, այդ զարգացմանը հետևելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ: Այս տեսանկյունից, մեր մեծագույն առավելությունն է Իզմիրլյան հիմնադրամի օժանդակությունը:

Զարգացմանը հետամուտ լինելու հարցում, մեր երկրում հիմնական խնդիրը սարքավորումների բացակայությունն է: Բժշկությունն այսօր ապրում է առավել տեխնոկրատ, քան մասնագիտական զարգացում: Շնորհիվ «Իզմիրլյան» հիրմնադրամի և Հայ Բարեգործական Միության՝ մենք ապահովված ենք լաբորատոր ախտորոշման և վիրահատական ամենավերջին սերնդի սարքավորումներով:

Կարևոր է մշտապես ձգտել բարձրանալ որակական նոր աստիճանի, մակարդակի:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի և իմ մասնագիտական սկզբունքներից է նաև մշտապես բաց լինելը յուրաքանչյուր մասնագետի համար: Ցանկացած բժիշկ, ով կցանկանա աշխատել մեր կենտրոնում՝ սիրով հրավիրում եմ: Պատրաստ ենք համագործակցել, տրամադրել մեր հնարավորությունները, լաբորատոր-ախտորոշիչ համակարգը, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատարանը: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, և պատրաստ ենք ջերմորեն ընդունել մեզ հետ համագործակցել ցանկացող յուրաքանչյուր բժշկի:

Կենտրոնում ներդրված է աշխարհում արդեն իսկ մեծ տարածում ունեցող patient-centered համակարգը, որի առանցքային նպատակն այցելուների պահանջների առավելագույնս բավարարումն է՝ բժշկական անձնակազմի, ծառայությունների և սարքավորումների միջոցով: Մանրամասնե՛ք խնդրեմ, ի՞նչ առավելություններ ունի այս համակարգը:

Աշխարհի լավագույն կլինիկաներն ունեն ISO կամ JCI  հավատարմագրում: Մեր առաջնային նպատակներից է ձգտել JCI հավատարմագրման, որպեսզի աշխարհի լավագույն կլինիկաների կողքին հայտնվի նաև մեր բժշկական կենտրոնը: Այս հարցում, մոտեցումները, չափորոշիչներն, իհարկե, խիստ են:

Առաջին քայլերից էր ներդնել Patient-centered համակարգը, որի հիմնական սկզբունքն է «ամեն ինչի կենտրոնում գտնվում է հիվանդը», մյուս կարևորագույն գործոնը՝ հիվանդի անվտանգության ապահովումն է բարձրակարգ սարքավորումների, մանրամասն մշակված աշխատանքային հստակ գործառույթների, սկզբունքների և մասնագիտական ողջ ներուժի օգտագործման շնորհիվ:

Մեր օրերում շատ են հատուկ ուղղություն, մասնագիտացում ունեցող բժշկական կենտրոնները: Ինչպե՞ս է հնարավոր ապահովել գրեթե բոլոր բժշկական ոլորտների որակյալ բուժօգնություն մեկ բժշկական կենտրոնում:

Սա մեզ մոտ հնարավոր է դառնում առաջին հերթին մասնագետի բարձր որակի շնորհիվ, իսկ ժամանակակից սարքավորումները և տեխնիկական հագեցվածությունը միայն օգնում են  նրան իրականացնել մասնագիտական գործունեությունն առավել հարմարավետ պայմաններում:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն՝ ի սկզբանե լինելով Հայաստանում առաջին պրոկտոլոգիական ուղղվածությամբ հիվանդանոցը, ի՞նչ ձեռքբերումներ և նորարարություններ է ներկայացնում այսօր բժշկական հենց այդ ոլորտում:

Ինչպես արդեն հայտնի է՝ պրոկտոլոգիայի ոլորտում այսօր նորարարություն է թութքի ոչ վիրահատական՝ մանիպուլյացիոն եղանակով հեռացումը: Գործողությունն իրականացվում է հատուկ սարքավորման միջոցով՝ հիվանդին հասցնելով նվազագույն «վիրահատական ագրեսիա»:

Իրականացնում ենք նաև պրոկտոլոգիական վերակառուցողական բարդ վիրահատություններ, ընդ որում՝ նմանատիպ վիրահատությունների գերակշիռ մասն իրականացվում է հենց «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Բժշկական թիմում փորձառու, ճանաչված մասնագետների ներգրավումը, նորագույն սարքավորումների առկայությունն արդյո՞ք չի անդրադառնում մատուցվող ծառայությունների մատչելիության վրա:

Նախ, վստահորեն և մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ «Իզմիրլյան» կենտրոնում այսօր ներդրված է բացարձակ «ճերմակ» դրամարկղի սկզբունքը. բժշկի և այցելուի միջև բացառված է ֆինանսական որևէ հարաբերություն:

Ցավոք, որակյալ բժշկությունն այսօր բավականաչափ թանկ է: Մենք աշխատում ենք ոչ միայն վճարովի ծառայությունների սկզբունքով, այլ նաև ունենք պետական պատվերի լայն շրջանակ՝ սոցիալապես անապահով խավին, ուժային կառույցների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին սպասարկելու, անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար: Այստեղ առկա է նաև կենտրոնի անձնակազմի բարոյական բավարարվածության խնդիրը՝ չմերժել որևէ հիվանդի: Սկզբունքային է նաև պետ. պատվերով և վճարովի տարբերակով սպասարկվող հիվանդների մեջ որևէ խտրականության բացառումը:

Իհարկե, հաճախ պատահում է նաև, որ մարդն՝ ըստ օրենքի, ընդգրկված չէ պետական պատվերով բուժօգնություն ստանալու խմբում, սակայն միջոցները սուղ են. վստահեցնում եմ՝ ամեն կերպ փորձում ենք գտնել նրանց օգնելու ճանապարհներ…

Լինելով Առաքելական Սուրբ եկեղեցու կառույց, մշտապես պետք է հիշել՝ մարդն Աստծո արարած է, և մեր կոչումն է հնարավորինս օգտակար և կարեկից լինել:

Պրն. Չարչյան, շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար. անչափ ուրախալի է տեսնել, որ մեր երկրում ունենք նման որակյալ բժշկական գործունեություն իրականացնող և որ ամենակարևորն է՝ բարոյական նման սկզբունքայնությամբ առաջնորդվող բժշկական կենտրոն:

Ես ևս շնորհակալ եմ:

Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում:                                           

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Սկզբնաղբյուր՝ Doctors.am

10 Փետրվարի, 2015